Ինչո՞ւ է հեղուկ գազի գինը այս տարի Հայաստանում բարձր և ինչո՞վ է դա պայմանավորված

Այս տարի հեղուկ գազի գները Հայաստանում աննախադեպ թանկ էին հատկապես ամռան համար։ Տարիների ընթացքում Հայաստանում ձևրավորվել է ավանդույթ, իսկ հեղուկ գազ օգտագործող վարորդների շրջանում սովորույթ նման ավադույթի նկատմամբ, որ ձմռան ամիսներին հեղուկ գազի արժեքը պետք է թանկանա, սակայն ամռան ամիսներին ոչ միայն գնանկում պետք է լինի, այլ կտրուկ գնանկում։ Տարբերությունը հաճախ կազմել է 2 և նույնիսկ ավել անգամ էժան համեմատած ձմռան ամիսների գների հետ (մասնավորապես, ձմռանը մեկ լիտր հեղուկ գազի 200 դրամ արժեքի դիմաց ամռան ամիսներին 90-110 դրամ գին ըստ գազալցակայանների տեղակայվածության)։

Այս տարի, սակայն, այս ավանդույթը չեղարկվեց, գնանկում չեղավ, հեղուկ գազի մեկ լիտրի գինը ամիսներ շարունակ կազմում է 200 դրամ Երևանում, իսկ մարզերում գուցե 10 դրամ էժան։

Իսկ ի՞նչն է այս տարի նման բարձր գնի պատճառը։

Մատակարարման խնդիրներ Վրաստանի սահմանին.  

Հայաստանի հիմնական ներմուծումները գալիս են Ռուսաստանից և անցնում Վրաստանի տարածքով։ Ամռան ամիսներին Վրաստանի մաքսային անցակետերում բեռնատարները, ըստ որոշ շրջանառվող ինֆորմացիայի, բախվել էին խնդիրների, ինչի պատճառով ստիպված էին կանգնել երկար հերթերում, երբեմն բախվել հավելյալ պահանջների կամ այլ խոչընդոտների։ Սա, բնականաբար,  ուշացնում էր մատակարարումը և ավելացնում լոգիստիկ ծախսերը։

Սակայն բոլոր պատճառների դեպքում կարելի է բերել նաև հիմնավոր հակափաստարկներ, որոնք կապացուցեն, որ նշված պատճառը բավարար գործոն չէ տևական ժամանակ նման բարձր գինը բացատրելու համար։

Վրաստանում առաջացած խոչընդոտները  տարածված կարծիք էր, որով ժամանակին փորձ էր արվում բացատրել հեղուկ գազի թանկ գինը ամռան ամսիներին։ Սակայն այս խնդրին տևական ժամանակ անդրադառնում էր նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ով իր ֆեյսբուքյան էջում օրեր շարունակ ներկայացնում էր վիճակագրական տվյալներ և այդ տվյալներով փորձում էր ապացուցել, որ մատակարարման խնդիրներ, որոնք կարող են բերել հեղուկ գազի գնի թանկացմանը, կամ չկան, կամ եթե կան, լուծելի են ու հաղթահարվող։ Ներկայացնում ենք Գևորգ Պապոյանի մի քանի գրառումներ, որոնք անդրադառնում են վերը նշված խնդրին։

Ի՞նչն է հատկապես հետաքրքիր Գևորգ Պապոյանի գրառման մեջ։ Բացի այն, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարը վիճակագրական տվյալներ էր ներկայացնում, ըստ որոնց պարզ էր դառնում, որ բեռնատարների՝ հայ-վրացական սահմանը անցնելու,  հետևաբար, հեղուկ գազի մատակարարման հետ կապված խնդիրներ չկան, կամ չկան այն ծավալներով, որպեսզի դրանք հանգեցնեն նման գնաճի, Պապոյանը նաև ուղիղ կոչ է անում ՀՀ Պետական մրցակցության հանձնաժողովին զբաղվել հեղուկ գազի գնի թանկացմամբ։

Թե ինչքանով Պապոյանի կոչը ազդու եղավ ու դեր խաղաց,  հայտնի չէ, բայց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության պետական հանձնաժողովը հուլիս ամսին որոշեց զբաղվել հեղուկ գազի գնի թանկացման խնդրով։

Ի՞նչ եղավ արդյունքում։ Ոչինչ։  Ինչպես և սպասվում էր, դա ոչ մի արդյունք չտվեց, տուգանքներ չեղան, գնանկում չեղավ, եղավ ընդամենը հերթապահ հայտարարություն Հանձնաժողովի ֆեյսբուքյան պաշտոնական էջում , ըստ որի, այդ ոլորտում կա ուժեղ մրցակցություն, հետևաբար հակամրցակցային համաձայնություն չէր կարող լինել, իսկ գազի գնի թանկացումը պայմանավորված է բացառապես արտաքին և իրենցից անկախ գործոններով և Հանձնաժողովը այս դեպքում, ցավոք, ոչինչ չի կարող անել։

Ասվեց կամ գրվեց այն, ինչը միանգամայն սպասելի էր բոլորի կողմից, քանի որ հայտնի չէ գեթ մեկ նման դեպք, որ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության պետական հանձնաժողովը  զբաղվի որևէ ոլորտով, և դրա արդյուքնում այդ ոլորտում գնանկում արձանագրվի։ Հանձնաժողովի գործունեության ողջ տրամաբանությունը նրա ստեղծման օրվանից ի վեր կայանում է նրանում, որպեսզի Հանձնաժողովը հաստատի, որ բոլոր ոլորտներում մրցակցություն կա, անկախ նրանից այդ մրցակցությունը իրապես կա թե ոչ, և, հետևաբար, ամեն ինչ կարգին է։

Հեղուկ գազի դեպքում նույնպես կարելի է այս առումով լուրջ կասկածներ ունենալ, քանի որ հեղուկ գազի գինը, ինչպես բենզինի գինը, բոլոր լցակայաններում թանկանում է միաժամանակ և նույն չափով, կարծես հատուկ համաձայնությամբ։ Հեղուկ գազ կարող են ներկրել ավելի քան հարյուր ընկերություններ և այս առումով Հանձնաժողովի պնդումը կասկածի տեղիք չի տալիս։ Սակայն մեծ հարց է, թե հարյուրից ավել ներկրող ընկերությունները ում են պատկանում։ Հայաստանում քիչ չեն դեպքերը, երբ մեկ անձը կարող է տասնյակ ընկերություններ գրանցել և բոլոր տանսյակ ընկերություններով անել նույն գործունեությունը։ ֆորմալ և իրավական առումով տպավորություն կստեղծվի, որ նույն գերծունեությամբ զբաղվում են տասնյակ ըմնկերություններ, սակայն դրանք բոլորը պատկանում են նույն անձին, չնայած գրանցված են նրա տարբեր բարեկամների և ծանոթների անուններով։

Չի բացառվում, որ նույն իրավիճակը լինի նաև հեղուկ գազի ներկրման ոլորտում, և հարյուրից ավել ընկերությունների հետևում  կանգնած լինեն մի քանի անձինք, իսկ այս դեպքում հակամրցակցային համաձայնությունը լիովին հնարավոր է, անկախ նրանից, թե ինչ եզրահանգումներ կանի Հանձնաժողովը, որը վաղուց ունի զուտ սիմվոլիկ գործառույթ և ոչ մի իրական խնդիր չի լուծում։

Հետարքիքր էր նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի դադարը․ որոշ ժամանակ ակտիվորեն զբաղվելով հեղուկ գազի թանկացման խնդրով, Պապոյանը ինչ-որ պահից կտրուկ դադարեց հիշատակել այդ խնդրի մասին, կարծես մոռացության մատնելով այդ հարցը, չնայած շուկայում  հեղուկ գազի գնանկում այդպես էլ չեղավ։ Նրա գրառումները այն մասին, որ հեղուկ գազով բեռնված բեռնատարները հատել են հայ-վրացական սահմանը և մտել Հայաստան, ոչ մի արդյունքի չբերեցին գազի գնի նվազման առումով, իսկ Պապոյանը ինքը դադարեց անդրադառնալ այս թեմային և արդեն մոտ երկու ամիս այս մասին ոչինչ չի ասում։ Վերոնշյալ գրառումից հետո այս մասին ոչինչ չի խոսում նաև Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը։ Թեման կարծես վերջնականպես դուրս եկավ պետական մարմինների ուշադրության կենտրոնից, գինը մնաց նույնը և ոչինչ չփոխվեց։ Անդրադարձներ չեղան նաև ՀՀ Ազգային Ժողովում տարբեր պատգամավորների կողմից, չնայած պատգամավորները նույնպես կոչված են ԱԺ ամբիոնում բարձրացնել հանրությանը հուզող խնդիրների մասին և պահանջել լուծումներ համապաատսխան մարմիններից, իսկ շատերը նաև հեղուկ գազի սպառող են կամ ունեն հեղուկ գազ սպառող ընտանիքի անդամներ։

Սպառողների շրջանում բողոքի բացակայությունը

Պետական մարմինների անգործության կամ խնդրին հպանցիկ անդրադառնալու արդյունքում սպառողը մնաց միայնակ և շարունակում է սպառել հեղուկ գազ բավական բարձր գնով։ Չնայած հեղուկ գազը ամենօրյա սպառման ապրանք է, ինչպես հացը, սննդամթերքը, սակայն դրա գնի բարձրացումը չբերեց նաև բողոքի դրսևորումների սպառողների, վարորդների կողմից։ Խմբային, միջանձնային զրույցներում, իհարկե, բոլորն էլ անդրադառնում են այս խնդրին, լուռ բողոք կա, բայց դա, տարբեր պատճառներով, դեռ  չի վերաճում զանգվածային բողոքի  ընդդեմ հեղուկ գազի բարձր գների։

   Պահանջարկի աճը, որը բերում է նաև գնաճի․

Հայաստանում ավտոմեքենաների քանակը աճում է, և դա էլ բերում է հեղուկ գազի սպառման քանակի ավելացման, ինչն էլ բերում է հեղուկ գազի գնի աճին։ Սակայն այս պնդումը միանշանակ չէ․ Հայաստանում ավտոմեքենաների քանակը, այո, աճում է, բայց Հայաստանի ավտոպարկում ավելանում է հիբրիդ և հատկապես էլեկտրական մեքենաների քանակը։ Վերջին դեպքում մեքենաների ներկրումը որևէ կերպ չի կարող ազդել հեղուկ գազի գնի վրա, քանի որ էլեկտրական մեքենաները հեղուկ վառելիք չեն օգտագործում։ Ուստի նման պնդում կատարելիս դեռ պետք է մանրամասն հաշվարկ անել, թե քանի տոկոս  է կազմում հիբրիդ և էլեկտրական մեքենաների քանակը ամեն տարի Հայաստան ներկրվող մեքենաների ընդհանուր քանակի մեջ, մնացած ներքին այրման շարչիժով (ՆԱՇ) մեքենաների քանի տոկոսն է լիցքավորվում հենց հեղուկ գազով, քանիսը շարունակում լիցվքավորվել բենզինով կամ դիզելային վառելիքով, և քանիսը մեթան տեսակի գազով (ժողովրդական լեզվով ազած՝ «օդ գազով»)։ Ուստի մեքենաների քանակի ավելացումը որպես պահանջարկի ավելացում դիտարկելը միանշանակ չէ։

Տնտեսական մանրամասն հաշվարկի դեպքում չի կարելի անգամ բացառել, որ գոնե Երևանում հեղուկ գազի սպառումը գուցե  նույնիսկ նվազել է, քանի որ հատկապես Երևանում էլեկտրական մեքենաների քանակը վերջին երեք տարիներին կտրուկ ավելացել է, և բազմահազար քաղաքացիներ հրաժարվել են իրենց ՆԱՇ մեքենաներից և փոխարենը ձեռք բերել էլեկտրական մեքենաներ, որոնք հեղուկ գազ չեն սպառում։ Այս դեպքում չի բացառվում, որ Երևանում ոչ թե հեղուկ գազի պահանջարկի աճ է եղել, այլ, ընդհակառակը, պահանջարկի նվազում, և գների բարձրացումը պյամանավորված է  հենց դրանով, որպեսզի ապահովվի նույնչափ շահույթը ավելի նվազ սպառման դեպքում։

Եթե ամփոփենք, ապա կարող ենք փաստել, որ Հայաստանում հեղուկ գազի գները իսկապես շատ թանկ են, և դա կարող է ունենալ տարբեր պատճառներ, ինչը զուգորդվում է պետական համապատասխան մարմինների անգործությամբ և խնդրին բավարար ուշադրություն ու հետևողականություն չցուցաբերելու գործելաոճով։ Եթե ամռանը ՀՀ Էկոնոմիկայի նախարարը որոշ չափով անդրադառնում էր այս խնդրին, ապա այժմ նա ամբողւջոթւյամբ մոռացության է մատնել այս թեման, չնայած խնդիրը չի լուծվել։ Իսկ Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին անդրադառնալու կարիք անգամ չկա։

Հեղինակ՝ Վլադիմիր Հովհաննիսյան