Tesla-ն 2027 թվականին կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը, X սոցիալական ցանցում կատարած գրառմամբ հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն և խոշորագույն բաժնետեր Իլոն Մասկը (ըստ Forbes-ի՝ աշխարհի ամենահարուստ մարդը՝ 849,7 միլիարդ դոլար կարողությամբ)։ Մասկի խոսքով՝ այս որոշումը հնարավորություն կտա մեծացնել Cybercab-ի արտադրությունը։ Խոսքը Tesla-ի կողմից որպես ռոբոտաքսի մշակված երկտեղանի ինքնավար ավտոմեքենաների մասին է, որոնք արդեն ստացել են առանց վարորդի շահագործման թույլտվություն։
The Wall Street Journal-ը գրում է, որ սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ Tesla-ն վերափոխում է իր բիզնեսի ուղղությունը՝ ավանդական ավտոմեքենաների վաճառքից անցում կատարելով դեպի ինքնավար տրանսպորտային միջոցներ և ռոբոտաշինություն։ Ավելի վաղ Մասկը հայտարարել էր նաև Tesla Model S և Model X սեդանների արտադրությունը դադարեցնելու մասին։
Այսպիսով Tesla-ի մոդելների շարքում կմնան ընդամենը երկու՝ վարորդի կողմից կառավարվող ավտոմեքենաներ՝ Model 3-ը և Model Y-ը։
Իլոն Մասկը ֆուտուրիստական դիզայնով Cybertruck էլեկտրական պիկապն անվանել «Tesla-ի պատմության լավագույն արտադրանքը»։ Նա պնդում էր, որ ավտոմեքենան իր բնութագրերով կարող է գերազանցել Porsche 911-ին։ Մասկը նաև հրապարակել էր տեսանյութ, որտեղ պիկապը քարշակման մրցույթում հաղթում էր պարանով իրեն ամրացված Ford բեռնատարին։ Բացի այդ, հայտարարվում էր, որ Cybertruck-ի թափքը կարող է դիմակայել 9 մմ տրամաչափի ատրճանակի փամփուշտներին, իսկ ապակիներն ունեն զրահապաշտպան հատկություններ։
Սակայն, յուրահատուկ դիզայնի և չժանգոտվող պողպատից պատրաստված թափքի պատճառով Cybertruck-ի արտադրությունը վերածվել էր բարդ և երկարատև գործընթացի։ Դրա մեկնարկային գինը կազմել էր 61 000 ԱՄՆ դոլար, մոտ 21 000 դոլարով ավելի, քան ի սկզբանե խոստացել էր Մասկը։ Ինքը՝ միլիարդատերը, ավելի ուշ խոստովանել էր, որ Tesla-ն Cybertruck-ի թողարկմամբ «ինքն իր գերեզմանն է փորել»։
Motor Intelligence-ի տվյալներով՝ 2023 թվականից ի վեր Tesla-ն վաճառել է Cybertruck-ի 73 000-ից մի փոքր պակաս օրինակ։ Համեմատության համար Ford-ը միայն 2026 թվականի հոկտեմբերին վաճառել է նույնքան F-Series պիկապ։ Բացի այդ, The Wall Street Journal-ի տվյալներով, 2026 թվականի սկզբից Cybertruck-ի վաճառքները նվազել են 22%-ով։




