Ամերիկյան էլեկտրամեքենաների արտադրող Tesla-ի տնօրենների խորհուրդը ցանկանում է ընկերության ղեկավար Իլոն Մասկին առաջարկել 1 տրիլիոն դոլար որպես աշխատանքի դիմաց վարձատրություն։ Սակայն նույնիսկ եթե ներդրողները համաձայնեն այս ծրագրին, Մասքը տասներկու զրոյով այդ գումարը կկարողանա ստանալ միայն այն դեպքում, եթե առաջիկա 10 տարվա ընթացքում ապահովի մի շարք տնտեսական ցուցանիշների իրականացում, որոնք մասնագետները համարում են չափազանց հավակնոտ և շատ դժվար իրագործելի, մասնավորապես, բարձրացնել Tesla ընկերության արժեքը 8 անգամ։
Ըստ տնօրենների խորհրդի ծրագրի՝ Tesla-ի ղեկավարը չի ստանա կանոնավոր աշխատավարձ կամ բոնուսներ։ Փոխարենը նրան պետք է հատկացվի ընկերության բաժնետոմսերի մի մասը, ընդ որում՝ այդ բաժինը կաճի աստիճանաբար՝ ըստ սահմանված նպատակների կատարման։
Տնօրենների խորհուրդը կոչ է արել ներդրողներին քվեարկել այս ծրագրի օգտին, և միայն այդ դեպքում այն կարող է կյանքի կոչվել։
«Այն աճը, որը այսօր կարող է անհավանական թվալ, իրականանալու շանս ունի նոր գաղափարներով, լավագույն տեխնոլոգիաներով և մեծ նորարարություններով, – ասել է Tesla-ի տնօրենների խորհրդի նախագահ Ռոբին Դենհոլմը։ – Պարզ ասած, մեզ համար կենսական կարևորություն ունի պահպանել և խրախուսել Իլոնին, որպեսզի Tesla-ն հասնի այս նպատակներին և դառնա պատմության ընթացքում ամենաբարձր գնահատված ընկերությունը»։