Նոր BMW M3-ի առաջին ֆոտոները

Գերմանական ավտոարտադրողը ակտիվորեն թեստավորում է պատմության մեջ առաջին լիովին էլեկտրական M3 սպորտսեդանը, և շնորհիվ լրտեսական լուսանկարների՝ այժմ ունենք հնարավորություն պատկերացնելու, թե ինչ տեսք կունենա նորույթը։

M3 մոդելը, որն ամենահզոր տարբերակն է BMW–ի երրորդ սերիայի շրջանակում, առաջին անգամ ներկայացվել է 1986 թվականին՝ E30 թափքի հիման վրա։ Այսօր արտադրական գծում արդեն վեցերորդ սերնդի մեքենան է, որի դեբյուտը կայացել է 2020 թվականի աշնանը, իսկ նախորդ տարվա գարնանը մոդելը ստացել է ռեստայլինգ։ Հաջորդ սերնդի սպորտսեդանի թեստային նմուշներն արդեն մի քանի անգամ նկատվել են փորձարկումների ժամանակ, և այն էապես տարբերվելու է իր նախորդներից։

Նախևառաջ ուշադրություն են գրավում մեքենայի փոխված համաչափությունները․ նոր սերնդի մոդելն այլևս չունի բնորոշ երկար կապոտ ու առջևի անիվներից առաջ ընկած կարճ առաջամասը, որոնք բնորոշ են հետևի քարշակով մեքենաներին։ Փոխարենը, նոր M3–ը ստացել է երկար առաջամաս և փոքր հեռավորություն առջևի անիվների ու դռների միջև՝ ավելի շատ հիշեցնելով առջևի քարշակով մեքենաների։

Բացի այդ, մոդելն ունենալու է ամբողջովին նոր դիզայն՝ ոգեշնչված Neue Klasse կոնցեպտներից։ Առջևից դա արտահայտվում է հորիզոնական ուղղությամբ ձգված երկու «քթանցքներով», որոնց մեջ ինտեգրված են նաև լուսարձակները։ Հետևում սպասվում են կոնցեպտին նմանակող լուսարձակներ՝ երկու լայն բլոկների տեսքով, ինչը թեմատիկ կապ ունի առջևի մասի հետ։ Կողմնային մակերեսները դառնալու են ավելի պարզ, իսկ դռների բռնակները՝ ներս քաշվող։ Ավանդական տեսքը պահպանելու են միայն կողային ապակիները։

Նոր M3 սեդանը կառուցվելու է Neue Klasse հարթակի վրա, որը նախատեսվում է օգտագործել նաև առաջիկա i3 և iX3 մոդելներում։ Նորույթի տեխնիկական բնութագրերի մասին հաստատված տեղեկություններ դեռ չկան, սակայն ակնկալվում է, որ էլեկտրական շարժիչային համակարգի հզորությունը կգերազանցի 700 ձիաուժը։ Սա կարելի է համարել ոչ միայն ցանկալի, այլ նույնիսկ անհրաժեշտ, հաշվի առնելով մեքենայի զգալիորեն մեծացած զանգվածը (համեմատության համար՝ ներկայիս լիաքարշ M3 Competition սեդանի հզորությունը կազմում է 530 ձիաուժ)։

Էլեկտրական տարբերակից բացի, նոր սերունդը կունենա նաև բենզինով շարժիչով տարբերակ՝ վեցմխոցանի երկտուրբին շարժիչով, և երկու տարբերակներն էլ արտադրվելու են զուգահեռաբար։

Նոր BWM M3–ի պրեմիերան սպասվում է 2027 թվականին մոտ։ Մինչ այդ ներկայացնենք ներկայիս BMW M3-ի ֆոտոները։