Բրիտանական շքեղ ավտոմեքենաներ արտադրող ընկերության առաջին սերիական էլեկտրամոբիլի ընթացքի պաշարը մեկ լիցքավորմամբ կազմում է մինչև 600 կմ։
Bentley ընկերությունը սեփական էլեկտրամոբիլ ստեղծելու մասին սկսել էր մտածել մի քանի տարի առաջ։ Այդ ուսումնասիրությունների արդյունքը դարձավ EXP 15 կոնցեպտը, որը ներկայացվեց 2025 թվականի հուլիսին։ Հենց այն դարձավ ապրանքանիշի առաջին սերիական, ամբողջովին էլեկտրական մոդելի նախակարապետը։ Սակայն, հակառակ սպասումներին, նորույթը ստացավ Torcal անվանումը։ Հիշեցնենք, որ սկզբում ենթադրվում էր, որ նոր մոդելը կկոչվի Barnato՝ ի պատիվ Վուլֆ Բարնատոյի, որը Bentley-ի պատմության առանցքային դեմքերից մեկն էր։
Bentley EXP 15 կոնցեպտը

Այնուամենայնիվ, սերիական էլեկտրամեքենան ստացավ Bentley Torcal անվանումը։ Այն անվանակոչվել է ի պատիվ Իսպանիայի Մալագա նահանգում գտնվող Տորկալ դե Անտեկերա (El Torcal de Antequera) ազգային արգելոցի։ Բացի այդ, անվանումը հնչողությամբ մոտ է անգլերեն torque բառին, որը թարգմանվում է որպես «պտտող մոմենտ»։ Այժմ ընկերությունը լիովին բացահայտել է նոր մոդելի մանրամասները։
Bentley-ի էլեկտրական քրոսովերը ներկայացվել է երկու տարբերակով՝ ստանդարտ Torcal և բարձրակարգ Torcal S։ Երկու տարբերակներն էլ համալրված են երկու էլեկտրաշարժիչով ուժային համակարգով։
Առաջին դեպքում համակարգի ընդհանուր հզորությունը կազմում է 821 ձիաուժ, իսկ առավելագույն պտտող մոմենտը՝ 1194 Ն·մ։ Տեղից մինչև 100 կմ/ժ արագություն զարգացնելու համար այս ամենագնացին անհրաժեշտ է 3,4 վայրկյան, իսկ առավելագույն արագությունը կազմում է 250 կմ/ժ։

Իր հերթին, Bentley Torcal S-ի էլեկտրական ուժային համակարգն ապահովում է 888 ձիաուժ հզորություն և 1350 Ն·մ պտտող մոմենտ։ Բարձրակարգ տարբերակը 100 կմ/ժ արագությունը զարգացնում է 2,9 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը սահմանափակված է 260 կմ/ժ-ով։
Մոդելն ունի 800 վոլտ լարման էլեկտրական ճարտարապետություն և 113 կՎտ·ժ օգտակար տարողությամբ քարշային մարտկոց։ Մեկ լիցքավորմամբ ընթացքի առավելագույն պաշարը կազմում է 600 կմ՝ WLTP չափման ցիկլի համաձայն։ Արագ լիցքավորման դեպքում, երբ հզորությունը հասնում է 400 կՎտ-ի, Torcal-ի մարտկոցը 10%-ից մինչև 80% լիցքավորելու համար պահանջվում է 20 րոպեից պակաս ժամանակ։ Ընդամենը 7 րոպեում հնարավոր է մարտկոցը լիցքավորել այնքան, որ մեքենան կարողանա անցնել 100 մղոն (կամ 161 կմ) ճանապարհ։

Ընկերությունում նշել են, որ Bentley Torcal-ի ընդհանուր երկարությունը մոտ հինգ մետր է։ Բեռնախցիկի ծավալը կազմում է 460 լիտր, իսկ կապոտի տակ տեղադրված լրացուցիչ պահոցինը՝ 90 լիտր։ Էլեկտրամեքենան ստացել է երկհարկանի առջևի լուսարձակներ՝ ցերեկային լույսերի նեղ շերտերով, ռադիատորի ճաղավանդակի փոխարեն տեղադրված լուսավորվող ուղղանկյուն վահանակ և առջևի բամպերի ստորին հատվածում գտնվող ցանցանման օդամուտք։
Մեքենայի հետևի հատվածում տեղադրված են նեղ, հորիզոնական երկարավուն լապտերներ և բեռնախցիկի դռան վերին մասում գտնվող սպոյլեր։ Կողքից տեսանելի են սովորական դռների բռնակներն ու արտաքին հայելիները, ինչպես նաև ինքնատիպ անվահեծերը՝ ստանդարտ Torcal-ի համար 21 դյույմ, իսկ Torcal S-ի համար՝ 22 դյույմ տրամագծով։

Torcal S-ը ունի նաև այլ դեկորատիվ ներդիրներ, արտաքին հայելիների սև պատյաններ, մգեցված լապտերներ և հատուկ տարբերանշաններ։ Սրահում կիրառվում են պաստառապատման այլ նախշեր և սպորտային ոճի ոտնակների ծածկույթներ։
Սրահի հարդարման համար օգտագործվում են կաշի, մորթի, շպոն և ալյումին։ Վարորդի առջև տեղադրված է ֆիզիկական կոճակներով եռաճյուղ ղեկ, որի հետևում գտնվում է թվային գործիքային վահանակը։ Կենտրոնական վահանակին տեղադրված է մուլտիմեդիա համակարգի կոր սենսորային էկրանը։
Մոդելը համալրվում է 16 կամ 28 բարձրախոսով աուդիոհամակարգով։ Առջևի նստատեղերն ունեն 16 ուղղություններով կարգավորման հնարավորություն, տաքացման, օդափոխության և մերսման գործառույթներ։ Հետևի բազմոցը նախատեսված է երեք ուղևորի համար և ունի էլեկտրական ծալման համակարգ, որն առաջին անգամ է կիրառվում Bentley-ի ավտոմեքենաներում։

Bentley Torcal-ն ունի վարորդին աջակցող ժամանակակից ADAS համակարգեր, տանիքի բացվածք, ադապտիվ երկփական ամորտիզատորներ և շարժիչի աշխատանքի ձայնային նմանակման գործառույթ։
Որպես լրացուցիչ տարբերակ հասանելի են ածխակերամիկական արգելակներ՝ համապատասխանաբար 440 և 410 մմ տրամագծով սկավառակներով։ Երկու տարբերակների արգելակային տրամաչափերը հասանելի են սև, կարմիր կամ մոխրագույն գույներով։
Bentley Torcal-ի սերիական արտադրությունը կսկսվի 2027 թվականի սկզբին՝ Մեծ Բրիտանիայի Կրյու քաղաքում գտնվող գործարանում։ Նոր մոդելի մեկնարկային գինը բրիտանական ներքին շուկայում կազմում է 173 330 ֆունտ ստեռլինգ, ինչը ներկայիս փոխարժեքով համարժեք է մոտ 231 000 ԱՄՆ դոլարին։












