Ռալլիի «Բ» խումբը համարվում է համաշխարհային ռալլիի ոսկե դարաշրջանը։ Բացի խելահեղ ինժեներներից, որոնք «Բ» խմբի համար ստեղծում էին 500-ձիաուժանոց հրեշներ, իսկական խելահեղներ էին դարձել նաև մրցարշավորդները։ Աշխարհը տեսավ վարպետության իսկական հանճարների, որոնք կառավարում էին այդ հրեշներին հնարավորությունների սահմանագծին։ Եվ, երևի, զարմանալի չէ, որ հենց այս խենթ ժամանակաշրջանում ավտոսպորտում փայլում էր ամենայուրահատուկ կին մրցարշավորդներից մեկը, որի մասին էլ ուզում եմ պատմել։
1951 թվականի հունիսին 23-ին է ծնվել ֆրանսիացի ռալլիստ Միշել Մուտոնը, լեգենդար կինը, ով ավտոմրցույթներում հավաքեց հաղթանակների ու տիտղոսների ամենահարուստ պաշարը։ Նա առաջին կինն էր, որը հաղթեց Աշխարհի ռալլիի առաջնության (WRC) փուլում։ Միշել Մուտոնը միաժամանակ ռալլիի ամենավտանգավոր՝ «B խմբի» վետերան էր, աշխարհի ռալլիի փոխչեմպիոն, Պայքս Փիք սարի բարձրունքը ավտոմեքենայով հաղթահարելու ռեկորդակիր, Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի մեծ հեղինակություն և այն կինը, ով ոգեշնչեց բազմաթիվ կանանց ավտոսպորտում։ Ավելին, նա հավասարի պես մրցում էր մեծն Վալտեր Ռյորլի հետ։ Ստորև ներկայացնում ենք ավտոասպորտի ամենահայտնի լեգենդ Միշել Մուտոնի պատմությունը։

Ժասմին, Citroën 2CV և առաջին մրցարշավները
Ապագա չեմպիոնն ու ռեկորդակիրը ծնվել էր Ֆրանսիայի Գրաս քաղաքում, մի վայրում, որն ամենահեռուն էր ավտոսպորտից։ Գրասը հայտնի է ամբողջ աշխարհում իր օծանելիքի արդյունաբերությամբ, որով զբաղվում էր նաև Միշելի ընտանիքը․ նրանք աճեցնում էին ժասմին և վարդեր։
Ճիշտ է, երիտասարդ Միշելին դրանք ինչ-ինչ պատճառներով դուր չէին գալիս։ Միշելը մեծանում էր որպես ակտիվ աղջիկ․ զբաղվում էր թենիսով և լողով, սիրում էր վարել ավտոմեքենա, բայց որևէ ավտոմրցարշավային կարիերայի մասին խոսք անգամ չէր կարող լինել։ Նա սովորում էր իրավաբանություն և ավտոմրցումների աշխարհին հանդիպեց լրիվ պատահական, չնայած ընտանիքին պատկանող Citroën 2CV-ն նրան գրավել էր վաղուց․ թեթև թափք, օդով սառեցվող երկմխոցանի շարժիչ և 105 կմ/ժամ առավելագույն արագություն։ Ժողովրդական այդ մեքենայի ղեկին Միշելը նստել էր արդեն 14 տարեկանում, քանի որ օծանելիքի քաղաք Գրասում 2CV-երի պակաս պարզապես չկար։
Citroën 2CV

Եվս վեց տարի անց Միշելը հայտնվեց ռալլիում, սակայն, սկզբում ոչ որպես վարորդ։ Երեկույթներից մեկում նա ծանոթացավ երիտասարդ իտալացի մրցարշավորդ Ժան Թայբիի հետ, որը զվարճանքի համար նրան առաջարկեց մեկնել Կորսիկա՝ հետևելու «Ռալլի Կորսիկա»-ին որպես դիտորդ։ Միշելի հայրը ոչ միայն դեմ չէր այդ ճանապարհորդությանը, այլև, ընդհակառակը, ամբողջությամբ ֆինանսավորեց երկու երիտասարդների ուղևորությունը։ Այդ ծանոթությունը ճակատագրական դարձավ Միշելի հետագա կյանքի համար։
«Ես երբեք չեմ ցանկացել դառնալ ավտոմրցարշավորդ և նման բան չեմ էլ ծրագրել», նշում էր Միշելը։ «Իմ մոտ ընկերն էր, որ հանդես էր գալիս սիրողական մակարդակով։ Ես մեկնեցի Կորսիկա՝ նրան հետևելու համար։ Նա վիճեց իր շտուրմանի հետ ու օգնության խնդրանքով դիմեց ինձ։ Դա լիովին պատահականություն էր»։ Ստացվեց այնպես, որ շտուրմանի հետ վեճի արդյունքում Թայբին Միշելին նստեցրեց իր կողքին, մեքենայի աջ նստատեղում։ Դա ճակատագրական պահ էր, որն ամբողջությամբ փոխեց Միշելի կյանքը։ Արդեն 1973-ի հունվարին նա մասնակցեց իր առաջին ավտոմրցարշավին, այն էլ ինչ ավտոմրցարշավ․ Միշել Մուտոնի դեբյուտը տեղի ունեցավ հենց «Մոնտե-Կառլո» ռալլիում։
Դստեր նոր հետաքրքրությունը ըստ արժանվույն գնահատեց հայրը, ով ժամանակին ինքն էլ երազում էր դառնալ ավտոմրցարշավորդ։ Նա որոշեց, որ դուստրը ցանկացած գնով պետք է լինի պիլոտ։ Իսկ դրա համար պետք էր Միշելի համար գնել ավտոմեքենա և ստեղծել սեփական մրցարշավային թիմ։ Այդպես էլ միանգամից հալվեցին Մուտոնների ընտանիքի բոլոր խնայողությունները, բայց Միշելը ձեռք բերեց Alpine A110 ռալլի կուպեն։ Իսկ նրա հայրը հիմնել էր Groupe Compétition Grasse թիմը, որտեղ աշխատում էին ընտանիքի ընկերներն ու հարևանները։
Alpine A110 ռալլի կուպեն

Միշելն անմիջապես արդարացրեց հոր հույսերն ու զոհողությունները․ արդեն 1973-ի առաջին ամբողջական սեզոնում նա զբաղեցրեց կանանց մեջ 8-րդ տեղը Ֆրանսիայի ազգային ռալլիի առաջնությունում։ Հաջորդ տարում Մուտոնը կատարեց իր դեբյուտը Աշխարհի առաջնությունում։ Կարճ ժամանակ անց նա արդեն ավտոմրցարշավում Ֆրանսիայի և Եվրոպայի կանանց չեմպիոնն էր։
Միաժամանակ Միշելը փորձեց իրեն նաև շրջանաձև մրցավարշավում․ 1975-ին, նավթային հսկա Elf ընկերության հովանավորությամբ, նա մասնակցեց «Լե Մանի 24 ժամ» մրցավազքին։ Եվ կրկին փայլուն արդյունքով․ անձրևի պայմաններում նա Moynet LM75 Le Mans սպորտային պրոտոտիպը բերեց իր դասակարգման առաջին տեղ։ Թեև ակնհայտ հաջողություններ ուներ շրջանաձև մրցարշավներում, Մուտոնը որոշեց իր հետագա կարիերան կապել ռալլիի հետ։ Դրան մեծապես նպաստեց նաև 1970-ականների վերջում իտալական «Fiat»-ի հետ կնքված պայմանագիրը։ Ճիշտ է, այդ փուլը նրա կենսագրության մեջ առանձնապես պայծառ պատմություններով չնշանավորվեց։ Իսկ ահա հաջորդ փուլը դարձավ իսկական լեգենդ։
«B խումբը» և Quattro-ի դարաշրջանը
1980-ականների սկզբին Աշխարհի ռալլիի առաջնությունում հայտնվեց նոր կարգ՝ «B խումբը»։ Եվ դա իսկական անարխիա էր ու փանք-ռոք ավտոսպորտի աշխարհում․ նվազագույն կանոնակարգեր, հզորության ոչ մի սահմանափակում, փորձարարություններ մեքենաների կառուցվածքում թեթև նյութերի կիրառմամբ։ Արդյունքում ռալլիի երթուղիներում հայտնվեցին 500–600 ձիաուժ հզորությամբ շարժիչներով իսկական հրեշներ, որոնք առաջին հարյուրին հասնում էին ընդամենը 2,3 վայրկյանում։ Եվ դա մանրախիճի վրա։ Այս ամենը հնարավոր դարձավ, մասնավորապես, Audi-ի շնորհիվ, որը ներկայացրեց իր հեղափոխական լիաքարշակ համակարգը՝ Quattro-ն։
Audi Quattro-ն

Մինչև Audi Quattro-ն լիաքարշակ համակարգը հազվադեպ էր հանդիպում մարդատար ավտոմեքենաների վրա և կիրառվում էր հիմնականում միայն ամենագնացների և բեռնատարների մոտ։ Audi-ն այս տեխնոլոգիան հասանելի դարձրեց թեթև մեքենաների համար և ստեղծեց կենտրոնական Torsen դիֆերենցիալը, որը ավտոմատ կերպով բաժանում էր պտտող մոմենտը առջևի և հետևի առանցքների միջև։ 45 տարի առաջ սա իսկական նորամուծություն էր․ թեթև մեքենաները ստացան գերազանց կայունություն և անցանելիություն, հատկապես սահուն մակերեսների վրա։ Բայց ամենից առաջ լիաքարշակը օգնեց հաղթել մրցավազքներում։
Audi Quattro-ն մրցարշավի ժամանակ



Որպեսզի բացատրի, թե ինչու հաճախորդները պետք է մեքենայի համար հավելյալ մի քանի հազար գերմանական մարկ վճարեն, Audi-ն Quattro համակարգով պրոտոտիպերը դուրս բերեց Աշխարհի ռալլիի առաջնության (WRC) մրցարշավ։ Եվ այնտեղ հասավ շլացուցիչ հաջողությունների, ինչին մեծապես նպաստեց նաև մեր հերոսուհին։
Մուտոնը և Audi-ն
Այսօր մեր շուրջը ֆեմ-ակտիվության դարաշրջանն է, իսկ 1980-ին փոփ-մշակույթի կենտրոնում մկանուտ մաչոն էր, որը մի ձեռքով էլ կարող էր պահել գնդացիրը ու կրակել։ Այդ ֆոնի վրա խոստումնալից, բայց կին մրցարշավորդի և Audi Sport-ի միջև պայմանագրի ստորագրումը իսկական պայթող ռումբի էֆֆեկտ ունեցավ, կամ, ինչպես հետագայում ինքը Միշելն էր նշում, դարձավ “Complete shock”։
«Երբ նրանք ինձ զանգեցին, ես շոկի մեջ էի։ Երբ դու պարզապես Ֆրանսիայից մի մրցարշավորդ ես, իսկ քեզ զանգում են Գերմանիայից ու առաջարկում մասնակցել աշխարհի ռալլիի առաջնությանը նրանց թիմի կազմում, դու չես կարող հավատալ դրան։ Ես չգիտեի, թե ինչի կբերի դա, բայց չէի կարող ասել «ոչ»։ Իմ թիմակիցը պետք է լիներ Հաննու Միկկոլան։ Նա միշտ եղել է իմ համար ամենամեծերից մեկը, իսկ հիմա մեզ սպասվում էր ելույթ ունենալ մեկ թիմում», հիշում էր Միշելը։
Միշելը առաջին անգամ Audi Quattro-ի ղեկին նստեց Ֆինլանդիայում անցկացվող ռալլիի եզրափակիչ փուլում։ Սկզբում մեքենան նրան այնքան էլ մանևրող չթվաց, սակայն Հաննու Միկկոլայի խորհուրդները օգնեցին բացահայտել Audi Quattro-ի ամբողջ ներուժը։
Միշել Մուտոնը Audi Quattro-ի ղեկին


Audi Quattro-ի ղեկին դեբյուտից ընդամենը մեկ տարի անց Մուտոնը սկսեց ռեկորդներ սահմանել։ Ամենահիշարժաններից մեկը պատմության մեջ առաջին անգամ WRC-ում կին-պիլոտի հաղթանակն էր Rallye Sanremo-ում։ Դա միաժամանակ նաև առաջին հաղթանակն էր Audi Quattro-ի համար։ Հաջորդ տարի Միշել Մուտոնը իր հաշվին գրանցեց ևս երեք փուլային հաղթանակներ՝ Պորտուգալիայում, Հունաստանում և Բրազիլիայում։
Հենց Պորտուգալիայի ռալլիում նրան որպես շտուրման միացավ Ֆաբրիցիա Պոնսը, որի հետ նրանք երկար ժամանակ հանդես էին գալու միասին։ Դա աշխարհի ռալլիի առաջնությունում առաջին կանանց էկիպաժն էր և նման բանը չէր կարող աննկատ մնալ։
Միշել Մուտոնը և Ֆաբրիցիա Պոնսը Rallye Sanremo-ում հաղթանակից հետո, 1981

1982 թվականի մրցաշրջանի սկիզբը չստացվեց։ Ռալլի Մոնտե-Կառլոյում Միշելը վթարի ենթարկվեց և վնասեց ծունկը, իսկ նրա շտուրմանը ստացավ գլխուղեղի ցնցում։ Վնասվածքները լուրջ չէին, և մրցարշավորդները արագ ապաքինվեցին․ նրանք Շվեդիայում զբաղեցրին 5-րդ տեղը, իսկ հետո Պորտուգալիայի ռալլիում հաղթեցին իրենց երկրորդ մրցարշավը։ Յոթ փուլից հետո Մուտոն-Պոնս էկիպաժը ընդհանուր հաշվարկում երկրորդ տեղում էր։ Բրազիլիայի ռալլիում Միշելը կարողացավ իր կարիերայում չորրորդ անգամ հաղթանակ տոնել՝ նվազագույնի հասցնելով իր գլխավոր մրցակից Վալտեր Ռյորլի հետ ունեցած տարբերությունը։ Միշելի հաշվին երեք հաղթանակ կար, մինչդեռ Ռյորլը ուներ երկուսը։
Թվում էր՝ չեմպիոնական տիտղոսը արդեն Մուտոնի գրպանում է, բայց…
Աֆրիկայում կայացած «Կոտ դ’Իվուարի» ռալլիում Միշելը հանդես էր գալիս որպես առաջնության առաջատարներից մեկը։ Մրցարշավի մեկնարկից մեկ օր առաջ նրան հայտնեցին ողբերգական լուրը․ նրա հայրը՝ առաջին հովանավորը, մարզիչը և ողջ կարիերայի ոգեշնչողը, հանկարծամահ էր եղել քաղցկեղից։ Վշտից կոտրված Միշելը լրջորեն մտածում էր մրցարշավից հրաժարվելու մասին։ Այդ որոշմանը նրան ակտիվորեն մղում էր նաև թիմակիցը՝ շտուրման Ֆաբրիցիա Պոնսը։ Սակայն Միշելի մայրը ի վերջո համոզեց նրան շարունակել մասնակցությունը՝ բերելով սպառիչ ու անհերքելի փաստարկ․ «Այս մրցարշավը իսկական հարգանքի տուրք կլինի հորդ հիշատակին»։

Եվ Միշելը մեկնարկեց, այն էլ ինչպիսի՜ մեկնարկով։ Պայմանները անտանելի էին․ մեքենայի ներսում ջերմաստիճանը կարող էր հասնել մինչև 70 աստիճանի, սակայն, չնայած շոգին և փոխանցման տուփի խնդիրներին, Միշելը վստահորեն պահում էր առաջատարի դիրքը մինչև ռալլիի վերջին օրը։
Առաջին օրվա ավարտին նա մրցակիցներից առաջ էր անցել ավելի քան մեկ ժամով։ Բայց հետո սկսվեց անհաջողությունների շղթան․ սկզբում՝ փոխանցման տուփի փոխարինում, հետո՝ ճաքած ռադիատոր, շարքից դուրս եկած քարշակ… Տեխնիկական խափանումներին հաջորդեցին վարորդական սխալները, իսկ սխալներին՝ վթարն ու ճանապարհից դուրս թռչելը։ Այնուամենայնիվ, սեզոնի ընթացքում հավաքած միավորները բավարար եղան, որպեսզի Միշելը գրանցի հերթական պատմական նվաճումը՝ երկրորդ տեղը WRC-ի եզրափակիչ հաշվարկում, ընդամենը մի քանի միավորով զիջելով անպարտելի Վալտեր Ռյորլին, ով հաղթեց և՛ «Կոտ դ’Իվուարի» ռալլին, և՛ ամբողջ առաջնությունը։
Մուտոնը և Ռյորլը
Տեսնելով Audi Sport-ի հաջողությունները WRC-ի ասպարեզում՝ Վալտեր Ռյորլը ցանկացավ միանալ լավագույններին։ Այդպես 1984–1985 թվականների մրցաշրջաններում Ռյորլը և Մուտոնը հայտնվեցին ժամանակաշրջանի ամենաարագ ու ամենանորարար մեքենաների ղեկերի հետևում։ Կարո՞ղ էր այս ամենը անցնել առանց դրամայի։ Իհարկե ոչ։ Սա ավտոսպորտ էր, որտեղ թիմակիցները նախևառաջ մրցակիցներ են, և որտեղ ոչ միայն արագ են վարում, այլև նյարդերի վրա են խաղում։
Վերջին գործում սուր լեզվով գերմանացին նույնքան վարպետ էր, որքան «B խմբի» հրեշներին վարելիս։ Առայսօր հիշվում է Մուտոնի հասցեին ասված նրա խոսքերը․ «…Audi Quattro-ի ղեկին նույնիսկ վարժեցված կապիկը կարող է հաղթել»։ Մուտոնը հակադարձում էր․ «Quattro-ն հրաշք-մեքենա չէ, որ ֆինիշին հասնի բոլորից երկու օր շուտ», դրանով ակնարկելով գործընկեր-մրցակցին, որ միայն լավ մեքենան բավարար չէ լավ արդյունքներ գրանցելու համար։ Սակայն սարկաստիկ գերմանացուն դա չէր կանգնեցնում։ Նա շարունակում էր Մուտոնի հասցեին կծու արտահայտություններ անել, օրինակ, ասելով․ «Ես չեմ ուզում դառնալ առաջին տղամարդը, ով ավտոսպորտում կպարտվի կնոջը», որոնց համար հետագայում ստիպված եղավ բազմիցս ներողություն խնդրել։
Վալտեր Ռյորլը

Ներողությունները, սակայն, ներկայացվեցին միայն տասնամյակներ անց։ Իսկ մրցարշավի ժամանակ մրցակցությունը մեծ էր և լարվածությունը խիստ։ Ո՞վ, ի վերջո, հաղթող դուրս եկավ շարժիչների և նյարդերի այդ պայքարում։ Միշել Մուտոնը ավելի հաջողակ էր Audi Sport-ի շրջանակում, նրա հաշվին ավելի շատ հաղթանակներ կային WRC-ում (չորս հաղթանակ Ռյորլի երկուսի դիմաց)։ Սակայն չեմպիոնական տիտղոսների տեսանկյունից Վալտեր Ռյորլը առավելություն ուներ․ WRC-ի անհատական հաշվարկի բարձրագույն աստիճանը նա նվաճել էր երկու անգամ։

Ճիշտ է, Ռյորլը երկու տիտղոսներն էլ նվաճել էր ոչ թե Audi Sport-ի կազմում, այլ 1980-ականների սկզբին՝ Fiat Abarth-ի և Opel-ի թիմերում։ Audi Quattro-ի հետ նրա լավագույն արդյունքը 1985-ի սեզոնի անհատական հաշվարկում երրորդ տեղն էր։ Մուտոնի համար WRC-ում բարձրագույն նվաճումը 1982-ի փոխչեմպիոնությունն էր։ Սակայն ֆրանսուհու նվաճումների ցանկը այսքանով չէր ավարտվում։
Audi-ի հետ պայմանագրի ավարտից հետո Միշել Մուտոնը որոշ ժամանակ շարունակեց իր խելահեղ ընթացքը Աշխարհի ռալլիի առաջնության մրցուղիներով։ Սակայն արդեն 1984-ից նրա մասնակցությունը WRC-ում դարձավ էպիզոդիկ։ Միշելը միայն մեկ անգամ հասավ ֆինիշին (երկրորդ տեղ Բրիտանիայի փուլում), մնացած մրցարշավները հիմնականում ավարտվեցին մրցույթից դուրս մնալով։
1986-ին տեղի ունեցավ ևս մեկ փորձ, այս անգամ Peugeot-ի թիմի հետ։ Peugeot 205 Turbo 16-ի ղեկին Մուտոնը մեկնարկեց սեզոնի երկու փուլերում, բայց երկուսն էլ ավարտվեցին վաղաժամ՝ տեխնիկական խափանումների պատճառով։
Միշել Մուտոնը Peugeot 205 Turbo 16-ի ղեկին


Իսկ հետո ռալլիի «B խումբը» ավարտվեց։ 600 ձիաուժ հզորությամբ հրեշները շատ վտանգավոր էին։ «B խմբի» մեքենաների ղեկին մահացան վարորդներ, իսկ WRC-ի մրցուղիներում՝ դիտորդներ։ Նման դեպքերի հաջորդաբար կրկնվելուց հետո Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիան անցավ կոշտ միջոցների։ Նրանք պարզապես արգելեցին «B խումբը»։ «Եթե նրանք փակում են «B խումբը»-ը, ապա դա իմ համար էլ է վերջը»․ հենց այս խոսքերով էլ Միշելն ավարտեց ռալլիի իր կարիերան։
Ռալլիից հեռանալուց հետո Միշելն ամուսնացավ և ունեցավ մեկ դուստր։ Սակայն տարբեր մրցարշավներում իր մասնակցությունը նա չդադարեցրեց։ 1980-ականների կեսերին Մուտոնը նույն Audi Sport-ի կազմում միաժամանակ գրանցեց մի քանի ռեկորդներ Պայքս Փիք սարը բարձրանալու մրցումներում (Pikes Peak Hill Climb)։
Առաջին ռեկորդ․ վերև բարձրանալու ժամանակը՝ 11 րոպե 2,39 վայրկյան։
Երկրորդ ռեկորդ․ Պայքս-փիքի մրցույթում հաղթած առաջին կինը;
Երրորդ ռեկորդ․ առաջին հաղթողը Եվրոպայից։
Միշելի ակտիվ մրցարշավային կարիերան, ի վերջո, հասավ դադարի փուլին, սակայն սկսվեց հասարակական և կազմակերպչական ակտիվ գործունեությունը։ 1988-ին Մուտոնը դարձավ Race of Champions-ի հիմնադիրներից մեկը, մրցարշավային միջոցառում, որի շրջանակում մեկ մրցուղիում հանդիպում են տարբեր մրցույթներում աչքի ընկած վարորդներ՝ շրջանաձև մրցարշավներից մինչև ռալլի։ 2010-ից 2024 թվականներին Միշելը աշխատեց որպես WRC-ի անվտանգության պատվիրակ։ Նույն 2010-ից մինչև 2022-ը նա գլխավորում էր Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի (FIA) «Կանայք ավտոսպորտում» հանձնաժողովը, որը ստեղծվել էր դեռահաս աղջիկներին աջակցելու համար։
Չնայած FIA-ի հանձնաժողովի ակտիվ աշխատանքին և Միշելի բոլոր ջանքերին, որոնք նա գործադրում էր կանանց դերը ավտոսպորտում հանրաճանաչ դարձնելու համար, հենց ինքը՝ Միշել Մուտոնն է 74 տարեկանում դեռ մնում լավագույնը։ WRC-ում իր փայլուն կարիերայի ավարտից չորս տասնամյակ անց դեռ ոչ ոք չի հայտնվել, որ հավակնի նրա ռեկորդներին, առավել ևս, գերազանցի դրանք։
Հեղինակ՝ Վլադիմիր Հովհաննիսյան
