Չնայած Toyota-ն առանձնապես չի շտապում ամբողջությամբ անցնել էլեկտրական մեքենաների, այն ժամանակ առ ժամանակ շարունակում է ներկայացնել նոր EV մոդելներ։ Սակայն նրա շքեղ բրենդը՝ Lexus-ը, մինչ այժմ ուներ միայն մեկ էլեկտրական առաջարկ՝ Lexus RZ-ը։ Այսօր դա փոխվում է, քանի որ Lexus-ը ներկայացրել է Lexus TZ մոդելը՝ ավելի մեծ, երեք շարք նստարաններով և ամբողջովին էլեկտրական քրոսովեր։
Շատ առումներով այն լրացնում է բենզինային Lexus TX մոդելը և դառնում հարմար տարբերակ Lexus –ի այն հավատարիմ գնորդների համար, որոնք վաղուց ցանկանում էին ընկերությունից ավելի մեծ էլեկտրական քրոսովեր։ Միևնույն ժամանակ, Lexus TZ-ը նպատակադրվել է մրցակցել երկու հիմնական մրցակիցների հետ՝ Cadillac Vistiq և Volvo EX90 մոդելների։
Cadillac Vistiq-ը

Volvo EX90–ը

Եթե շատ պարզեցնենք, ապա Lexus TZ-ը նոր սերնդի Toyota Highlander-ի շքեղ տարբերակն է, որն ամբողջությամբ անցնում է էլեկտրական շարժիչների, մինչդեռ հիբրիդային ուժային համակարգերը թողնվում են ավելի մեծ Toyota Grand Highlander մոդելին։
Չափսերի առումով Lexus TZ-ի երկարությունը կազմում է 200.8 դյույմ, լայնությունը՝ 78.3 դյույմ, բարձրությունը՝ 67.1 դյույմ, իսկ անվային բազան՝ բավական մեծ՝ 120.1 դյույմ։ Այն ավելի քան մեկ դյույմով երկար է, քան Toyota Highlander EV-ը, և փոքր-ինչ ավելի ցածր, մինչդեռ լայնությունն ու անվային բազան ամբողջությամբ նույնն են։ Երրորդ շարքի նստատեղերի հետևում, Lexus-ի տվյալներով, բեռնախցիկի ծավալը կազմում է 13.8 խորանարդ ֆուտ։
Ինչ վերաբերում է ուժային համակարգերին, ապա հասանելի են մարտկոցի երկու տարբեր չափեր։ Այս դեպքում գնորդները կարող են ընտրել 76.96 կՎտ·ժ և 95.82 կՎտ·ժ տարողությամբ մարտկոցների միջև։ Դեռևս հստակ չէ՝ կառաջարկվե՞ն արդյոք նաև հզորության երկու տարբեր տարբերակներ։ Սակայն Lexus-ը հայտնել է, որ ներկայացված մոդելը զարգացնում է 402 ձիաուժ և այդ հզորությունը փոխանցում է DIRECT4 լիաքարշակ համակարգի միջոցով։ Նախնական գնահատմամբ, ընթացքի պաշարը կազմում է մոտ 480 կիլոմետր։

Lexus-ի խոսքով՝ Lexus TZ-ը ստեղծվել է իրենց «Driving Lounge Concept» գաղափարի շուրջ։ Այլ կերպ ասած՝ սրահում կա շատ ընդարձակ տարածք, հանգստացնող բնական երանգներ և բարձր հարմարավետություն։ Բրենդը հատկապես հպարտանում է ինտերիերում օգտագործված բամբուկե հարդարմամբ և պանորամա տանիքով, որը ձգվում է մինչև երրորդ շարք՝ սրահ ներս թողնելով ավելի շատ բնական լույս։
Ներկայացված տարբերակը վեցտեղանի է, որտեղ միջին շարքում տեղադրված էին առանձին captain’s chair տիպի նստատեղեր։ Հնարավոր է, որ ավելի մատչելի համալրումներում առաջարկվի նաև յոթտեղանի տարբերակ։ Ստանդարտ համալրման մեջ ներառված է նաև Lexus Safety System+ 4.0 համակարգը, որը ներառում է վարորդին օգնող ժամանակակից բազմաթիվ ֆունկցիաներ, ինչպես նաև արտակարգ ղեկային աջակցություն, խաչմերուկում շրջադարձի աջակցություն և կիսաինքնավար վարման որոշ հնարավորություններ։
Ինչ վերաբերում է մուլտիմեդիա համակարգին, ապա այն օգտագործում է բրենդի ամենավերջին ծրագրային ապահովումը, ներառյալ 5G կապը։ Բարելավումների թվում են ավելի լայն անհատականացման հնարավորությունները, էլեկտրական մեքենայի լիցքավորման կառավարման նոր գործիքները և ավելի հզոր մշակման համակարգը։

Lexus TZ-ի հետաքրքիր ընտրանքներից մեկը լիաքարշ ղեկային համակարգն է։ Այն կարող է հետևի անիվները թեքել մինչև 4 աստիճան, իսկ անկյունը փոխվում է՝ կախված արագությունից։ Մյուս օգտակար տարբերակը էլեկտրական կարգավորմամբ captain’s chair նստատեղերն են, որոնք ունեն նաև օդափոխության ֆունկցիա։ Հասանելի են նաև լրացուցիչ ժամանցային հնարավորություններ, ներառյալ SiriusXM with 360L ծառայությունը և ինտեգրված Spotify հոսքային երաժշտությունը։
TZ-ը կարող է նաև արհեստական ձայներ փոխանցել սրահ, եթե ներսում չափազանց լուռ է։ Այս համակարգը կոչվում է Active Sound Control և կարող է վերարտադրել երաժշտական ակորդներ, կամ նույնիսկ Lexus LFA-ի V10 շարժիչի հայտնի ձայնը… ընտանեկան քրոսովերում։ Էլեկտրոնային կառավարմամբ ամորտիզատորները աշխատում են այնպես, որ հետևի ուղևորները հնարավորինս քիչ զգան ճանապարհի անհարթությունները։
Գնային քաղաքականությունը և համալրումների տարբերակները դեռևս չեն հրապարակվել։ Ամբողջական տեղեկատվությունը հայտնի կդառնա, երբ Lexus-ը ներկայացնի պաշտոնական տվյալները, իսկ 2027 մոդելային տարվա TZ-ը սրահներ կհասնի 2026 թվականի վերջում։

















