Porsche-ի առաջին զանգվածային էլեկտրամոբիլը շարունակում է կորցնել դիրքերը շուկայում՝ չնայած կանոնավոր բարելավումներին և մրցուղում ցուցադրած բարձր արագությանը։ Ցուֆֆենհաուզենում գտնվող Porsche-ի գլխավոր գործարանում Porsche Taycan-ի արտադրությունը մայիսի սկզբից իրականացվում է ընդհատումներով։
Porsche Taycan-ը ներկայացվել է 2019 թվականին և այն ժամանակ համարվում էր շատ հեռանկարային մոդել, Porsche-ի պատմության նոր դարաշրջանի սկիզբը։ Այդ նոր դարաշրջանը ենթադրում էր արագ անցում էլեկտրամոբիլների, և միայն 911 ընտանիքի համար ընկերությունը ցանկանում էր պահպանել ներքին այրման շարժիչը, այն էլ՝ «գնորդների խնդրանքով»։
2023 թվականին ամբողջ աշխարհում սկսվեց էլեկտրամոբիլների պահանջարկի դանդաղում, ինչը հարվածեց ոչ միայն Taycan-ի վաճառքներին, այլև Porsche-ի ամբողջ զարգացման ռազմավարությանը։ Ընկերությունը ստիպված եղավ վերանայել ռազմավարությունը և կրկին ներառել ներքին այրման շարժիչով մոդելներ, իսկ Taycan-ը 2024 թվականին ենթարկվեց ռեստայլինգի և արդիականացման՝ վաճառքների անկումը կանգնեցնելու հույսով։
Ռեստայլինգը չօգնեց Porsche Taycan-ին ներգրավել նոր հաճախորդներ, ինչպես նաև չօգնեցին Նյուրնբերգում լավագույն Turbo GT տարբերակի սահմանած ռեկորդները․ բոլորը վաղուց գիտեին, որ Porsche-ն կարողանում է արագ մեքենաներ ստեղծել։ 2025 թվականին Taycan-ի համաշխարհային վաճառքները կրճատվել են 22%-ով՝ հասնելով 16 339 մեքենայի, իսկ այս տարվա առաջին եռամսյակում պահանջարկը նվազել է ևս 19%-ով՝ մինչև 3420 մեքենա։ Taycan-ի նկատմամբ ցածր պահանջարկը ստիպել է Porsche-ի Ցուֆֆենհաուզեն գործարանին պարբերաբար դադարեցնել այս մոդելի արտադրությունը։ Ինչպես հայտնում է գերմանական Auto Motor und Sport ամսագիրը, այս շաբաթ Taycan ընդհանրապես չի արտադրվում, իսկ նախորդ դադարեցումը եղել է մայիսի սկզբին։ Սպասվում է, որ դադարները կշարունակվեն նաև հետագայում՝ «պատվերների թվաքանակին համապատասխան»։

Taycan-ը վատ է վաճառվում ոչ միայն էլեկտրամոբիլների նկատմամբ համաշխարհային պահանջարկի դանդաղման պատճառով, այլ նաև չափազանց բարձր գնի ֆոնին, հատկապես մեծ թվով մրցակիցների՝ հիմնականում չինական արտադրողների առկայության պայմաններում, որոնց մեքենաները մի քանի անգամ ավելի էժան են նույնիսկ Եվրամիության կողմից չինական էլեկտրամոբիլների համար սահմանված բարձր մաքսատուրքերից հետո։ Այժմ Porsche Taycan-ի գինը Գերմանիայում սկսվում է 102 600 եվրոյից, մինչդեռ Zeekr 001-ը կարելի է գնել 59 990 եվրոյով։ Հաջորդ տարի Եվրոպա պաշտոնապես մուտք գործի նաև Xiaomi-ն իր արագընթաց էլեկտրամոբիլներով, և այդ ժամանակ Porsche-ի էլեկտրամոբիլների համար իրավիճակն ավելի կբարդանա։ Չինաստանում Porsche-ն այս տարի փակում է իր սեփական լիցքավորման կայանների ցանցը, քանի որ այլևս ի վիճակի չէ մրցակցել տեղական արտադրողների հետ։
Բենզինային Porsche Macan քրոսովերի և միջին դասավորությամբ շարժիչով Porsche 718 սպորտքարերի արտադրության կրճատումը միայն խորացրել է Porsche-ի խնդիրները․ ընկերությունը կորցնում է հաճախորդներ և շահույթ, իսկ մայր կոնցեռնը՝ Volkswagen-ը, որի հետ Porsche-ն կապված է ընտանեկան, վարչական և ֆինանսական կապերով, ապրում է կառավարման ծանրագույն ճգնաժամ։ Porsche-ի գլխավոր տնօրեն Մայքլ Լեյթերսին այժմ անհրաժեշտ կլինի ցուցադրել կառավարման իսկական հրաշքներ՝ ընկերությունը «ջրի երեսին պահելու» համար։



