Ավտոմոբիլային պատմության չափանիշներով Infiniti-ն դեռ երիտասարդ բրենդ է։ Այն ընդամենը 33 տարեկան է: Ճիշտ է, մենք սովոր ենք, որ Infiniti-ն պրեմիում ամենագնացների և քրոսովերների բրենդ է։ Սակայն 1980-ականների վերջին ընկերությունը սկսեց դասական և շատ զիլ սեդաններով: Սա հիմա քչերն են հիշում: Թերևս այն պատճառով, որ Infiniti-ի հենց առաջին մոդելը, Q45 ներկայացուցչական սեդանը, շռնդալից կերպով ձախողվեց շուկայում: Եվ ամենևին ոչ այն պատճառով, որ այն վատն էր։ Այն ուղղակի հիանալի էր:
Իհարկե, պատմությունը գրում են հաղթողները։ Այդ պատճառով, եթե մակերեսորեն ուսումնասիրենք ճապոնական Acura, Infiniti և Lexus էքկլյուզիվ բրենդերի մուտքը ԱՄՆ շուկա, կարելի է գալ սխալ եզրակացության, որ հաջողության հասել է դրանցից միայն վերջինը՝ Lexus-ը։
Lexus LS400-ի հասցեին հնչած գովեստների տեղատարափը, թե՛ արդարացված, թե՛ չափազանցված, հաճախ ստվերում է նույնիսկ անժխտելի փաստերը։ Իսկ այդ փաստերը ասում են, որ, օրինակ, Acura-ն իր մրցակիցներից երեք տարի ավելի շուտ էր մուտք գործել ԱՄՆ-ի շուկա։ Իսկ գլխավորն այն է, որ հենց Infiniti Q45-ը, այլ ոչ թե Lexus LS400-ը, 90-ականների սկզբի ամենահզոր ճապոնական սեդանն էր, չնայած նրան, որ Q45-ը ձախողվեց շուկայում։

Որոշ ժամանակ Infiniti, Acura և Lexus բրենդերի պատմությունները զարգանում էին զուգահեռ ուղիներով։ Ճապոնական իենի նկատմամբ ԱՄՆ դոլարի դեվալվացիան ամերիկյան տնտեսությունում ներդրումներ կատարելը դարձրեց շահավետ։ Դեպի ԱՄՆ ճապոնական ավտոմեքենաների ներկրման սահմանափակումները, իրենց հերթին, ստիպեցին Ճապոնիային փոխել ավտոմեքենաների վաճառքի ռազմավարությունը։ Ավելի շատ էժան մեքենաներ վաճառելու փոխարեն Toyota-ն, Nissan-ը և Honda-ն որոշեցին բերել ավելի թանկարժեք մոդելներ։ Դա տրամաբանական էր, քանի որ նրանց հավելյալ արժեքը ավելի բարձր էր։
Ճապոնացիները գիտակցում էին, որ Գերմանիայի և ԱՄՆ-ի պրեմիում բրենդների դեմ պայքարելու համար անհրաժեշտ էին նոր գործիքներ։ Փորձել անթերի շքեղությամբ լրացնել պայմանական Camry-ն ու Accord-ը և հույս ունենալ այդպիսով գրավել BMW-ի և Lincoln-ի գնորդներին, չէր ստացվի։ Արդյունքում, ցանկությունների և հնարավորությունների հազվադեպ համընկնումը բերեց Infiniti, Acura և Lexus բրենդերի ստեղծմանը։
Սկզբից ոչ ոք վստահ չէր հաջողության մեջ։ Եվ եթե Acura-ն մեծ հաշվով պարզապես նոր էմբլեմա (և նոր գնացուցակ) ավելացրեց նորաստեղծ Honda Legend-ի վրա, ապա Toyota-ի և Nissan-ի ներկայացուցիչները նախ անցան ԱՄՆ շուկայի հետախուզման։
Nissan Motor-ի տարբեր բաժինների բարձրագույն ղեկավարներից կազմվեց թիմ՝ Horizon Task Force-ը։ Դիզայնի և մարկետինգի մասնագետներ, ինժեներներ, գովազդային և վաճառքի փորձագետներ հավաքվեցին միասին՝ ստեղծելու նոր պատկերացում ճապոնական պրեմիում ավտոմեքենայի մասին, եթե դա ընդհանրապես հնարավոր էր։ Նրանց առաջադրանքն էր նախագծել մեքենա, որը հաշվի կառներ ամերիկացիների սովորությունները, ճաշակը և նախասիրությունները։ Նմանատիպ միտք կար նաև Toyota-ում, Lexus-ը ստեղծելու փուլում, բայց հետախուզության արդյունքները տարբեր էին։
Toyota-ն ի վերջո որոշեց կառուցել Mercedes-Benz W140-ի օրինական պատճենը՝ ավելի ընդարձակ, լավ հագեցած և, գլխավորապես, ավելի հուսալի և հասանելի։ Թվում է, կարելի է ասել, թե Infiniti-ն նույն ձևով փորձեց նմանակել BMW-ին, բայց ոչ։ Horizon Task Force-ի ստրատեգները գնացին ավելի հեռուն։
Nissan-ի պրեմիում բրենդը որոշեց իր գնորդին փնտրել նոնկոնֆորմիստների շրջանում, նրանց մեջ, ովքեր հաջողակ և ինքնաբավ մարդիկ էին, և իրենց կարևորությունը գիտակցելու համար այլոց հավանության կարիքը չունեին, փնտրել այն մարդկանց շրջանում, ովքեր պրեմիում բրենդի նոր մեքենան չէին դիտարկում որպես միջին տարիքի ճգնաժամի դրսևորում կամ դրա հաղթահարման միջոց։
Պետք է արժանին մատուցել նման խիզախությանը։ Գոյություն ունեցող բրենդների հաճախորդներին գրավելն, ինչպես դա արեց Lexus-ը «նույնը, բայց ավելի էժան» կոնցեպցիայով, շատ ավելի հեշտ է, քան փորձել ստեղծել արմատապես նոր բան՝ ընդլայնելով գործող սահմանները և դուրս գալով ընդունված չափանիշների շրջանակից։

Սկզբնաղբյուրի հարցը արագ լուծվեց։ Առաջին մեծ սեդանի հիմքում դրվեց Nissan CUE-X կոնցեպտ-քարը (վերևի նկարում)՝ 1985 թվականի Տոկիոյի ավտոցուցահանդեսի ամենավառ աստղերից մեկը։ Այդ ժամանակների համար դա պարզապես մեքենա չէր, այլ տեխնոլոգիական և դիզայներական ձեռքբերումների ցուցադրություն։
Տուրբո V6 շարժիչ (սերիական տարբերակում այն կփոխարինվի առանց տուրբոյի V8-ով), լիակառավարվող շասսի հետևի թեքվող անիվներով (մի բան, որ այսօր համարվում է նորարարություն և կիրառվում է պրեմիում դասի մի քանի ավտոմեքենաների վրա), էլեկտրոնային կառավարվող պնեվմոկախոց, սրահ, որը հիշեցնում էր էլեկտրոնիկայի խանութի ցուցափեղկ…

Փաստորեն, CUE-X կոնցեպտ-քարը վերածվեց միանգամից երկու ֆլագման մոդելի՝ ամերիկյան Infiniti Q45-ի և ճապոնական շուկայի համար նախատեսված Nissan President-ի։ Սակայն, ի տարբերություն Lexus LS400/Toyota Celsior զույգի, Q45-ը «President»-ի 100 տոկոսանոց կրկնօրինակը չէր։
Մեքենաների շուկայական մեկնարկը նույնպես տարբեր ժամանակացույցով կատարվեց. Nissan-ի ամենամեծ սեդանի վաճառքները Ճապոնիայում սկսվեցին ավելի ուշ, երբ Infiniti-ն արդեն կես տարի ամերիկյան շուկայում էր։ Արտաքին տեսքով այս երկու սեդանները ևս տարբերվում էին։
HG50 սերնդի Nissan President-ը (ներքևի նկարում), անշուշտ, եղել է այս մոդելի ամենալավ ներկայացուցիչը։ Իդեալին մոտիկ համաչափություն և ազնվական տեսք։ Մեքենան զուր չէր կոչվում «ճապոնական Jaguar XJ»։ Սակայն, ամերիկյան շուկայի համար Infiniti-ն ցանկանում էր առաջարկել միանգամայն յուրահատուկ նորույթ, որը ոչնչով նման չէր լինի մրցակիցներին։ Հենց այդ պատճառով Infiniti Q45-ը ոչնչով նման չէր Nissan President-ին։

Առաջին Infiniti Q45-ի դիզայները Սյուդզի Յամանական էր։ Նա ոչ միայն չփորձեց թաքցնել ավտոմեքենայի արտաքինի ճապանական գեները, այլ նաև ամեն կերպ փորձեց ընգծել դրանք, և դա այն դեպքում, երբ նույնիսկ 90-ականներին ճապոնական բրենդները դեռ ամաչում էին իրենց ծագումից։ Դա էր պատճառը, որ այդ թվերին բազմաթիվ իտալացի և բրիտանացվի դիզայներներ մշտապես պատվերներ էին ստանում ճանոպանական ավտոարտադրողներից։

Սյունդզին դռների արտաքին բռնակներին տվել էր ջրով մշակված իդեալական քարերի ձև՝ ճապոնական դզեն այգու ավանդույթների համադրությամբ։ Դռները փակվում էին հաճելի, գրեթե մելոդիկ ձայնով։ Դիզայներները ուշադրություն էին դարձրել անգամ ամենափոքր մանրամասներին։ Արևմուտքի համար ավանդական շքեղ ռադիատորի քողարկիչի փոխարեն Յամանական առաջարկել էր արևելյան մինիմալիզմ։ Q45-ը ռադիատորի քողարկիչ ընդհանրապես չուներ։ Էժան պլաստիկե էմբլեմի փոխարեն մեքենան զարդարում էր շքեղ մետաղյա մեդալյոնը, որը հիշեցնում էր միջնադարյան գերբ վահանի վրա։

Q45-ի ինտերիերը նույնպես մարտահրավեր էր նետում պրեմիում դասի մասին եվրոպական-ամերիկյան պատկերացումներին: Ոչ մի ակնարկ փայտե երեսպատման: Առաջին Infiniti-ի ինտերիերի դեկորատիվ վահանակները հիշեցնում են ավանդական ձեռքի աշխատանքներ, պատված Ճապոնիայում աճող ուրուշի ծառի հյութից ստացվող լաքով, ինչը ևս մեկ հիշեցում էր դեպի ավանդական արհեստագործությունը:
Էլեկտրոնային գաջեթների դարաշրջանի սկզբում գեղեցկության մասին ճապոնական պատկերացումներն ընդգծվում էին վահանակի կենտրոնում տեղադրված սլաքներով կլոր ժամացույցով, սպիտակ թվատախտակով և որոշ տարբերակներում ոսկեգույն եզրերով: Իսկ եթե խոսենք զարդերի մասին, Infiniti Q45-ի ամենաանհավանական սարքավորումը, իհարկե, մեքենայի բանալին էր, իրական 18 կարատանոց ոսկուց: Այս տարբերակն արժեր ընդամենը 5000 դոլար, ամբողջ մեքենայի արժեքի մոտ մեկ/ութերորդը:

Պրեմիում դասի ֆլագմանում ամեն ինչ պետք է հիասքանչ լիներ, այդ պատճառով Infiniti Q45-ի ընթացային հատկանիշները նույնպես գտնվում էին բարձրության վրա։ 4,5 լիտրանոց VH45DE շարժիչով հագեցած Q45-ը համարվում էր աշխարհի ամենաարագ ութ մխոցանի մեքենան: Մեքենայի անձնագրում գրված 280 ձիաուժը չէր բացահայտում ողջ ճշմարտությունը. VH45DE շարժիչը ստեղծվել էր այն ժամանակ, երբ ճապոնական ապրանքանիշերը կիրառում էին հզորության կամավոր սահմանափակումներ: Դրա վերին սահմանը ֆիքսվել էր 280 ձիաուժի վրա։ Հաճախ կապոտի տակ գտնվող ձիերի իրական թիվը գերազանցում էր հայտարարվածը։
Որքա՞ն հզորություն էր իրականում զարգացնում Infiniti Q45-ը։ Հնարավոր է, երեք հարյուր ձիաուժից մի քիչ ավել։ Միգուցե։ Ամեն դեպքում 7.4 վայրկյանում 100 կմ/ժ արագության հասնելը շոկ և հրճվանք էր առաջացնում։ Այո, այսօր այս թվերը կարող են մեծ նշանակություն չունենալ, բայց 80-ականների վերջում Jaguar Sovereign-ը 5.3 լիտր V12 շարժիչով չէր կարող ցույց տալ 8.1 վայրկյանից ավել արդյունք։ Բայց ի՞նչ Jaguar․․․ 12-մխոցանի BMW 750iL-ը նույնպես պարտվում էր Infiniti-ին երթուղային պայքարում։
Մեծ Infiniti-ն շքեղ սեդանի տեսք ուներ, բայց ընթանում էր իսկական GT-ի պես, ոչ միայն արագ, այլ հավաքված, աշխույժ և գրավիչ: Ի տարբերություն Lexus LS400-ի, Q45-ի վարորդը և՛ լսում էր հզոր «ութնյակ»-ի ազնիվ տեմբրը, և՛ զգում մեքենայից եկող հետադարձ կապը, քանի որ Infiniti-ն առաջարկվում էր երկու տարբեր ղեկային կառավարման համակարգերով:

Եվ այս ամենն, իհարկե, անհավանական գրավիչ գնով։ Սկզբում Q45-ի գինը մոտավորապես երեքից չորս հազար դոլարով ավելի էր, քան Lexus LS400-ը, ինչը տրամաբանական է հաշվի առնելով Infiniti-ի առավելությունը դինամիկայի, վարման արդյունավետության և սարքավորումների առումով: Ամերիկյան Mercedes-Benz-ի ցուցասրահում, ի հավելումն 40 հազարի դոլարի, որ պահանջվում էին ամենաբարձրակարգ Q45-ը գնելու համար, պետք էր դեռ ավելացնել ևս 5 հազար դոլար երեք լիտրանոց V6-ով E-Class գնելու համար։ Դե իսկ V8 շարժիչով Mercedes-Benz W126-ի գինը սկսում էր 70 հազար դոլարի սահմաններից։
Ուստի երբ 1989 թվականի հունվարի 11-ին Դետրոյտի ավտոսրահում ներկայացվեց Infiniti Q45-ը և M30 Coupe-ն, բոլոր խաղաքարտերը, կարծես, Infiniti-ի ձեռքում էին։ Սակայն ինչ-որ բան այնպես չգնաց, ինչպես նախատեսվում էր։ Պարզապես նայեք թվերին. վաճառքի առաջին տարում (խոսքը արդեն 1990-ի մասին է) Lexus LS400-ը գտավ ավելի քան 41 հազար գնորդներ, մինչդեռ Q45-ը նույնիսկ չհասավ 14 հազարին: Իրադարձությունների ինչպիսի անսպասելի շրջադարձ…
Ֆլագման Infiniti-ի բոլոր առավելությունները առկա էին։ Q45-ը դեռ ավելի հզոր էր, ավելի արագ և ավելի լավ կառավարվող: Այն տեխնիկայով ու հարմարավետությամբ չէր զիջում LS400-ին։ Ֆլագման սեդանների գնային տարբերությունը էական չէր, համենայն դեպս այնքան, որ բացատրեր վաճառքների նման տարբերությունը, որը Q45-ի դեպքում գրեթե երեք անգամ ավելի ցածր էր։

Ի՞նչ էր պատահել։ Ոչ մի առանձնահատուկ բան։ Պարզապես այն, ինչ դիզայներներն ու բրենդի ապոլոգետները համարում էին հնարք և առավելություն, լայնորեն սխալ ընկալվեց և, որ ավելի վատ էր, մերժվեց ամերիկյան գնորդի կողմից: Շատերին դուր չեկավ դռների ձվաձև բռնակները, իսկ ռադիատորի քողարկիչի բացակայությունը բառացիորեն նյարդայնացնում էր բոլորին։ Աննկատ չանցավ նաև քրոմային մինիմալիզմը և ավանդական փայտից ներքին հարդարման բացակայությունը: Զարդարանքով հարուստ էմբլեմը լայնորեն համեմատվում էր կովբոյական ջինսերի տգեղ ճարմանդի հետ: Լաքապատ վահանակները հեշտությամբ նույնացվում էին էժան պլաստիկի հետ։ Մի խոսքով, որտեղ Q45-ի ստեղծողները նախատեսում էին առավելություններ, հաճախորդները գտան թերություններ: Գովազդային արշավն էլ, մեղմ ասած, չօգնեց։ Չնայած հատկացվել էր զգալի բյուջե, բայց ամբոխից առանձնանալու ցանկությունը փչացրել էր գրեթե ամեն ինչ։ Ամերիկյան հեռուստաալիքներով ցուցադրվում էր Infniti Q45-ի գովազդը, որտեղ մեքենան․․․ ընդհանրապես չէր երևում։ Q45-ի մասին գովազդային հոլովակում Q45-ի փոխարեն երևում էին թռչունների երամ, ծովի մակերևույթ և դրա վրա արտացոլվող մայր մտնող արևի շողեր։ Եվ վերջ։
Չնայած Infiniti-ն նկատելիորեն զիջում էր Lexus-ին իր առաջատար սեդանների վաճառքով, ընդհանուր առմամբ Infiniti ապրանքանիշի թողարկումը բավականին հաջող էր: Երկրորդ մոդելը՝ միջին չափի M30 Coupe-ն, այդ առումով որոշիչ դեր խաղաց: Ճիշտ է, Infiniti-ի ֆոնին Lexus-ը ուղղակի պայթեցնում էր բիզնես ու մեդիա տարածքը: Lexus LS400-ի մասին խոսում էր անգամ հարթուկը, և ապրանքանիշի վաճառքները շարունակում էին անշեղորեն աճել։ Infiniti-ն դա արագ հասկացավ և միացրեց տագնապի ռեժիմը:
Դեբյուտից ընդամենը մի քանի ամիս անց թյունինգ-ընկերություններն արդեն առաջարկում էին Q45-ի առջևի դիզայն՝ ավանդական ռադիատորի վանդակաճաղով և ինտերիերում փայտի նմանվող ներդիրներով: Յոկոհամայում սա որպես նշան ընդունեցին։ 1993 թվականին ձևափոխված Q45-ը ստացավ ավանդական ռադիատորի վանդակաճաղ և կորցրեց գերբատիպ էմբլեմը։ Օպցիաների ցանկից անհետացան կառավարվող շասսին և ակտիվ կախոցը, իսկ գերմանական ոճի բավականին կոշտ նստատեղերը փոխարինվեցին ավելի փափուկ նստատեղերով։ Այլ կերպ ասած, Infiniti-ն սկսեց արտադրել սեփական Lexus-ը, միաժամանակ կորցնելով իր դիմագիծն ու բնորոշ գծերը, հրաժարվելով ավտոմեքենայի նախնական, բոլորից տարբերվող փիլիսոփայությունից։

Սակայն ռադիատորի քողարկիչ դնելը և ինտերիերում փայտե դետալներ ավելացնելը, ինչպես նաև դինամիկայից դեպի կոմֆորտ հետքայլ անելը Lexus-ի սիրահարներին չգայթակղեց և չբերեց դեպի Infiniti-ն։ Ժամանակը ցույց տվեց, որ Infinit-ի համար սեդանից դեպի քրոսովեր վերաֆորմատավորումը ճիշտ որոշում էր: Հատկապես, որ այսօր դա համաշխարհային միտում է, ուզես, թե չուզես։
Հաճելի է, որ Infiniti-ի առաջին սերնդի Q45-ի հարաբերական ձախողումը այսօր հիշում են բացառապես հարգանքով։ Ապրանքանիշի ժամանակակից դիզայնի ոճը կրկին ոգեշնչվում է ճապոնական մշակույթից և անցյալի արհեստագործությունից, ինչպես դա արվում էր 30 տարի առաջ: Եվ դա իսկապես հիանալի է:
Հեղինակ՝ Վլադիմիր Հովհաննիսյան
