MINI Countryman-ը ներկայացրել է արտաճանապարհային Untamed տարբերակը (ֆոտո)

Mini Countryman Untamed Edition-ը նախատեսված է բացօթյա հանգստի սիրահարների, ինչպես նաև նրանց համար, ում պարզապես դուր է գալիս արկածային քրոսովերներին բնորոշ կոպիտ ու արտահայտիչ դիզայնը։ Mini Countryman-ի երրորդ սերնդի արկածային տարբերակի մասին հայտարարվել էր այս տարվա հուլիսին, իսկ այս շաբաթ ԱՄՆ-ում կայացել է դրա պաշտոնական շնորհանդեսը։ Նոր տարբերակը ստացել է Untamed անվանումը, որը անգլերենից թարգմանաբար նշանակում է «չընտելացված», «անզուսպ», «վայրի»։

Շնորհանդեսի անցկացման վայրը պատահական չի ընտրվել․ հենց ԱՄՆ-ում են վերջին տարիներին մեծ ժողովրդականություն ձեռք բերում քրոսովերների արկածային տարբերակները, որոնք նախատեսված են վատ ճանապարհներով և արտաճանապարհային պայմաններում երթևեկելու համար։ Մինչ այս Mini Countryman-ը նման տարբերակ չուներ։ Մինչդեռ այս տարվա առաջին երեք եռամսյակների ընթացքում բրիտանական ապրանքանիշի վաճառքները ԱՄՆ-ում նվազել են 7,4%-ով՝ հասնելով 20 248 ավտոմեքենայի։ Countryman Untamed Edition-ը կփորձի շտկել վաճառքների նվազման միտումը։

Untamed տարբերակը մշակվել է իտալական Autohome վրաններ արտադրող ընկերության և հարավկորեական Helinox զբոսաշրջային հանդերձանք արտադրողի հետ համագործակցությամբ։ Վրանը տեղադրվում է մեքենայի տանիքին և գազային ամորտիզատորների շնորհիվ բացվում ընդամենը մի քանի վայրկյանում։ Տանիքի վրա թույլատրելի ստատիկ բեռնվածությունը կազմում է 300 կգ։ Helinox-ը Mini Countryman Untamed Edition-ի համար մշակել է ծալովի սեղանների և աթոռների հավաքածու՝ պիկնիկների համար։

Ինքը՝ քրոսովերը, ստացել է յուրահատուկ պաշտպանիչ պլաստիկ թափքի հավելյալ տարրեր և պատվել է պաշտպանիչ, տեքստուրային թաղանթով։ Անիվների կամարները վինիլային կպչուն պիտակների միջոցով ստացել են տեսողականորեն ավելի քառակուսի ձև։ Ռադիատորի ճաղավանդակը համալրվել է խիստ տեսք հաղորդող ուղղահայաց ձողերով, իսկ մեքենայի հատակամասը՝ լրացուցիչ պաշտպանությամբ։ Գետնից բարձրությունը մեծացվել է 15–19 մմ-ով՝ կախված ընտրված ուժային համակարգից (բենզինային, դիզելային կամ էլեկտրական)։ Միևնույն ժամանակ, Եվրոպայում գետնից ավելացված բարձրությունը հասանելի է միայն էլեկտրական տարբերակների համար, իսկ բենզինային և դիզելային տարբերակները պահպանել են ստանդարտ քլիրենսը։ Հատուկ դիզայնով 19-դյույմանոց անիվները համալրված են Pirelli Scorpion All Terrain Plus արտաճանապարհային անվադողերով։ Բացի այդ, Mini Countryman Untamed Edition-ի համար մշակվել է թափքի գույների առանձին գունապնակ, որը ներառում է սերիական Mini մոդելների պատմության մեջ առաջին փայլատ գույնը՝ մոխրակապույտ Frozen Nomad Blue-ը։

Mini Countryman Untamed Edition-ի սրահն առանձնանում է հարդարման յուրահատուկ նյութերով, որոնք հիշեցնում են զբոսաշրջային հանդերձանքի տարրեր։ Սրահի հատակին և բեռնախցիկում տեղադրված են բոլոր եղանակային պայմանների համար նախատեսված ռետինե գորգեր՝ Untamed կապույտ տարբերանշաններով։ Untamed տարբերակը հասանելի է ինչպես լիաքարշակ, այնպես էլ առջևի քարշակով։ Վերջին դեպքում գնորդը, ըստ էության, ստանում է միայն արտահայտիչ դեկորատիվ ձևավորում, այլ ոչ թե իսկական արկածային քրոսովեր՝ արտաճանապարհային երթևեկության համար նախատեսված բարելավումներով։

Գերմանիայում առջևի քարշակով Mini Countryman C Untamed Edition-ի նվազագույն գինը, որը համալրված է 1,5 լիտրանոց երեքմխոցանի բենզինային տուրբոշարժիչով (170 ձիաուժ), կազմում է 42 820 եվրո։ Իսկ երկու էլեկտրաշարժիչով և լիաքարշակ համակարգով Mini Countryman SE ALL4 Untamed Edition-ի (313 ձիաուժ) համար անհրաժեշտ կլինի վճարել առնվազն 49 020 եվրո։ Mini Countryman Untamed Edition-ի արտադրությունը կմեկնարկի այս տարվա նոյեմբերին՝ Լայպցիգում գտնվող BMW Group-ի գործարանում։ Շուկա մուտք գործելը նախատեսված է 2027 թվականի սկզբին։