Nissan ընկերությունը հրապարակել է Չինաստանի շուկայի համար Dongfeng կոնցեռնի հետ համատեղ արտադրվող թարմացված Teana սեդանի առաջին պատկերները։ Սեդանի արտաքին դիզայնը կրել է զգալի փոփոխութուններ և հնարավոր է նաև սրահի արդիականացում, սակայն AutoHome-ի տվյալներով՝ տեխնիկական մասով փոփոխություններ չեն նախատեսվում։ Նոր մոդելը ստանալու է Teana Plus անվանումը և Չինաստանի շուկայում կհայտնվի տարվա չորրորդ եռամսյակում։
Դատելով լուսանկարներից՝ սեդանը կունենա էականորեն վերափոխված առջևի հատված, որը ձևավորված է բրենդի նորաոճ ոճով։ Կհայտնվեն, օրինակ, նոր ռադիատորի ցանց եզրային հատուկ ներդիրներով, թարմացված լուսարձակներ և ավելի ագրեսիվ բամպեր։ Հետին հատվածում կլինի մոնոլուսարձակ պիքսելային գրաֆիկայով և լուսավորված մակնիշի անվամբ։ Կառաջարկվեն մինչև 19 դյույմանոց նոր անիվային սկավառակներ և թափքի երկգունային ներկման տարբերակ։

Դիզայնի փոփոխությունների արդյունքում Teana-ի երկարությունը կաճի 14 միլիմետրով՝ հասնելով 4920 միլիմետրի, իսկ մնացած չափսերը կմնան անփոփոխ։ Սրահի լուսանկարներ առայժմ չկան, բայց ակնկալվում է, որ սեդանը կստանա նոր «թվային կոկպիտ» և կատարելագործված մեդիա համակարգ, որը հնարավորություն կտա առաջարկել նորարար տեխնոլոգիական ծառայություններ։
Սերտիֆիկացիայի գործընթացում հայտնի է դարձել, որ Nissan Teana Plus-ը կստանա նույն երկու լիտրանոց տուրբոշարժիչը, ինչ սովորական Teana-ն։ Այն զարգացնում է 243 ձիաուժ և աշխատում է վարիատորի հետ, որը կարող է 8–աստիճան ավտոմատ փոխանցման տուփի աշխատանքի իմիտացիա անել։ Չինաստանում սեդանը ներկայում հասանելի է նաև ավելի թույլ, առանց տուրբոմղիչի շարժիչներով, սակայն թարմացված տարբերակի վրա դրանք, ամենայն հավանականությամբ, չեն դրվի։ Նախնական տեղեկություններով՝ Nissan-ը պլանավորում է Չինաստանում վաճառել Teana և Teana Plus մոդելները զուգահեռ։

