Թարմացումներ Tesla Model 3-ի համար․ ավելի մեծ էկրան և ավելի մեծ հզորություն (ֆոտո)

Թեև Tesla Model 3 սեդանն արդեն աստիճանաբար «ծերանում է», այն չի պատրաստվում լքել շուկան և շարունակում է ստանալ փոքր, նպատակային թարմացումներ, որոնք տարբեր շուկաներում կարող են տարբերվել։

Tesla Model 3-ը ներկայացվել է 2017 թվականին, իսկ առաջին ռեստայլինգը ստացել է 2023-ին։ Միևնույն ժամանակ, թարմացված Model 3-ի «Performance» ամենահզոր տարբերակը ներկայացվեց միայն 2024 թվականին։

Tesla-ն Model 3-ը թոշակի ուղարկելու մտադրություն չունի։ Ըստ հայտնի տեղեկությունների՝ ընկերությունը չի պատրաստում ոչ դրա փոխարինողը, ոչ էլ երկրորդ սերունդը։ Փոխարենը Tesla-ն պարբերաբար կատարելագործում է իր Model 3-ը՝ շուկայի պահանջներին համապատասխան։

Անցած շաբաթվա վերջին ԱՄՆ-ում և Չինաստանում ներկայացվեց թարմացված Tesla Model 3-ը։ Բոլոր տարբերակների համար ընդհանուր նորամուծությունը առջևի վահանակի 16-դյույմանոց էկրանն է, որը փոխարինել է նախկին 15,4-դյույմանոց էկրանին։

Թոփային Performance տարբերակի երկշարժիչ ուժային համակարգի առավելագույն հզորությունն այժմ կազմում է 535 ձիաուժ՝ նախկին 517 ձիաուժի փոխարեն։ Սակայն 0-ից 60 մղոն/ժ (96,56 կմ/ժ) արագացման ժամանակը չի փոխվել և շարունակում է կազմել 2,9 վայրկյան։

Performance տարբերակի մեկ լիցքավորմամբ ընթացքի հեռահարությունը աճել է՝ 497-ից հասնելով 509 կմ-ի։ Tesla-ն չի հստակեցնում, թե ինչի հաշվին են ձեռք բերվել այս բարելավումները։

Performance տարբերակի սրահի առաստաղի երեսպատումն այժմ սև է՝ նախկին սպիտակի փոխարեն։ Ընդ որում, այն մնում է սև նույնիսկ այն դեպքում, երբ պատվիրում եք սպիտակ կաշվով նստատեղեր և դռների ներքին վահանակներ։

Լիաքարշ Premium All-Wheel Drive տարբերակն այժմ 0-ից 60 մղոն/ժ (96,56 կմ/ժ) արագանում է 3,8 վայրկյանում՝ նախկին 4,2 վայրկյանի փոխարեն։ Միևնույն ժամանակ, մեկ լիցքավորմամբ ընթացքի հեռահարությունը չի փոխվել և EPA ցիկլով կազմում է 557 կմ։

ԱՄՆ շուկայում Tesla Model 3-ի տարբերակների գները չեն փոխվել։ Բազային, մեկ էլեկտրաշարժիչով և հետևի քարշակով սեդանի գինը սկսվում է 38 630 դոլարից, իսկ Premium Rear-Wheel Drive տարբերակը՝ 44 130 դոլարից։

Լիաքարշ Premium All-Wheel Drive տարբերակի գինը սկսվում է 49 130 դոլարից, իսկ ամենահզոր Performance տարբերակինը՝ 56 630 դոլարից։ Նշված բոլոր գները ներառում են առաքման արժեքը։

Չինաստանում Tesla Model 3-ի համար այժմ հասանելի է սրահի հարդարման նոր՝ բաց մոխրագույն տարբերակը, ինչպես նաև V2L (Vehicle-to-Load) ֆունկցիան, որը հատուկ ադապտերի միջոցով թույլ է տալիս էլեկտրամեքենայի մարտկոցից սնուցել մինչև 2,2 կՎտ հզորությամբ կենցաղային սարքեր։

Չինաստանում Tesla Model 3-ի գները տատանվում են 235 500-ից մինչև 339 500 յուանի սահմաններում (35 100-ից մինչև 50 600 դոլար՝ ընթացիկ փոխարժեքով հաշվարկված)։