Volvo ընկերությունը Չինաստանում հրապարակել է նոր սերնդի XC70 մոդելի պաշտոնական լուսանկարները: Նոր Volvo XC70-ը այլևս չի լինի պարզապես քրոս-յունիվերսալ, այլ կդառնա լիարժեք ամենագնաց։ Մեքենայի շնորհանդեսը նախատեսվում է մոտ ապագայում, քանի որ նախնական պատվերների ընդունումը սկսվելու է օգոստոսին, իսկ մատակարարումները նախատեսված են սեպտեմբերից։
XC70-ի առաջին տեխնիկական բնութագրերը հայտարարվել էին այս գարնան վերջին, սերտիֆիկացման գործընթացի շրջանակում։
Լուսանկարներում պատկերված է քրոսովեր, որը պահպանել է Volvo-ին բնորոշ արդի դիզայնը՝ համալրված Չինաստանի շուկայի համար բնորոշ որոշ լուծումներով։ Նոր XC70-ը կպահպանի ընկերության խորհրդանշական Т-աձև ընթացքային լուսարձակները, որոնք հայտնի են որպես «Թորի մուրճ»։ Գլխավոր լուսարձակների բլոկները կլինեն ուղղահայաց։

Բամպերը ստացել է խոշոր օդընդունիչ, իսկ կապոտի վրա հատկապես շեշտված են երկարավուն իջվածքները։ Բացի այդ, ապագա նորույթն առանձնանում է թաքնված դռների բռնակներով և խոշոր հետին սյուների դինամիկ թեքությամբ։
AutoHome կայքը հրապարակել է նաև Volvo XC70-ի սրահի լրտեսական լուսանկար, որը հնարավորություն է տալիս նկատելու մեծ չափի կենտրոնական էկրանը։ Նշվում է, որ քրոսովերի ինտերիերը լինելու է մինիմալիստական ոճով, նվազագույն քանակի ֆիզիկական կոճակներով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ XC70-ի չափսերը կլինեն 4815 x 1890 x 1650 միլիմետր, իսկ անվային բազան՝ 2895 միլիմետր։ Քրոսովերը համալրվելու է հիբրիդային շարժիչային համակարգով, որի հիմքում կլինի 163 ձիաուժ հզորությամբ Geely-ի ներքին այրման շարժիչ։ Հիբրիդային տարբերակի էլեկտրական շարժմամբ անցանելիությունը պետք է հասնի մինչև 200 կիլոմետր։
Volvo-ի եվրոպական մասնաճյուղը ևս արդեն հրապարակել է XC70-ի առաջին լուսանկարները՝ նշելով, որ այս քրոսովերը կարող է դառնալ գլոբալ մոդել, թեև ժամկետները դեռ հստակեցված չեն։

