BYD-Land Rover դատական վեճում դատարանը հօգուտ BYD–ի որոշում է կայացրել (ֆոտո)

Jaguar Land Rover (JLR)–ը դատական գործընթաց էր սկսել BYD–ի դեմ իր մտավոր սեփականության իրավունքները խախտելու համար։ Խոսքը վերաբերում էր BYD–ի Fang Cheng Bao Ti 7 ամենագնացին։

2026 թվականի օգոստոսին BYD ընկերության Նիդեռլանդների երկու գրասենյակներում խուզարկություններ էին իրականացվել՝ Jaguar Land Rover-ի (JLR) հետ դատական վեճի շրջանակում։ Բրիտանական ավտոարտադրողը պնդում էր, որ BYD Fang Cheng Bao Ti 7 ամենագնացը խախտում է իր մտավոր սեփականության իրավունքները՝ կրկնօրինակելով Land Rover Defender-ում կիրառված տեխնիկական լուծումները։ ԻՔննիչները թվային տվյալներ էին առգրավել BYD-ի Սխիդամ և Հոֆդդորպ քաղաքներում գտնվող գրասենյակներից։

JLR ընկերությունը կասկածում էր, որ BYD-ն ապամոնտաժել է Defender-ը՝ դրա որոշ տեխնոլոգիաները կրկնօրինակելու նպատակով, որոնք հետագայում կիրառվել են Ti 7 մոդելում։ Նախնական դատական լսումները նշանակված էին նոյեմբերի 11-ին՝ Հաագայում, սակայն ընկերություններից ոչ մեկը հրապարակայնորեն չէր մեկնաբանում դատական գործընթացը։

BYD Ti 7-ն առաջին անգամ չինական շուկայում ներկայացվել է 2025 թվականի սեպտեմբերին՝ Fang Cheng Bao ապրանքանիշի ներքո։ Մոդելն առանձնանում է անկյունային թափքով, առջևի մասի ուղղահայաց ձևավորմամբ և հետևի դռան վրա տեղադրված քառակուսի բեռնախցիկով։ Այս առանձնահատկությունների պատճառով դրա արտաքին տեսքը հաճախ համեմատում են Land Rover Defender-ի հետ։

Մեծ Բրիտանիայում Ti 7-ի նախնական պատվերներն արդեն ընդունվում են։ Մոդելի գինը սկսվում է 47 995 ֆունտ ստեռլինգից, մինչդեռ յոթտեղանոց Defender 110-ի նվազագույն գինը կազմում է 68 465 ֆունտ։ Առաջին ավտոմեքենաները բրիտանական դիլերական կենտրոններ կհասնեն 2026 թվականի նոյեմբերին, իսկ հաճախորդներին մատակարարումները կմեկնարկեն 2027 թվականի հունվարին։

Սա JLR-ի առաջին դատական վեճը չէ չինական ավտոարտադրողների հետ՝ դիզայնի կրկնօրինակման պատճառով։ 2019 թվականին բրիտանական ընկերությունը հաղթել էր Jiangling Motor Corporation-ի դեմ հարուցված դատական գործը՝ ապացուցելով, որ Landwind X7 մոդելի դիզայնը կրկնօրինակում է Range Rover Evoque-ի արտաքին տեսքը։

Երեկ Land Rover-ի և BYD-ի միջև Defender-ի արտաքին տեսքի հեղինակային իրավունքների շուրջ դատական վեճում կայացվել է առաջին դատական որոշումը։ Այն, սակայն, չի բխում բրիտանական ընկերության շահերից․ Հաագայի դատարանը որոշել է, որ BYD-ի եվրոպական գրասենյակներում իրականացված խուզարկությունների ընթացքում առգրավված ապացույցները չեն կարող օգտագործվել դատական քննության ընթացքում և ենթակա են ոչնչացման։

Դատավորը որոշել է, որ այդ նյութերը չեն կարող օգտագործվել դատական գործընթացում։ Դատարանի կարծիքով՝ Land Rover-ը չի կարող պնդել, որ իրեն վնաս է պատճառվել, քանի որ BYD Ti7 ամենագնացը (հայտնի է նաև որպես Fang Cheng Bao Titanium 7), որի արտաքին տեսքը վեճի առարկա է դարձել, դեռևս չի ներկայացվել Եվրամիության շուկայում։ Դատարանի որոշման համաձայն՝ առգրավված նյութերը պետք է ոչնչացվեն կամ 24 ժամվա ընթացքում վերադարձվեն սեփականատիրոջը։ Հակառակ դեպքում ուշացման յուրաքանչյուր ժամի համար կնշանակվի 50 հազար եվրոյի տուգանք։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Land Rover-ում Ti7-ի արտաքին տեսքը համարել են Defender-ից փոխառված, ինչպես նաև կասկածել են BYD-ին՝ սեփական տեխնոլոգիաները հակադարձ ինժեներիայի միջոցով կրկնօրինակելու մեջ։

Եվրոպական շուկայում պաշտոնական վաճառքի մեկնարկից հետո Ti7-ը կարող է մոտ 1,5 անգամ ավելի էժան լինել, քան բրիտանական ամենագնացը։