Suzuki-ն պատրաստվում է ավելացնել հինգդռնանի Jimny-ի արտադրությունը, որի համար գոյացել է հսկայական հերթ (ֆոտոշարք)

Հինգդռնանի երկարացված Suzuki Jimny-ն մեծ պահանջարկ է վայելում Ճապոնիայում։ Այնքան մեծ, որ բրենդը ստիպված էր եղել դադարեցնել պատվերների ընդունումը դրանց մեկնարկից ընդամենը մի քանի օր անց։ Սակայն ընկերությունն ակտիվ քայլեր է ձեռնարկում խնդիրը լուծելու ուղղությամբ։

Հինգդռնանի Suzuki Jimny-ն իր սերիական տարբերակով ներկայացվել է դեռևս 2023 թվականին։ Այս մոդելի արտադրությունը կազմակերպված է բացառապես Հնդկաստանում, սակայն երկարացված տարբերակը համարվում է գլոբալ մոդել։ Ճապոնիայում, Suzuki-ի հայրենիքում, երկար Jimny-ի պատվերների ընդունումը սկսվել է այս տարվա հունվարի 30-ին։ Այնտեղ այս հինգդռնանի ամենագնացը կրում է Nomade անվանումը։ Սկզբում ընկերությունը պլանավորում էր ամսական 1200 միավոր վաճառել ճապոնական շուկայում։ Սակայն ընդամենը չորս օրվա ընթացքում Suzuki Jimny Nomade-ը հավաքեց 50 հազար պատվեր։ Արդյունքում արդեն փետրվարի 3-ին պատվերների ընդունումը դադարեցվեց։ Դադարեցվեց նույնիսկ գովազդային արշավը։

Այսօր Suzuki-ն հայտարարեց, որ հուլիսից սկսած հնդկական գործարանը կավելացնի հինգդռնանի Jimny-ի արտադրությունը Ճապոնիայի համար, ամսական մոտ 3300 միավոր։ Ընկերությունում նաև նշում են, որ շարունակելու են ջանքեր գործադրել պատվերների ընդունումը հնարավորինս շուտ վերականգնելու համար։

Դիզայնի տեսանկյունից Jimny Nomade-ը հիմնականում կրկնում է գլոբալ տարբերակը։ Ճապոնիայի համար նախատեսված հինգդռնանի ամենագնացի երկարությունը կազմում է 3890 մմ, անիվների բազան՝ 2590 մմ։

Suzuki Jimny Nomade-ը համալրված է 1.5 լիտր աշխատանքային ծավալով KB15 մոդելի մթնոլորտյաին ճնշմամբ աշխատող բենզինային շարժիչով, որը զարգացնում է 102 ձիաուժ հզորություն։ Հիբրիդային համալրում այս մոդելում առկա չէ։ Շարժիչն աշխատում է 5-աստիճան մեխանիկական կամ 4-աստիճան ավտոմատ փոխանցման տուփի հետ։ Ամենագնացը հագեցած է լիաքարշակ համակարգով, որը միացվում է կոշտ լծակով, և ունի փոխանցման նվազեցնող մեխանիզմ։

Ճապոնիայում Suzuki Jimny Nomade-ը ներկայացված է միայն մեկ՝ FC կոմպլեկտացիայով։ Ճապոնական շուկայի համար նախատեսված տարբերակի առանձնահատկություններն են ոտնակները շփոթելու կանխարգելման ֆունկցիան և ավտոմատ փոխանցումատուփով տարբերակների համար ադապտիվ կրուիզ-կոնտրոլը։