2024 թվականի վերջում ամերիկյան շուկա մուտք գործած չորրորդ սերնդի Nissan Murano-ն չի արդարացրել արտադրողի և դիլերների հույսերը․ պահեստներում արդեն կուտակվել է հինգ ամսվա պաշար, և նոր մոդելն արդեն հարկադրված են վաճառել զեղչերով։ ԱՄՆ-ում Murano-ի վաճառքի գագաթնակետը եղել է երրորդ սերնդի ժամանակ, 2016 թվականին, երբ իրացվել է 86 953 մեքենա։ Իսկ ամենավատ տարին դարձել է 2024-ը, երբ վաճառվել է ընդամենը 19 316 օրինակ։ Վաճառքի կտրուկ անկման պատճառներն են քրոսովերի երրորդ սերնդի բարոյական հնացումը և գնորդների ճաշակի փոփոխությունը։
Չորրորդ սերնդի Murano-ի պրեմիերան տեղի է ունեցել անցած տարվա հոկտեմբերին, իսկ դեկտեմբերի սկզբին սկսվել է նոր քրոսովերի արտադրությունը Nissan-ի գործարանում, որը գտնվում է ԱՄՆ Թենեսի նահանգի Սմիրնա քաղաքում։ Նույն ամսվա վերջին մեքենան վաճառքի է հանվել։

Սակայն այս տարվա առաջին եռամսյակում ԱՄՆ-ում Murano-ի վաճառքը կազմել է 8702 միավոր, ինչն, իհարկե, 84.1%-ով ավելի է 2024 թվականի առաջին եռամսյակի արդյունքից, սակայն, այդ թվի մեջ ներառված են նաև պահեստում մնացած նախորդ սերնդի քրոսովերները։ Բացի այդ, Nissan-ի ղեկավարությունն ակնկալում էր զգալիորեն ավելի բարձր արդյունքներ։
Սմիրնա քաղաքում գործող գործարանը այս տարի պետք է արտադրեր 60 000 միավոր նոր Murano, սակայն պահանջարկի ընթացիկ դինամիկան ցույց տվեց, որ այդքան արտադրություն պարզապես անհրաժեշտ չէ (նույնիսկ հաշվի առնելով, որ մի մասը արտահանվում է Կանադա)։ Այդ պատճառով տարվա արտադրական պլանը կրճատվել է 21%-ով, մինչև 47 400 մեքենա։

Բացի այդ, Nissan-ն արդեն առաջարկում է $1000–$2000 զեղչեր նոր Murano-ի համար, քանի որ Murano-ի պահեստային պաշարն արդեն հասել է հինգ ամսվա, ինչը 15%-ով ավելի է, քան մյուս մոդելների միջին պահեստային պաշարը։
Ի՞նչն այնպես չգնաց։ Դիլերների խոսքերով Nissan Murano-ի շատ ավանդական հաճախորդներ պարզապես երես են թեքել այս մոդելից, քանի որ Nissan-ը չափազանց երկար ժամանակ ձգձգեց սերնդափոխությունը․ «երրորդ» Murano-ն մնաց արտադրության մեջ ավելի քան տասը տարի։ Պարզ ասած, երբ այդ մեքենաների տերերը հասան այն ժամանակահատվածին, որ արդեն պետք է փոխեին ավտոմեքենան, նրանք չցանկացան նորից գնել նույնը և նախընտրեցին մրցակիցներին։

Բացի այդ, միջին չափի SUV-ների սեգմենտում այժմ ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ամբողջ աշխարհում նկատվում է մեծ պահանջարկ ավելի բիրտ ու կոպիտ դիզայնով մեքենաների հանդեպ։ Իսկ այդ ֆոնի վրա նոր Murano-ն իր «հարթ ու քնքուշ» դիզայնով պարզապես դուրս մնաց շուկայի հիմնական միտումներից։
Որոշ հաճախորդներ նաև դժգոհում են նրանից, որ նոր Murano-ն զրկված է V6 շարժիչից։ Այժմ բոլոր տարբերակները հագեցած են 2.0 լիտրանոց բենզինային չորսմխոցանի տուրբոշարժիչով (244 ձիաուժ, 353 Նմ), որը զուգակցվում է 9-աստիճան հիդրոմեխանիկական ավտոմատ փոխանցման տուփի հետ։ Քարշակումը կարող է լինել առջևի կամ լիաքարշակ, սակայն առջևի քարշակ տարբերակը հասանելի է միայն հիմնական SV հագեցվածությամբ, որի մեկնարկային գինը կազմում է 40 470 դոլար՝ առանց առաքման արժեքի հաշվառման։

Նոր Murano-ն չունի հիբրիդային տարբերակ, մինչդեռ նախորդ սերնդում այն առկա էր, իսկ այժմ ԱՄՆ-ում հիբրիդների պահանջարկը աճում է էլեկտրամոբիլներից հիասթափության ֆոնին։ Այս առումով էլ Murano-ն բաց է թողել իր հնարավորությունը։
Ընդհանուր առմամբ, Nissan-ի վաճառքներն ԱՄՆ-ում այս տարվա առաջին եռամսյակում աճել են 6,3%-ով՝ հասնելով 253 920 ավտոմեքենայի։ Ամենապահանջված մոդելն է համարվում Rogue քրոսովերը (այլ շուկաներում՝ X-Trail), որը վաճառվել է 62 102 օրինակով, սակայն սա 31,6%-ով պակաս է 2024 թվականի հունվար–մարտ ամիսների ցուցանիշից։
