Սեպտեմբերի 19-ին Chery Jaguar Land Rover (CJLR) համատեղ ձեռնարկությունը չինացի դիլերներին կսկսի մատակարարել Freelander 8 խոշոր plug-in հիբրիդային քրոսովերը։ Freelander 8-ի արտաճանապարհային լավ հնարավորություններն ընդգծելու համար CJLR-ը մեքենան ուղարկել է Տիբեթ, որտեղ այն կարողացել է բարձրանալ 6002,33 մետր բարձրության վրա՝ սահմանելով Գինեսի ռեկորդ հիբրիդային ավտոմեքենաների համար։
Իրականում Freelander 8-ը լիովին կարելի է անվանել ամենագնաց, քանի որ հստակ չափանիշ չկա, որով էլեկտրամոբիլների և plug-in հիբրիդների շարքում հնարավոր լինի տարբերել ամենագնացը քրոսովերից։ Freelander 8-ն ունի կրող թափք, սակայն բոլոր տարբերակներն ունեն երկու էլեկտրաշարժիչ և լիաքարշ համակարգ, իսկ բոլոր համալրումներում, բացի բազային Pro տարբերակից, առկա են նաև միջանիվային դիֆերենցիալների բլոկավորումներ։

Հետևի էլեկտրաշարժիչը միացված է երկաստիճան ռեդուկտորի հետ, որն օգնում է հաղթահարել վերելքները։ Ընդհանուր առմամբ, Freelander 8-ը հաջողությամբ բարձրացել է ծովի մակարդակից ավելի քան վեց կիլոմետր բարձրության վրա և սահմանել Գինեսի ռեկորդ՝ գերազանցելով BYD ընկերության FangChengBao Leopard 5 ամենագնացի նախկին ռեկորդը՝ 5980,05 մետր։
Հիշեցնենք, որ Freelander 8-ը Freelander ապրանքանիշի առաջին մոդելն է, որը ստեղծվել է CJLR-ի հովանու ներքո։ Չինաստանը Freelander-ի համար կլինի հիմնական շուկան, սակայն արդեն մոտ ապագայում Freelander 8-ի մատակարարումները կսկսվեն նաև այլ երկրներ։

2026-ից մինչև 2030 թվականը CJLR-ը շուկա կհաննի Freelander-ի առնվազն վեց նոր մոդել։ Դրանք բոլորը կկառուցվեն Chery-ի հարթակների հիման վրա, իսկ JLR-ը կզբաղվի միայն դիզայնով։ Freelander 8-ի արտադրությունը մեկնարկել է օգոստոսի 3-ին, պաշտոնական պրեմիերան կայացել է օգոստոսի 17-ին, սեպտեմբերի 3-ին հայտարարվել են մանրածախ գները, իսկ մատակարարումները կսկսվեն սեպտեմբերի 19-ին։
Freelander 8-ի ընդհանուր երկարությունը 5118 մմ է, լայնությունը՝ 2050 մմ, բարձրությունը՝ 1898 մմ, իսկ անիվային բազան՝ 3040 մմ։ Գետնից բարձրությունը 220 մմ է, իսկ հաղթահարվող ջրի առավելագույն խորությունը՝ 900 մմ։

Գործարանային անիվները 21 կամ 22 դյույմանոց են։ Պնեվմատիկ կախոցը լիովին անկախ է, կարգավորվող կոշտությամբ։ Առջևի կախոցը երկակի լայնակի լծակներով է, իսկ հետևինը՝ բազմալծակային։ Շասսին ունի լիակառավարվող համակարգ․ հետևի անիվները կարող են շրջվել մինչև 10 աստիճան անկյան տակ՝ նվազեցնելով շրջադարձի շառավիղը։
Արդեն բազային տարբերակում Freelander 8-ը համալրված է լիդարով և հզոր Qualcomm Snapdragon 8397 պրոցեսորով, որն անհրաժեշտ է SAE դասակարգմամբ երկրորդ մակարդակի ավտոպիլոտի աշխատանքի համար։

Freelander 8-ի ուժային համակարգը միայն plug-in հիբրիդային է։ Առջևում տեղադրված 1,5 լիտրանոց բենզինային տուրբոշարժիչը զարգացնում է 156 ձիաուժ և մեխանիկորեն կապված չէ անիվների հետ։ Այն աշխատում է որպես գեներատոր և լիցքավորում է 60,33 կՎտ⋅ժ տարողությամբ մարտկոցը։
Ինչպես նշեցինք վերևում, անիվները պտտեցնում են երկու էլեկտրաշարժիչները։ Առջևի էլեկտրաշարժիչը զարգացնում է 360 կՎտ (490 ձիաուժ) և 338 Ն/մ ոլորող մոմենտ, իսկ հետևինը՝ 250 կՎտ (340 ձիաուժ) և 475 Ն/մ։ Ուժային համակարգի առավելագույն ընդհանուր հզորությունը կազմում է 610 կՎտ (830 ձիաուժ), իսկ առավելագույն համակցված ոլորող մոմենտը՝ 813 Նմ։

0-ից 100 կմ/ժ արագացումը տևում է 4,6 վայրկյան, իսկ առավելագույն արագությունը կազմում է 220 կմ/ժ։ Միայն մեկ լիցքավորմամբ, առանց ներքին այրման շարժիչի գործարկման, երթևեկության պաշարը կազմում է 310 կմ՝ CLTC ցիկլով, կամ 221 կմ՝ WLTP ցիկլով։ Մեքենայի սեփական զանգվածը 2980 կգ է, իսկ քարշակվող կցորդի թույլատրելի առավելագույն զանգվածը՝ 2000 կգ։
Freelander 8-ի սրահը կարող է ունենալ երկշարք (հինգ տեղ) կամ եռաշարք (վեց տեղ) դասավորություն։ Առջևի վահանակի վերին հատվածում տեղադրված է 46,3 դյույմանոց էկրան՝ 8K թույլատրությամբ, իսկ կենտրոնական մուլտիմեդիա էկրանի չափը 15,6 դյույմ է։

Երկրորդ և երրորդ շարքերի ուղևորների համար նախատեսված է առանձին 17,3 դյույմանոց առաստաղային էկրան։ Ստանդարտ Harman Kardon աուդիոհամակարգն ունի 23 բարձրախոս։ Հարուստ համալրումներով տարբերակներում առկա է նաև սրահում տեղադրված 10 լիտրանոց սառնարան։
Չինաստանում հինգտեղանոց Freelander 8 Pro-ի բազային տարբերակի գինը սկսվում է 289 900 յուանից (մոտ 43 200 ԱՄՆ դոլար), իսկ վեցտեղանոց քրոսովերի սահմանափակ First Edition տարբերակի համար անհրաժեշտ է վճարել առնվազն 439 900 յուան (մոտ 65 500 ԱՄՆ դոլար)։
















