Գերմանական Mansory թյունինգային արվեստանոցը շարունակում է փորձարկումներ անել Mercedes G-դասի մոդելի հետ. ներկայացվել է եզակի չորսդռնանի բաց տանիքով Speranza մոդելը՝ վեհաշուք արտաքին թյունինգով, շքեղ սրահով և ուժեղացված V8 շարժիչով։
Speranza-ի պրեմիերան կայացել է Մոնակոյում անցկացվող շքեղ ավտոմեքենաների Top Marques Monaco ցուցահանդեսի շրջանակում։ Mercedes-Benz ընկերությունն ինքն էլ ուներ մեքենա, որն արտաքինով նման էր Mansory Speranza-ին։ Խոսքը 2017 թվականին ներկայացված Mercedes-Maybach G 650 Landaulet մոդելի մասին է՝ 6.0 լիտր տարողությամբ V12 շարժիչով, որը զարգացնում էր 630 ձիաուժ հզորություն։ Արտադրվել էր ընդամենը 99 օրինակ։

Սակայն եթե Mercedes-Maybach G 650 Landaulet մոդելի մոտ միայն տանիքի մի մասն էր փոխարինված փափուկ ծալվող կտորով, ապա Mansory Speranza-ի տանիքն ամբողջությամբ փափուկ և ծալվող է, այսինքն՝ այն լիարժեք կաբրիոլետ է, չնայած ունի կոշտ դռան շրջանակներ։
Նմանատիպ փոխակերպում ներկայացրել էր նաև Դուբայում տեղայկայված Refined Marques թյունինգային արվեստանոցը 2023 թվականին, սակայն այն չորսդռնանի մեքենա էր կրճատված անվային բազայով։ Իսկ Mansory-ն բաց տանիքով մեքենա է պատրաստել ստանդարտ հինգդռնանի Mercedes-AMG G 63 ամենագնացի հիման վրա։ Ավելին, հիմքում օգտագործվել է արդեն թյունինգի ենթարկված Grande Entrée տարբերակը, որի հետևի դռները բացվում են դիմացի դռներին հակառակ ուղղությամբ։
Speranza անվանումը վերցված է իտալական լեզվից և թարգմանվում է որպես «հույս»։

Mansory-ն հաղորդում է, որ Speranza մոդելի թափքը համալրված է ուժեղացուցիչներով՝ տանիքի հեռացումից հետո կորցված կոշտությունը փոխհատուցելու համար։ Փափուկ ծալվող կտորե տանիքը բացվում և փակվում է էլեկտրական շարժակազմի միջոցով, և նույնիսկ ծալված վիճակում նրա տակ բավական տեղ կա ուղեբեռի համար։
Speranza-ի արտաքին ածխապլաստիկ կառուցվածքը նույնն է, ինչ 2025 մոդելային տարվա Grande Entrée տարբերակինը, սակայն այս դեպքում դրա մեծ մասը ներկված է մեքենայի հիմնական սպիտակ գույնով։ Բացի այդ, տրամաբանական է, որ հավաքածուի մեջ չի ներառվում հետևի վերին սպոյլերը։
Speranza-ն համալրված է Mansory-ի սեփական արտադրության 24-դյույմանոց FC.5 անվային սկավառակներով, որոնք ներկված են սև գույնով և ունեն սպիտակ հակադրվող օղակներ։

Speranza-ի սրահը ստացել է ամբողջությամբ նոր հարդարում՝ Mansory-ի կողմից, սպիտակ-կարմիր-սև գունային համադրությամբ բնական կաշվից և ալկանտարայից։ Հարդարումն ընդգծվում է նաև լաքապատ ածխածնային մանրաթելից ներդիրներով, որոնց վրա զարդանախշված են Mercedes-ի աստղի պատկերները։
Առջևում և հետևում տեղադրված են անհատական նստատեղեր, որոնք բաժանված են բարձր կենտրոնական թունելով։ Այսպիսով, սրահը նախատեսված է բացառապես 4 ուղևորի համար։
Շարժիչի գործարկման կոճակը տեղափոխված է առաստաղի վահանակի վրա՝ դիմապակու վերևում։
Մեկնարկային Mercedes-AMG G 63 մոդելի 4.0 լիտր աշխատանքային ծավալով երկտուրբինային բենզինային V8 շարժիչը Mansory-ն համալրել է նոր, ավելի արդյունավետ տուրբոքոմպրեսորներով, նոր արտանետման համակարգով և շարժիչի կառավարման նոր ծրագրով։ Արդյունքում հզորությունը աճել է 585 ձիաուժից և 850 Նմ ոլորող մոմենտից մինչև 820 ձիաուժ և 1150 Նմ։ Արագացումը 0-ից 100 կմ/ժ կրճատվել է 4.3 վայրկյանից մինչև 4.0 վայրկյան, իսկ առավելագույն արագությունը սահմանափակված է 250 կմ/ժ։

Mansory-ն Speranza մոդելի գինը չի հայտարարում, սակայն հաշվի առնելով թափքի լուրջ վերափոխումները, կարելի է վստահաբար ենթադրել, որ այս կաբրիոլետի արժեքը կազմում է առնվազն մեկ միլիոն եվրո։
Ավելացնենք, որ Mansory-ի հավաքածուում կան նաև այլ զարմանալի փոխակերպումներ G-դասի Mercedes-ի հիման վրա, այդ թվում՝ երեքդռնանի Mansory Gronos Coupe EVO C-ն, բարձրացված Mansory Gronos 4×4 մոդելը, վեցանիվ պիկապը՝ Mansory Gronos 6×6, և երկարացված «ոսկե աղյուսը»՝ Mansory P900 EWB Gold Edition-ը։












