Land Rover-ը կհրաժարվի ամենամատչելի մոդելներից․ Velar–ը և Evoque–ը այլևս չեն արտադրվի (ֆոտո)

Range Rover-ի կվերանայի իր մոդելային շարքը․ երկու ամենամատչելի մոդելները՝ Evoque-ն և Velar-ը, այլևս չեն արտադրվի։ Այս քրոսովերները նոր սերունդ չեն ունենա։

Փոփոխությունների հիմնական պատճառը բրենդի դիրքերը պրեմիում սեգմենտում ամրապնդելու ցանկությունն է։ Land Rover-ում նախապատվությունը տալիս են ավելի խոշոր և թանկարժեք ավտոմեքենաներին, քանի որ հենց դրանք են ապահովում ընկերության հիմնական շահույթը։

Այնուամենայնիվ, ընկերությունը չի պատրաստվում ամբողջությամբ հրաժարվել մատչելի մոդելներից։ Այս հատվածում, ամենայն հավանականությամբ, իրենց տեղը կզբաղեցնեն Discovery ընտանիքի ավտոմեքենաները։ Չի բացառվում նաև կոմպակտ Defender-ի հայտնվելը, թեև դրա մշակումը դեռ պաշտոնապես չի հաստատվել։

Land Rover Velar

Նախնական տեղեկությունների համաձայն՝ երկու մոդելների արտադրությունը կդադարեցվի 2027 թվականին։ Մոտավորապես նույն ժամանակահատվածում արտադրական գծում պետք է հայտնվի նոր ամենագնացը՝ Range Rover GT-ն, որը կդառնա մոդելային ընտանիքի մուտքային տարբերակը։ Land Rover-ում դեռ չեն բացահայտում նորույթի տեխնիկական բնութագրերը։ Փոխարենը ընկերությունը հայտնել է, որ արդեն իսկ նկատում է հետաքրքրություն ապագա մոդելի նկատմամբ։ Ընկերության գնահատմամբ՝ GT-ի հավանական գնորդների մինչև 80%-ն այսօր վարում է այլ ապրանքանիշերի ավտոմեքենաներ։

Կա նաև ավելի լայն համատեքստ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Jaguar Land Rover-ը առաջիկա երկու տարվա ընթացքում նախատեսում է ամբողջ աշխարհում կրճատել շուրջ 4000 աշխատատեղ։ Այս քայլի նպատակը ծախսերը 1,7 միլիարդ ֆունտով (մոտ 2,3 միլիարդ դոլար) կրճատելն ու ընկերության ֆինանսական կայունությունն ամրապնդելն է։

Land Rover Evoque