13 տարում վարորդական իրավունքից կրկնակի զրկվել է 6659 անձ․ ինչո՞ւ են զրկվում մեքենա վարելու իրավունքից

Fip.am–ը գրում է․

Հայաստանում վերջին տարիներին ճանապարհային երթևեկության ոլորտում միաժամանակ երկու միտում է նկատվում․ ավելանում են ճանապարհատրանսպորտային պատահարների և արձանագրվող իրավախախտումների թվերը, մինչդեռ ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) հետևանքով զոհերի թիվը նվազում է։

Զուգահեռաբար էականորեն աճել է վարորդական իրավունքից զրկվող անձանց թիվը։ Միայն 2025 թվականին վարորդական իրավունքից զրկվել է 5435 անձ, իսկ 2026 թվականի առաջին կիսամյակում՝ ևս 2663-ը։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է վերջին տարիների վիճակագրությունը՝ հասկանալու, թե ինչպես են փոխվել ՃՏՊ-ների, զոհերի և վարորդական իրավունքից զրկումների ցուցանիշները, և արդյոք դրանք բավարար են վերահսկողության խստացման ու մահացության նվազման միջև պատճառահետևանքային կապի մասին խոսելու համար։

Պատահարների ու վիրավորների թիվն աճում են, զոհերինը՝ նվազում

Հայաստանում տարեցտարի ավելանում է հաշվառված տրանսպորտային միջոցների թիվը։ Եթե 2014 թվականին հանրապետությունում հաշվառված էր շուրջ 482 հազար տրանսպորտային միջոց, ապա 2025-ին այն մոտեցել է 1 միլիոնին։

Տրանսպորտային միջոցների թվի աճին զուգահեռ, ավելացել են նաև ՃՏՊ-ները։

ՆԳՆ տվյալների համաձայն՝ 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է 2146 ճանապարհատրանսպորտային պատահար՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 2072-ի դիմաց։ Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում պատահարների թիվն աճել է 74-ով կամ 3,6%-ով։

Աճել է նաև վիրավորների թիվը՝ (2025 առաջին կիսամյակին գրանցված 3041 դեպքից 2026-ի նույն ժամանակահատվածում՝ հասնելով 3113-ի։ Այսինքն՝ վիրավորների թիվն ավելացել է 72-ով կամ 2.4%-ով։

Սակայն զոհերի վիճակագրությունն այլ պատկեր է ցույց տալիս։

2024 թվականի առաջին կիսամյակում ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 145 մարդ, 2025-ի նույն ժամանակահատվածում՝ 118, իսկ 2026-ի վեց ամիսների ընթացքում այդ թիվը 114 է։

Այսպիսով, 2026 թվականին 2025-ի համեմատ զոհերի թիվը նվազել է 4-ով կամ շուրջ 3.4%-ով, իսկ 2024 թվականի համեմատ՝ 31-ով կամ 21.4%-ով։

Այսինքն՝ վերջին տարիներին ՃՏՊ-ների և վիրավորների թվի աճը չի ուղեկցվել զոհերի թվի աճով։

Պատկերը՝ ըստ տարիների

2016 — 267 զոհ

2017 — 279 զոհ

2018 — 343 զոհ

2019 — 341 զոհ

2020 — 348 զոհ

2021 — 368 զոհ (Պարեկային ծառայության գործարկման սկիզբ)

2022 — 321 զոհ

2023 — 378 զոհ (Պարեկային ծառայությունը ՀՀ ամբողջ տարածքում)

2024 — 333 զոհ

2025 — 283 զոհ

ՆԳՆ-ն նվազումը կապում է Պարեկային ծառայության հետ

ՆԳՆ-ի գնահատմամբ՝ նման պատկերի ձևավորումը գլխավորապես պայմանավորված է Պարեկային ծառայության գործունեության արդյունավետությամբ, պարեկների կողմից վերահսկողության ուժեղացմամբ և ՃՏՊ-ների կանխարգելմանն ուղղված համակարգային լուծումներով։

Որպես հիմնավորում նախարարությունը նշում է, որ Պարեկային ծառայությունը հանրապետության ամբողջ տարածքում սկսել է գործել 2023 թվականի հոկտեմբերից, և սկսած 2024-ից և հաջորդ տարիներից արձանագրվել է զոհերի թվի նվազում։

ՆԳՆ տվյալների համաձայն՝ 2024 թվականի առաջին կիսամյակում միայն պարեկների կողմից, առանց ճանապարհներին տեղադրված ստատիկ արագաչափերի տվյալների, արձանագրվել էր արագության գերազանցման շուրջ 41 հազար դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի շուրջ 4 հազարի դիմաց։

Նույն ժամանակահատվածում արձանագրվել էր ոչ սթափ վիճակում մեքենա վարելու շուրջ 10 հազար դեպք՝ նախորդ տարվա 7500-ի դիմաց, իսկ առանց ամրագոտու մեքենա վարելու՝ շուրջ 86 հազար դեպք՝ նախորդ տարվա 25 հազարի համեմատ։

Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը դեռ 2024 թվականին այս աճը բացատրել էր երկու հանգամանքով՝ Պարեկային ծառայությունն արդեն գործում էր ամբողջ հանրապետությունում և ավելի մեծ ուշադրություն էր դարձվում վթարածին կամ ծանր հետևանքներ առաջացնող խախտումներին։

Ամրագոտին՝ մահացության նվազեցման գործոն

ՆԳՆ-ն առանձնացնում է նաև ամրագոտիների կիրառման նկատմամբ վերահսկողությունը։

Ի տարբերություն արագության գերազանցման կամ մի շարք այլ խախտումների՝ ամրագոտի չկապելու դեպքերը Հայաստանում տեխնիկական միջոցներով չեն արձանագրվում։ Հետևաբար դրանց նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են պարեկները։

2025 թվականին Պարեկային ծառայությունը արձանագրել էր առանց ամրագոտու մեքենա վարելու շուրջ 230 հազար դեպք՝ մեկ տարի առաջվա շուրջ 188 հազարի համեմատ։

2025-ին 5435 վարորդ զրկվել է մեքենա վարելու իրավունքից

Վերահսկողության խստացման մյուս ցուցանիշը վարորդական իրավունքից զրկումների աճն է։

2025 թվականին Պարեկային ծառայությունը ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ կազմել է շուրջ 1 միլիոն վարչական իրավախախտման արձանագրություն։ Դրանց արդյունքում վարորդական իրավունքից զրկվել է 5435 անձ։ 2024 թվականին այդ թիվը 5696 էր։

Կարդացեք նաև — Մեկ տարում 5450 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից․ խստացված վերահսկողությո՞ւն, թե՞ ճանապարհային անվտանգության նոր մոտեցում

Համեմատության համար՝ նախկին Ճանապարհային ոստիկանության համակարգում երեք տարվա ընթացքում վարելու իրավունքից տարեկան միջինում զրկվել էր 764 անձ։ 2026 թվականի առաջին վեց ամիսներին Պարեկային ծառայությունն արդեն կազմել է շուրջ 523 հազար վարչական իրավախախտման արձանագրություն, որոնց արդյունքում վարորդական իրավունքից զրկվել է ևս 2663 անձ։

Հատկանշական է, որ 2025 թվականին իրավունքից զրկված 5435 վարորդներից 4899-ը կամ շուրջ 90%-ը զրկվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար։

Ամբողջական նյութը՝ Fip.am-ում։