Ապրիլի 1-ից ԱՊՊԱ-ի հատուցման գումարները կավելանան

Ապրիլի 1-ից ԱՊՊԱ համակարգում ուժի մեջ են մտնում նոր փոփոխությունները:

Կատարված փոփոխություններով բարձրացվել են ապահովագրական գումարները՝ հատուցման առավելագույն սահմանաչափերը, հայտնում է Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոն:

Գույքին պատճառված վնասների համար գործող 1,800,000 դրամի փոխարեն սահմանվել է 2,500,000 դրամ, իսկ անձնական վնասների համար գործող 3,300,000 դրամի փոխարեն սահմանվել է 3,500,000 դրամ։

Միաժամանակ, գործող կարգավորումների տրամաբանությունը պահպանելու նպատակով մեկ ապահովագրական պատահարի հետևանքով բոլոր տուժողներին պատճառված վնասների հանրագումարի համար նախատեսված ապահովագրական գումարները նույնպես բարձրացվել են համամասնորեն՝ համապատասխանաբար սահմանվելով 25,000,000 և 35,000,000 դրամ։

«Կատարված փոփոխությունները պայմանավորված էին այն հանգամանքով, որ գործող ապահովագրական գումարները համահունչ չեն առկա իրողություններին և չեն ծածկում ԱՊՊԱ ոլորտում առաջացող վնասների զգալի մասը, մինչդեռ փոփոխությունները հնարավորություն կընձեռեն առավել ամբողջական պաշտպանել տուժողների շահերը»,- ասվում է բյուրոյի հաղորդագրության մեջ։