Չինաստանի ավտոմեքենաների ամսական արտահանումն առաջին անգամ գերազանցել է 1 միլիոն միավորը

Չինաստանի ավտոմեքենաների ամսական արտահանումը հունիսին առաջին անգամ գերազանցել է 1 միլիոն միավորը, մինչդեռ աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսության ընդհանուր արտահանումն աճել է 27%-ով։

Չինաստանի մաքսային պաշտոնական տվյալները ցույց են տվել, որ առևտրային արդյունքները թույլ են տվել Չինաստանին պահպանել անցյալ տարվա ռեկորդային՝ 1 տրիլիոն ԱՄՆ դոլարի առևտրային հավելուրդը կրկնելու կամ նույնիսկ գերազանցելու ուղին։ Այս արդյունքը գրանցվել է՝ չնայած Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերին։

BYD-ից մինչև Jaecoo չինական ավտոմոբիլային ապրանքանիշերի վաճառքները կտրուկ աճում են՝ խլելով երկարամյա ավանդական արտադրողների շուկայի մասնաբաժինները, հատկապես Եվրոպայում։

Էլեկտրական և հիբրիդային ավտոմեքենաների արտահանումը, որոնք խուսափել էին Եվրոմիության կողմից 2024 թվականին չինական էլեկտրամոբիլների նկատմամբ սահմանված մաքսատուրքերից, զգալի ճնշում է գործադրում եվրոպական ավտոարդյունաբերության վրա։ Վերջին շրջանում ոլորտում նույնիսկ հնչել են նախազգուշացումներ, որ դա կարող է հանգեցնել զբաղվածության կտրուկ անկման և աշխատատեղերի զանգվածային կորստի։

Եվրոպայի խոշորագույն ավտոարտադրող Volkswagen-ը նախատեսում է իր շուրջ 670,000 աշխատակիցներից մինչև 100,000-ին կրճատել՝ որպես լայնածավալ վերակազմավորման ծրագրի մաս, որը անցած շաբաթ ներկայացվել է ընկերության վերահսկիչ խորհրդին։

Թեև չորս գործարան փակելու առաջարկները վերահսկիչ խորհրդի կողմից չեն հաստատվել, դրանց ապագան դեռևս քննարկվում է։ Ընկերության գլխավոր տնօրեն Օլիվեր Բլյումը այս գործընթացը բնութագրել է որպես «ընկերության պատմության մեջ ամենալայնածավալ վերակառուցումը»։

Merics ինստիտուտի համար տվյալները վերլուծած առևտրի փորձագետ Ռաֆայել Խիմենես Բուենդիան նշել է, որ դեպի Եվրամիություն չինական արտահանման աճը գերազանցել է նույնիսկ իրենց իսկ կանխատեսումները։ Նրանք կանխատեսում էին, որ Չինաստանի արտահանումը դեպի Եվրամիություն 2026 թվականի առաջին կիսամյակում կհասնի նոր ռեկորդային՝ 2.12 տրիլիոն յուանի, սակայն երեքշաբթի հրապարակված պաշտոնական տվյալները ցույց տվեցին, որ այդ ցուցանիշը 45 միլիարդ յուանով ավելի բարձր է՝ կազմելով 2.165 տրիլիոն յուան։

Չինաստանի արտահանման աճին նպաստել են նաև կիսահաղորդչային չիպերի պատվերները՝ պայմանավորված արհեստական բանականության (AI) համաշխարհային բումով։ Տվյալների համաձայն՝ Չինաստանը արտահանել է 32 միլիարդ ինտեգրալ սխեմա (միկրոչիպ)։