General Motors–ը և Hyundai-ն միավորվում են ընդդեմ Չինաստանի և սկսում են համատեղ ավտոարտադրություն

General Motors-ը և Hyundai Motor-ը հայտարարել են հինգ նոր ավտոմեքենաների համատեղ նախագծման և արտադրության մասին։ Այս որոշումը կայացվել է չինական ավտոարտադրողների հետ մրցակցության սրացման ֆոնին։

Գործընկերության նպատակը ծախսերի կրճատումն է և կարևոր արտասահմանյան շուկաներում դիրքերի ամրապնդումը։ Հինգ մոդելներից չորսը՝ կոմպակտ քրոսովերը, թեթև մարդատար ավտոմեքենան, պիկապը և միջին չափի պիկապը, նախատեսված են Կենտրոնական և Հարավային Ամերիկայի շուկաների համար։ Դրանք կունենան բենզինային և հիբրիդային շարժիչներ։ Արտադրությունը կմեկնարկի 2028 թվականին։ Սպասվում է, որ ամբողջական հզորությամբ աշխատելիս ընկերությունները տարեկան կարտադրեն առնվազն 800 հազար նման ավտոմեքենա։

Hyundai-ի համար սա ավտոմեքենաների համատեղ նախագծման ոլորտում առաջին խոշոր գործընկերությունն է։ Վերլուծաբանները նշում են, որ չինական մրցակիցների ճնշումը, որոնք առաջարկում են էժան և տեխնոլոգիական էլեկտրամեքենաներ, ստիպում է ավանդական ավտոարտադրողներին փնտրել նմանատիպ դաշինքներ։

Այնուամենայնիվ, որոշ մասնագետներ կասկածում են, որ նոր դաշինքը կկարողանա արագորեն գերազանցել չինացիներին Հարավային Ամերիկայի շուկայում, որտեղ վերջիններս արդեն առաջատար դիրք ունեն էլեկտրամեքենաների մատչելիության առումով։ GM-ի համար այս համաձայնագիրը դիտվում է որպես տրամաբանական քայլ՝ 2023 թվականին Honda-ի հետ 5 միլիարդ դոլար արժողությամբ բյուջետային էլեկտրամեքենաների ստեղծման համատեղ նախագծի չեղարկումից հետո։