Ներկայացվել է Hyundai Palisade մոդելը՝ անսովոր տանիքով․ մեքենայի բարձրությունը գերազանցում է երկու մետրը

Hyundai-ն ներկայացրել է Palisade մոդելի բարձր տանիքով տարբերակը։ 2025 թվականի Seoul Mobility Show ավտոսրահում Hyundai-ն ցուցադրել է ներկայիս Palisade-ի նոր մոդիֆիկացիան՝ Highroof անվամբ։ Անվանումը խոսուն է. ամենագնացը ստացել է տանիքի վրա լրացուցիչ կառուցվածք, որը բարձրացրել է սրահի առաստաղը և ընդլայնել՝ առանց այդ էլ ընդարձակ ինտերիերը։ Սա նախասերիական տարբերակ է, այդ իսկ պատճառով սրահի ամբողջական ձևավորումը դեռ չի ցուցադրվել։

Տանիքի նոր հավելվածի շնորհիվ մոդելի ընդհանուր բարձրությունը հասել է 2002 միլիմետրի՝ սովորական երկրորդ սերնդի Palisade-ից 237 միլիմետրով ավելի։ Մարմնի երկարությունը չի փոխվել՝ այն կազմում է 5060 միլիմետր։ Palisade Highroof-ի ևս մեկ յուրահատկությունն է 20 դյույմանոց նոր դիզայնով անիվները։

Թեև սրահը դեռ չի ցուցադրվել, որոշ կադրերում նկատվում է հետևի ուղևորների համար նախատեսված ծալվող կենտրոնական էկրանը։ Սպասվում է, որ այս ամենագնացը հասանելի կլինի ինչպես վեցտեղանոց, այնպես էլ շքեղ հագեցվածությամբ չորստեղանոց տարբերակներով։

Hyundai-ն առաջին անգամ չէ, որ փորձարկում է բարձր տանիքով տարբերակներ։ 2022 թվականին բարձրացված Lounge Limousine տարբերակն էր ստացել Hyundai Staria մինիվենը։ Այն առանձնանում էր 205 միլիմետրով բարձրացրած տանիքով, նոր 18 դյույմանոց անիվներով, մարմնի երկու գունային տարբերակով և կողային դուրս եկող աստիճաններով։

Մեկ այլ բարձրացված տանիքով մոդել է նաև Kia Carnival Hi-Limousine-ը, որը ներկայացվել էր հինգ տարի առաջ։