Չինական մեքենաները Ռուսաստանում այլևս չեն վաճառվում․ արդեն հայտնվել են առաջին բրենդները, որոնք պատրաստվում են լքել շուկան

Ռուսաստանի ավտոմեքենաների շուկան ողողված է չվաճառված չինական մեքենաներով: Դիլերների պահեստներում կուտակվել են հարյուր հազարավոր ավտոմեքենաներ, որոնք արտադրված են 2023 և 2024 թվականներին։ Նույնիսկ մինչև մեկ միլիոն ռուբլի ռեկորդային զեղչերը չեն կարողանում փրկել իրավիճակը։ Այս մասին պատմել է Ազգային ավտոմոբիլային միության նախագահ Անտոն Շապարինը։

Նրա խոսքերով՝ վաճառքների հետ կապված խնդիրներին ավելացել է նաև պահեստամասերի սուր պակասը։ Սպասարկման կենտրոնները հրաժարվում են նոր մոդելների վերանորոգումից՝ կատալոգների բացակայության և մեքենաների կառուցվածքի անընդհատ փոփոխությունների պատճառով։ Դեպք է եղել, երբ մի ավտոմեքենայի սեփականատեր դիմապակու փոխարինման համար սպասել է չորս ամիս։

Շապարինը նշում է, որ իրավիճակը հիշեցնում է 1990-ականները․ կարևորը մեքենան վաճառել, իսկ հետո՝ ինչ լինում է, թող լինի։ Բայց այժմ այդ սխեման այլևս չի աշխատում. ավտովարկային վաճառքները կտրուկ ընկել են, և շատ դիլերներ կրում են մեծ վնասներ։ Շապարինի կարծիքով՝ միայն այն չինական բրենդները, որոնք կանցնեն իրական տեղայնացման, կկարողանան գոյատևել։ Մնացածը շուտով կլքեն շուկան։