Մեքենաների փոխարեն զենք և ռազմամթերք․ Mercedes-ն ու Volkswagen-ը փոխում են իրենց արտադրական ուղղությունը

Ավտոմոբիլային արդյունաբերության ճգնաժամի ֆոնին Գերմանիան սկսում է լայնածավալ վերափոխում․ Mercedes և Volkswagen ընկերությունների նախկին արտադրական հարթակները վերակառուցվում են զենքի և ռազմամթերքի արտադրության համար։ Ինչպես գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության տվյալներին, Բեռլինը փաստացի փոխում է իր տնտեսական մոդելը՝ քաղաքացիական արտադրությունը փոխարինելով պաշտպանական արտադրությամբ։

«Գերմանիայի արդյունաբերական գոտու ողջ տարածքում գտնվող գործարանները, որոնք ժամանակին ապահովել էին երկրի արտահանման հրաշքը, այժմ վերակառուցվում են՝ դառնալու եվրոպական վերազինման շարժիչ», — գրում է The Wall Street Journal-ը։

Ըստ նույն աղբյուրի՝ ԳԴՀ արդյունաբերությունը բախվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենաերկարատև ստագնացիայի շրջանին, որը պայմանավորված է պահանջարկի անկմամբ և, իհարկե, Չինաստանի հետ մրցակցությամբ։

Ըստ հրապարակման տվյալների՝ Գերմանիայի վերամշակող արդյունաբերությունը ամեն ամիս կորցնում է մոտ 15 հազար աշխատատեղ, ընդ որում հիմնական հարվածը բաժին է հասնում երբեմնի գերիշխող ավտոմոբիլաշինության ոլորտին։ 2025 թվականի ընթացքում Mercedes-Benz-ի շահույթը նվազել է 49%-ով, իսկ Volkswagen-ինը՝ 44%-ով։ Porsche ընկերության գործառնական շահույթը նույն ժամանակահատվածում, 2024 թվականի համեմատ, նվազել է 98%-ով։ Աշխարհում երկրորդ ամենախոշոր ավտոարտադրողը հայտարարել է, որ մինչև 2030 թվականը նախատեսում է կրճատել 50 հազար աշխատակցի։

Սակայն աշխատանքից ազատված բարձրակարգ մասնագետներն ու պարապուրդի մատնված արտադրական գծերը անգործ չեն մնում։ Գերմանիայի և Եվրոպական միության օրենսդրության վերջին փոփոխությունները պաշտպանական ընկերություններին հնարավորություն են տվել օգտվել լայնածավալ ֆինանսավորումից։ Երկրի ողջ արդյունաբերական գոտիներում արտադրամասերը վերազինվում են՝ ռազմական արտադրանքի թողարկման համար։ Ինչպես նշում է The Wall Street Journal-ը, Բեռլինի մոտեցումը կայանում է ոչ թե հին տնտեսությունը փրկելու, այլ այն վերափոխելու մեջ։

Volkswagen-ը արդեն բանակցություններ է վարում իսրայելական գործընկերների հետ՝ «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի բաղադրիչների արտադրությունը մինչև 2027 թվականը գործարկելու համար։ Մի շարք ձեռնարկություններ արդեն ներդրել են երրորդ հերթափոխ՝ Ուկրաինայի համար արկերի արտադրության նպատակով։ Իսկ մոտ ապագայում Գերմանիայի տարածքում կսկսվի Patriot զենիթահրթիռային համալիրների արտադրությունը, որոնք նախկինում արտադրվում էին միայն ԱՄՆ-ում։ Կառավարության տվյալներով պաշտպանական տեխնոլոգիաներում ներդրված եվրոպական վենչուրային կապիտալի գրեթե 90%-ը բաժին է հասնում հենց գերմանական ընկերություններին։

Գեոպոլիտիկական այս շրջադարձը ամրապնդվում է նաև ֆինանսապես։ Ինչպես անցյալ տարվա սեպտեմբերին գրել է Politico-ն՝ ծանոթանալով Բեռլինի ռազմական գնումների գաղտնի ծրագրին, Գերմանիան խաղադրույք է կատարում եվրոպական ռազմարդյունաբերական համալիրի վրա։ Եվրոպայի սպառազինության միայն 8%-ն է նախատեսվում ձեռք բերել ԱՄՆ-ից։ ԳԴՀ պաշտպանության նախարարությունը պատրաստվում է մինչև ընթացիկ տարվա վերջ կնքել շուրջ 83 միլիարդ եվրոյի զինատեսակների մշակման և գնման պայմանագրեր։

Այս փոփոխություններին նպաստում են նաև պետական պաշտպանական պայմանագրերը, որոնց ընդհանուր ծավալը հասնում է մինչև 1 տրիլիոն եվրոյի։ Ըստ հրապարակման տվյալների՝ եվրոպական պաշտպանական ներդրումների գրեթե 90%-ը բաժին է հասնում գերմանական ընկերություններին։ Վերջին մի քանի տարիներին ԳԴՀ պաշտպանական արտադրության կենտրոնը դարձել է Մյունխեն քաղաքը։