Ռուսաստանում մեկնարկել է Lada Niva Sport-ի վաճառքը․ հայտնի է գինը (ֆոտոշարք)

AutoVaz-ը սկսում է սպորտային Lada Niva-ի վաճառքը։ Ապրիլի 5-ից Niva Sport մոդելը հասանելի կլինի Lada-ի պաշտոնական դիլերների մոտ։

Սպորտ տարբերակը տարբերվում է սովորական դասական «Նիվա»-ից 17-դյույմանոց երկգույն անվահեծերով և անիվայինի աղեղների լայնացուցիչներով։ Սրահը սև է, կարմիր ակցենտներով։ Բայց ամենակարևորը՝ մեքենան ունի 1.6 լիտրանոց շարժիչ, որը հզորացվել է մինչև 122 ձիաուժ, ինչպես նաև սպորտային կախոցային կարգավորումներ։

ԱվտոՎԱԶ-ում հայտարարում են, որ Lada Niva Sport մոդելն իր սեգմենտում մրցակիցներ չունի։
«Այս ավտոմեքենան շատերի համար կբացի նոր հնարավորություն և կառաջացնի հատուկ հաճույք՝ հզոր ու դինամիկ լիաքարշակ ամենագնացը վարելուց», — հայտարարել է ԱվտոՎԱԶ-ի ղեկավար Մաքսիմ Սոկոլովը։
Niva Sport մոդելը ավելի քան 140 կառուցվածքային փոփոխություն ունի ստանդարտ տարբերակի համեմատ։ Օրինակ՝ հզորացված 16 փականի շարժիչի տեխնիկական ցուցանիշները բարելավվել են՝ շնորհիվ վառելանյութի սրսկման և արտանետման համակարգի թեթևացված մուտքի, սպորտային բաշխիչ լիսեռների և կառավարման բլոկի հատուկ թարմացված ծրագրային ապահովման։

Շարժիչը հնարավորություն է տալիս ամենագնացին մինչև 100 կմ/ժ արագություն զարգացնել 11.8 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 162 կմ/ժ։ Կախոցը ունի սպորտային կարգավորումներ, իսկ գետնից բարձրությունը մեծացվել է 200 միլիմետրից մինչև 220 միլիմետր։ Բացի այդ, Niva Sport-ը ունի ամրացված թափք և ավելի արդյունավետ արգելակային համակարգ. առջևի արգելակները՝ օդափոխվող սկավառակային, հետևինը՝ սկավառակային։ Ամորտիզատորները կարգավորված են մրցարշավային ոճով, իսկ հետևի կախոցում տեղադրված է կողային կայունության ստաբիլիզատոր, իսկ հետևի կամրջի ամրակը դարձել է ավելի ամուր։

Sport տարբերակը հիմնված է Niva Legend-ի թոփ կոմպլեկտացիայի վրա. համալրման մեջ ներառված են տանիքի կանգնակներ, առջևի բամպերի վրա լրացուցիչ հեռավոր լուսարձակներ, կապոտի օդամուտքի ծածկ, որն ավելացնում է ջեռուցման և օդափոխման համակարգի արդյունավետությունը։ Ավտոմեքենան համալրված է նաև օդորակիչով, առջևի նստատեղերի տաքացմամբ և էլեկտրական կարգավորվող արտաքին հայելիներով։

ԱվտոՎԱԶ-ում ընդգծում են, որ Lada Niva Sport-ի էրգոնոմիկան հարմարեցված է արագ վարելու համար. ղեկը կարգավորվում է թեքության առումով, իսկ ղեկի անիվը պատված է կաշվով։

Մեքենայի գինը սկսում է 1 699 000 ռուբլուց, որը գործող փոխարժեքով համարժեք է 7 856 000 ՀՀ դրամի։