Toyota-ն պատրաստվում է արտադրել ավտոմեքենա, որը կդառնա հայտնի Mitsubishi Delica-ի մրցակիցը։ Ճապոնական ընկերությունը մշակում է նոր մոդել․ մինիավտոբուս «օֆրոուդ» ոճով, որը սերիական տարբերակով կարտացոլի 2023 թվականին ներկայացված X-Van Gear կոնցեպտ-քարը։ Նորույթի պրեմիերան կարող է կայանալ 2025 թվականի աշնանից մինչև 2026 թվականի գարունը։ Չնայած այս տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել, նոր մինիվենի մասին գրում է ճապոնական Motor Fan պարբերականը՝ հղում անելով անանուն ինսայդերների։

Սպասվում է, որ սերիական տարբերակը հիմնականում կպահպանի X-Van Gear կոնցեպտ-քարի դիզայնը և կունենա սահող դռներ առանց կենտրոնական սյունի։ Սրահում կմնա երեք շարքի նստատեղերի դասավորությունը, սակայն դրա տարրերը հնարավոր կլինի տեղաշարժել ըստ կարիքի՝ տարածքը դարձնելով ննջասենյակ, ճաշելու գոտի և այլն։
Մոդելի դեբյուտը կանխատեսվում է ճապոնական առաջիկա ավտոշոուներից մեկում։ Գնային առումով, ինչպես կանխատեսում են լրատվամիջոցները, այն գերազանցելու է Noah մոդելի արժեքը՝ կազմելով մոտ 3.5 միլիոն իեն (մոտավորապես 23 578 ԱՄՆ դոլար)։



