Toyota Camry-ն երբեք չի առանձնացել վարելիս էմոցիաները խթանելու իր ունակությամբ, սակայն այն բազմիցս արժանացել է մրցանակների՝ մատչելիության, ընդարձակ սրահի և արդյունավետության իր յուրահատուկ համադրության համար։
Վերջինս առավելագույնի հասցնելու նպատակով՝ 2026 թվականի Camry-ն առաջարկվում է բացառապես հիբրիդային տարբերակով՝ երկու ուժային համակարգի ընտրությամբ։ Ստանդարտ 225 ձիաուժ հզորությամբ և առջևի քարշակով տարբերակը վառելիքի առավելագույն խնայողություն է ապահովում, իսկ 232 ձիաուժ հզորությամբ լիաքարշակ տարբերակը թույլ է տալիս բարձրացնել հզորությունը՝ առանց վառելիքի արդյունավետության զգալի կորստի։ Հարմարավետ և ընդարձակ սրահով, ինչպես նաև մատչելի մեկնարկային գնով՝ Camry-ն ունի ընտանեկան սեդանին բնորոշ բոլոր հիմնական առավելությունները։

2026 թվականին Camry-ի շարքում ներկայացվում է նոր Nightshade համալրումը, որը հիմնված է SE տարբերակի վրա։ Ինչպես հուշում է անվանումը, Nightshade-ն առանձնանում է մուգ ոճավորմամբ՝ Midnight Black Metallic արտաքին դետալներով, յուրահատուկ 19-դյույմանոց անիվներով և փայլուն սև տարբերանշաններով։
Այն նաև համալրված է նույն ավելի սպորտային կախոցի կարգավորմամբ, որն օգտագործվում է SE և XSE տարբերակներում։ Նոր համալրումից բացի, SE, XLE և XSE տարբերակներն այժմ հասանելի են նաև նոր Dark Cosmos արտաքին գույնով։

Շարժիչ, փոխանցման տուփ և դինամիկա
Camry Hybrid-ի համար հասանելի է երկու հիբրիդային ուժային համակարգ՝ մեկը առջևի, իսկ մյուսը՝ բոլոր չորս անիվների շարժաբերությամբ։
Առջևի քարշակով տարբերակները համալրված են 2,5 լիտրանոց չորս գլանային բենզինային շարժիչով և երկու էլեկտրաշարժիչով, որոնք միասին զարգացնում են 225 ձիաուժ։ Լիաքարշակ տարբերակում ավելացվում է ևս մեկ էլեկտրաշարժիչ, որը շարժման մեջ է դնում հետևի անիվները, ինչի արդյունքում ընդհանուր հզորությունը հասնում է 232 ձիաուժի։

Երկու տարբերակներում էլ ստանդարտ է վարիատոր փոխանցման տուփը՝ CVT։
Այս ուժային համակարգերը նման են Toyota Prius-ում օգտագործվողներին, սակայն Camry-ում Prius-ի 2,0 լիտրանոց շարժիչի փոխարեն օգտագործվում է ավելի մեծ՝ 2,5 լիտրանոց բենզինային շարժիչ։
Փորձարկման ժամանակ հիբրիդային համակարգն աչքի է ընկել քաղաքային պայմաններում իր արագ արձագանքով, ինչը հիմնականում ապահովվում է էլեկտրաշարժիչների ուժեղ քարշով։

SE, XSE և Nightshade տարբերակներն ունեն ավելի սպորտային կարգավորմամբ կախոց։ XSE-ի փորձարկման ժամանակ նկատվել է, որ ոլորաններում մեքենան ավելի լավ է վերահսկում թափքի շարժումները։ Սակայն ղեկային համակարգը առանձնապես տպավորիչ չէ, քանի որ այն վարորդին բավարար չափով չի փոխանցում ճանապարհի և ղեկի հետադարձ կապը։
Լիաքարշակ Camry XSE AWD-ն 0-ից մինչև 60 մղոն/ժ (մոտ 97 կմ/ժ) արագացել է 6,8 վայրկյանում, մինչդեռ առջևի քարշակով Camry Nightshade-ը նույն արագությանը հասել է 7,0 վայրկյանում։ Այս արդյունքների համաձայն՝ Camry-ն զգալիորեն ավելի արագ է, քան Hyundai Sonata-ն, սակայն փոքր-ինչ զիջում է Accord Hybrid-ին։

Վառելիքի ծախս
E2026 թվականի Camry-ի առջևի քարշակով LE տարբերակն ամենատնտեսողն է։ Այն քաղաքային պայմաններում ծախսում է 4.52 լիտր բենզին 100 կմ–ի համար, իսկ մայրուղում՝ 4.8 լիտր։ Լիաքարշակ տարբերակի ցուցանիշները համապատասխանաբար կազմում են 4.7 լիտր բենզին 100 կմ քաղաքում և 4․8 լիտր մայրուղում։
Ամենաբարձր համալրմամբ XSE AWD-ն ամենաքիչ տնտեսող տարբերակն է՝ 4.52 լիտր բենզին 100 կմ–ի համար քաղաքում և նույնքան մայրուղում։

Սրահ, հարմարավետություն և բեռնախցիկ
Camry Hybrid-ի ընդարձակ սրահում ինչպես առջևի, այնպես էլ հետևի նստատեղերում մեծահասակների համար բավականաչափ տարածք կա հարմարավետ տեղավորվելու համար։ Վահանակի դիզայնում առանձնանում է մեծ դեկորատիվ հատվածը, որը ձգվում է ուղևորի կողմից մինչև մուլտիմեդիա էկրանը։
Ստանդարտ են կտորե նստատեղերը, ինչպես նաև երկգոտի ավտոմատ կլիմատ-կոնտրոլը՝ հետևի ուղևորների համար նախատեսված օդանցքներով։

XLE և XSE տարբերակներն ավելացնում են կաշվե նստատեղեր, որոնք նաև տաքացվող են, տաքացվող ղեկ, սրահի ambient լուսավորություն, ձայնամեկուսիչ շերտով ապակի, ավտոմատ մգացող հետին տեսադաշտի հայելի և հետևի նստատեղերի կարգավորվող գլխակալներ։
Բեռնախցիկում տեղավորվում է 7 ձեռքի ուղեբեռի ճամպրուկ, իսկ հետևի նստատեղերը ծալելու դեպքում՝ 19 նման ճամպրուկ։ Այս ցուցանիշը մոտավորապես համապատասխանում է Honda Accord-ի բեռնատարողությանը։

Մուլտիմեդիա և կապի հնարավորություններ
Ստանդարտ մուլտիմեդիա համակարգը համալրված է 8,0 դյույմանոց էկրանով, սակայն SE տարբերակի համար որպես լրացուցիչ հնարավորություն առաջարկվում է ավելի մեծ՝ 12,3 դյույմանոց էկրան։ XLE և XSE տարբերակներում 12,3 դյույմանոց էկրանն արդեն ստանդարտ է։
Երկու էկրաններն էլ աշխատում են Toyota-ի վերջին սերնդի ծրագրային ինտերֆեյսով, որն աչքի է ընկնում պարզ և ինտուիտիվ կառավարմամբ, ինչպես նաև արագ արձագանքով։ Բոլոր տարբերակները նաև ունեն թվայնացված գործիքների վահանակ, սակայն միայն XLE և XSE համալրումներն են ստանում ավելի մեծ՝ 12,3 դյույմանոց ամբողջությամբ թվային վահանակ։
Apple CarPlay-ն ու Android Auto-ն ստանդարտ են բոլոր տարբերակներում և բոլոր համալրումներում աշխատում են անլար եղանակով։ Իսկ 9 բարձրախոսով JBL աուդիոհամակարգը հասանելի է որպես լրացուցիչ տարբերակ՝ միայն XLE և XSE համալրումների համար։

Անվտանգություն և վարորդին օժանդակող համակարգեր
Բոլոր Camry Hybrid-ները ստանդարտ համալրմամբ ունեն վարորդին օժանդակող անվտանգության համակարգերի լայն փաթեթ։ Այն ներառում է հետիոտների և հեծանվորդների հայտնաբերմամբ ավտոմատ վթարային արգելակում, ավտոմատ բարձր լույսերի կառավարում, ադապտիվ կրուիզ-կոնտրոլ, ինչպես նաև համակարգ, որն օգնում է վարորդին նախապատրաստվել ոլորաններին՝ անհրաժեշտության դեպքում մեղմորեն կիրառելով արգելակները։
- Հետիոտների և հեծանվորդների հայտնաբերմամբ ավտոմատ վթարային արգելակում
- Գոտուց դուրս գալու մասին նախազգուշացում և գոտում պահելու համակարգ
- Ադապտիվ կրուիզ-կոնտրոլ՝ գոտու կենտրոնում մեքենան պահելու գործառույթով
2026 թվականի Toyota Camry-ի գինը սկսվում է 30 895 դոլարից և, կախված համալրումից ու ընտրված տարբերակներից, հասնում է 37 295 դոլարի։




















