Վերջերս հայտնի դարձավ, որ Hyundai-ն պատրաստում է լիարժեք սպորտային տարբերակ՝ N ինդեքսով, որը կստեղծվի հինգերորդ սերնդի Tucson քրոսովերի հիման վրա։ Ինչպիսի՞ տեսք կունենա այն։
Tucson մոդելն առաջին անգամ կորեական ավտոարտադրողի մոդելային շարքում հայտնվեց 2004 թվականին։ Այն կիսում էր պլատֆորմը Hyundai Elantra-ի և Kia Sportage-ի հետ, իսկ քրոսովերի անվանումը կապված է ԱՄՆ Արիզոնա նահանգի Տուսոն քաղաքի հետ։
Մի քանի օր առաջ կայացավ հանրահայտ քրոսովերի հինգերորդ սերնդի պրեմիերան, սակայն առայժմ առանց տեխնիկական մանրամասների։ Դրանց մասին Hyundai-ն կպատմի առաջիկայում՝ մոդելի լիարժեք շնորհանդեսի ժամանակ։
Քրոսովերի առաջին չորս սերունդներում լիարժեք N տարբերակ չի եղել։ Երրորդ և չորրորդ սերունդներում ներկայացվել է միայն «սպորտային» N Line մոդիֆիկացիան։ Այժմ, սակայն, հայտնի է, որ հինգերորդ սերնդի հիման վրա նման տարբերակ կստեղծվի։

Առայժմ քրոսովերի արտաքին տեսքի վերաբերյալ որևէ մանրամասն չկա, սակայն կարելի է կողմնորոշվել ընկերության մյուս N մոդելների դիզայնով։ Առջևի հատվածում կարելի է ակնկալել ավելի ագրեսիվ բամպեր՝ մեծ օդամուտքով և կոնտրաստային սև դետալներով։ Tucson N-ը, ամենայն հավանականությամբ, կստանա նաև շեմերի նոր ձևավորում և ավելի մեծ տրամագծով անիվների սկավառակներ։
Ռենդերներում պատկերված քրոսովերը ստացել է թափքի գույնով ներկված անիվների կամարների ձևավորող դետալներ և նոր հետևի բամպեր, որի ներքևում տեղադրված են արտանետման համակարգի երկու կլոր ելքեր։
Նախնական տվյալների համաձայն՝ Hyundai Tucson N-ը համալրված կլինի հիբրիդային ուժային համակարգով, որի հիմքում կգտնվի 1,6 լիտրանոց բենզինային տուրբոշարժիչը և հետևի առանցքի վրա տեղադրված էլեկտրաշարժիչը։ Ընդհանուր հզորությունը կկազմի մոտ 300 ձիաուժ։
Համեմատության համար նշենք, որ չորրորդ սերնդի ամենահզոր Tucson-ը հիբրիդային HEV տարբերակում (առանց էլեկտրական ցանցից լիցքավորման հնարավորության), որի հիմքում նույնպես 1,6 լիտրանոց տուրբոշարժիչն է, զարգացնում է 235 ձիաուժ։
Նոր Hyundai Tucson N-ի պրեմիերան սպասվում է հաջորդ տարի։ Միևնույն ժամանակ, այս ամսվա սկզբին մեկնարկել են նոր սերնդի Hyundai Elantra սեդանի վաճառքները։



