Հաշվի առնելով, թե ինչ արագությամբ են զարգանում արհեստական բանականությունն ու ինքնավար վարելու տեխնոլոգիաները, մոտ ապագայում ղեկերը կարող են դառնալ նույնքան հնացած ու ավելորդ, որքան կարբյուրատորի օդի փականի լծակը։ Սակայն որոշ ավտոարտադրողներ, կարծես թե, չափազանց շտապում են մոտեցնել այդ «լուսավոր ապագան»՝ շուտափույթ ներդնելով ակնհայտորեն անհարմար ղեկեր։ Մենք հիշեցինք 10 այնպիսի մեքենայի ղեկեր, որոնք առաջացնում են միայն զարմանք ու չհասկացվածություն։
FMR Tg500 (Messerschmitt Tiger)
Եթե երեքանիվ Messerschmitt KR200-ի «եղջերավոր» մոտոցիկլետային ղեկը դեռ կարելի էր հասկանալ, ապա նրա հիմքի վրա կառուցված չորսանիվ Tg500-ին հաստատ ավելի լուրջ և էրգոնոմիկ լուծում էր հասնում։ Եվ ոչ միայն անիվների ավելացած թվի պատճառով, այլև ավելի հզոր շարժիչի, որի աշխատանքային ծավալը հասել էր 494 խորանարդ սանտիմետրի։

«Կաբինենռոլլեր»-ի (այդպես էին կոչում Messerschmitt ընկերության այս տարօրինակ մոտոմեքենաները) սրահը չափազանց նեղ է, ինչն ինչ-որ չափով արդարացնում է ղեկի փոխարեն օգտագործված «կովի եղջյուրներին» նման բռնակները։ Բայց մյուս կողմից, բրիտանական Peel P50-ի սրահն էլ ավելի փոքր է, սակայն այնտեղ միջոցներ չեն խնայել ու տեղադրել են սովորական, ամբողջական կլոր ղեկ։ Ուրախացնում է այն փաստը, որ գերմանացի ինժեներները գոնե հաշվի էին առել ղեկի ձևը՝ այն պահելով մոտոցիկլետային ձևաչափով․ կարճ, որպեսզի «եղջյուրները» չհարվածեն վարորդի ոտքերին։ Այս լուծման կողմնակի արդյունքն այն էր, որ Messerschmitt մեքենաներն աչքի էին ընկնում ղեկի արձագանքման բարձր աստիճանով, ինչը դուր էր գալիս ավտոսպորտի սիրահարներին, բայց վախեցնում էր սովորական վարորդներին։


Austin Allegro
Երբ Austin ընկերությունը 1973 թվականին ներկայացրեց իր ընտանեկան հեչբեքը՝ Allegro-ն, դրա գլխավոր առանձնահատկություններից մեկը գրեթե քառակուսու ձև ունեցող Quartic ղեկն էր։ Ինչպես վստահեցնում էին բրենդի PR մասնագետները, այսպիսի ղեկի շնորհիվ վարորդի համար հեշտանում էր մեքենա մուտք գործելն ու դուրս գալը, իսկ ցուցիչների տվյալները կարդալը դառնում էր ավելի հարմար։ Սակայն արդեն 1975 թվականի առաջին ռեստայլինգից հետո այս լուծումը սկսեցին արագորեն վերացնել՝ կարծես այն երբեք չէր էլ եղել։ Ինչո՞ւ։

Պատճառները շատ պարզ էին։ Նախ գրեթե քառակուսի ղեկը, որն ուներ շատ բարակ շրջանակ, պտտելն այնքան էլ հաճելի չէր։ Եվ երկրորդ, ղեկը խանգարում էր մեքենան նստելիս կամ դուրս գալիս, հատկապես եթե առջևի անիվները ուղիղ դիրքում չէին։ Այնուամենայնիվ, ժամանակակից Allegro-ի տերերի շրջանում Quartic ղեկը համարվում է սրբություն, թեկուզ և անհարմար։


Citroen LN
Մեկ շպիցով ղեկերը, որոնք անցյալ դարի երկրորդ կեսին դրվում էին Citroën-ների վրա, ունեն բազմաթիվ առավելություններ․ դրանք և՛ ֆուտուրիստիկ տեսք ունեն, և՛ թույլ են տալիս հիանալի տեսնել գործիքային վահանակը։ Սակայն կան նաև թերություններ․ դրանց վրա բավական դժվար է տեղադրել լրացուցիչ կառավարման կոճակներ, իսկ ձեռքերը շարունակ փնտրում են մնացած բացակայող շպիցերը։

Հարմարավետության տեսանկյունից այս ղեկերը գրեթե նույնն են (միայն թե ուշ շրջանում թողարկված Citroën BX-ի և վաղ XM-ի ղեկերը մի փոքր այլ զգացողություն են փոխանցում՝ միակ շպիցի ավելի հաստ լինելու շնորհիվ), բայց ամենաանհրապույրը, թերևս, գտնվում է բյուջետային հեչբեք Citroën LN-ում, որը արտադրվում էր 1976–1981 թվականներին։ Էժան պլաստիկ, չափազանց ձանձրալի դիզայն տվյալ դասի համար, գումարած վերը նշված բոլոր թերությունները։ Եկեք ազնիվ լինենք, սա վարորդի համար լավագույն լուծումը չէր։


Renault 5 Turbo
Renault 5 Turbo-ն պաշտամունքային մեքենա է։ Այս փոքրիկ «խելագարը» անգամ ռալլիի փորձառու վարորդների, օրինակ, Բրյունո Սաբիի համար էր վախեցնող, ուստի ավտոսիրահարների վերաբերմունքը Turbo-ի հանդեպ միանշանակ է․ այն պարտադիր պետք է լինի երազանքների ավտոտնակում։ Հետևի նստատեղերի փոխարեն տեղադրված շարժիչ, լայն ազդրեր, աչք ծակող ինտերիեր և ասիմետրիկ ղեկ։

Պարտադիր չէ լինել մեքենաների գիտակ՝ հասկանալու համար, թե ինչու է Renault 5 Turbo-ն հենց այդպիսի ղեկ ստացել։ Այս մեքենան պետք է ցույց տար Renault 5-ի ոչ ընտանեկան, յուրահատուկ ու արտասովոր կողմը։ Եվ դա պետք է արվեր ոչ միայն արագությամբ ու կտրուկ արտաքինով, այլև համապատասխան ինտերիերային ձևավորմամբ։ Եվ ֆրանսիացիներին իրոք հաջողվեց գրավել ուշադրություն, նույնիսկ եթե դա կատարվեց վարելու հարմարավետության հաշվին։
Արդեն հաջորդ էվոլյուցիաներում Renault 5 Turbo-ի ղեկը դարձավ ավանդական։ Բայց R5 Turbo-ի գործը շարունակեցին Subaru-ում․ XT կուպեում նրանք նույնպես հրաժարվեցին կենտրոնական մասից ու շպիցերից՝ նախընտրելով մի բան, որը հիշեցնում էր ատրճանակ։ Բայց ճապոնացիները գոնե խելացի գտնվեցին ու ձախ ձեռքի բութ մատի համար հատուկ ելուստ ավելացրին։


Pontiac Grand Prix
Եթե Pontiac Grand Prix-ի ղեկին չնայես, այլ պարզապես ձեռքով շոշափես շրջանակը, կթվա, թե ամեն ինչ նորմալ է․ ղեկը ունի մի քիչ կոպիտ, բայց կաշվե հարդարում, չափավոր տրամագիծ, չորս դասական շպից։ Բայց եթե մի պահ նայես ղեկի կենտրոնի կոճակներին, աչքերիդ առաջ կարող է մթնել։

Մոդելը թողարկվել էր 1980-ականների վերջում, այն ժամանակ, երբ ավտոմեքենաների օժանդակ էլեկտրոնիկան հաճախ կայուն չէր աշխատում և հաճախ «կախում» էր։ Դրա համար էլ այս մոդելի տերերն ասում են, որ այդ անիծյալ կոճակները երբեմն սեղմելուն արձագանքում էին ուշացումով, երբեմն ընդհանրապես չէին արձագանքում։ Զարմանալի չէ, որ Grand Prix-ի հինգերորդ սերնդի արտադրության ավարտին ղեկը փոխարինեցին ավելի ավանդական տարբերակով՝ կենտրոնում անվտանգության բարձիկով և երկու վերին շպիցերի վրա տեղադրված վեց կոճակով։


Chevrolet Monte Carlo
Եթե Citroën-ի ղեկերին որոշ վարորդներ կցանկանային մի-երկու հավելյալ շպից ավելացնել, ապա 1990-ականների վերջի Monte Carlo մոդելի տերերի մոտ խնդիրն ամբողջությամբ հակառակն էր։ Այո, այս սպորտային կուպեն ուներ եռաշպից ղեկ, բայց այդ երեք շպիցերը այնքան հաստ էին, որ կարծես միայն Հալքն էր ի վիճակի դրանք ամբողջությամբ բռնել։

Էսթետիկ առումով էլ եռաշպից ղեկը լավագույն տարբերակներից չէր, ուստի ռեստայլինգից հետո այն ուղարկվեց «թոշակի»։ Նրա փոխարեն հայտնվեց ավանդական չորսշպիցանի ղեկ, որը գուցե և տեսքով այդքան սպորտային չէր, բայց հիանալի և հարմար նստում էր ձեռքում։ Իսկ ավելի ուշ «թոշակի» ուղարկվեց նաև հենց Monte Carlo մոդելը։

Dodge Neon
Dodge Neon-ը դարձավ ամերիկացիների պատասխանը 1990-ականներին ԱՄՆ-ում տարածում գտած էժան ճապոնական սեդաններին։ Եվ պետք է խոստովանել՝ այդ պատասխանը բավականին համոզիչ էր․ Neon-ը ուներ վառ արտաքին, լավ շարժիչներ։ Բայց ամեն ինչ ավարտվում էր, երբ վարորդը նստում էր մեքենայի մեջ։

Մեքենայի տերերը կատակով ասում էին, որ այն տարիներին Chrysler-ը այն աստիճան էր կորցրել գլուխը, որ Neon-ի վրա հակառակ կողմով ղեկեր էր դնում։ Եվ իրոք, չորսշպից ղեկը զրոյական դիրքում այնպիսի տեսք ուներ, կարծես 180 աստիճան պտտված լիներ։ Բայց ամենահետաքրքիրը այն էր, որ եթե այն իրականում էլ պտտեին 180 աստիճանով, տեսարանը գրեթե չէր փոխվում։ Վերջին թողարկումների ընթացքում Neon-ը ստացավ նույն ղեկը, բայց արդեն ավելի հաստ ստորին շպիցերով։ Արդյունքում «շուռ եկած» էֆեկտը վերացավ, բայց հարմարավետությունը, ցավոք, այդպես էլ չբարելավվեց։

Saturn Ion
Հնարավոր է, դուք երբեք չեք լսել Saturn Ion-ի մասին, քանի որ Saturn բրենդը գոյություն է ունեցել ընդամենը 26 տարի, իսկ Ion մոդելը՝ ընդամենը հինգ։ Սակայն Ion-ը ուշադրության արժանի մեքենա է։ Այն ուներ դեպի հետ բացվող դռներով տարբերակ, ինչպես Mazda RX-8-ի դեպքում, և իհարկե, շատ տարօրինակ ղեկ, որը ամերիկացի ավտոսիրողները անվանում էին իսկական մղձավանջ։

Խնդիրը միայն բարակ շրջանակը կամ ղեկի կենտրոնական մասի տարօրինակ ձևավորումը չէր։ Շատ դժգոհություններ կային նաև ղեկի վրա տեղադրված երկու շատ հաստ շպիցերից, որոնց վրա տեղադրված էին ընդամենը երկու հսկայական կոճակներ։ Դրանք օգտագործելը չափազանց անհարմար էր։ Ընդհանրապես, 2000-ականների սկզբին General Motors ընկերությունը հաճախ վիճելի ու տարօրինակ որոշումներ էր կայացնում, և սա դրանցից ընդամենը մեկն էր։

Ferrari Roma
Որպեսզի ամբողջությամբ ընկերանաս ժամանակակից Ferrari-ների հետ, պետք է մի փոքր Կառլոս Սայնս կամ Շարլ Լեկլեր լինես, քանի որ մեքենայի բոլոր օժանդակ կառավարման համակարգերը տեղափոխված են հենց ղեկի վրա, ինչպես Ֆորմուլա 1-ի բոլիդում։ Դիմապակու մաքրիչները միացնելուց սկսած, շրջադարձի ցուցիչներ, նույնիսկ շարժիչի գործարկում՝ ամեն ինչ իրականացվում է ղեկից։ Նույն կերպ ղեկից է վերահսկվում շարժիչի, կախոցի ու կայունացման համակարգի ռեժիմների ընտրությունը։

Սակայն սա դեռ ամենը չէ։ Ferrari Roma-ի դեպքում իրավիճակը նույնիսկ ավելի բարդ է, քանի որ ղեկին կան նաև սենսորային վահանակներ։ Սա կարող է հանգեցնել պատահական սեղմումների կամ անցումների մենյույի վրայով։ Սակայն, չնայած բարդ լուծումներին, այս ամենն, իհարկե, շատ գեղեցիկ է նայվում։ Իսկ հարմարավետությունն արդեն սովորելու հարց է։


Tesla Model S Plaid
Ով կմտածեր, որ ամենատարօրինակ ղեկերից մեկը կստեղծվեր ոչ թե անցյալ դարի վերջերին, երբ ավտոարտադրողները փորձարկում էին ամեն ինչ, այլ ամենաժամանակակից ավտոմեքենաներից մեկի` Tesla Model S Plaid-ի ամենաարագընթաց տարբերակի վրա։

Plaid-ի ղեկը Messerschmitt-ի և Ferrari Roma-ի ղեկերի անհաջող հիբրիդ է հիշեցնում։ Շատ գործառույթներ են տեղադրված ղեկի վրա, բայց վարորդին միայն ավանդական ղեկի ստորին կեսն են թողել։ Ավելին, Tesla-ն Plaid-ի ղեկի դեպքում պահպանել է նույն պտտելու հարաբերակցությունը, ինչ մնացած Model S-երի դեպքում, ուստի ղեկը պտտելը իսկական տանջանք է, որի ժամանակ կարող են պատահաբար միանալ շրջադարձի ցուցիչները կամ այլ՝ այդ պահին անցանկալի, ֆունցկաներ։ Plaid-ի գլխապտույտ դինամիկայի դեպքում այն կարող է լինել պայթուցիկ նյութ անփորձ վարորդի ձեռքում։
Հեղինակ՝ Վլադիմիր Հովհաննիսյան
