Ներկառուցված փոշեկուլից մինչև բազեի համար նախատեսված կանգնակ․ 10 ամենազարմանալի ավտոմոբիլային օպցիաները (ֆոտոշարք)

Ժամանակակից ավտոմեքենաները զարմացնում են ոչ միայն իրենց դիզայնով և տեխնիկական բնութագրերով, այլև յուրահատուկ հնարավորություններով ու օժանդակ ֆունկցիաներով, որոնք կարելի է հանդիպել ինչպես բյուջետային մոդելներում, այնպես էլ պրեմիում-սեգմենտի մեքենաներում։ Եկեք միասին դիտարկենք հետաքրքիր և յուրօրինակ «այցեքարտերը», որոնցով ավտոարտադրողները համալրել են իրենց մոդելները։

Ford F-150

2021 մոդելային տարվա Ford F-150 պիկապը ստացել է անսովոր լուծում։ Ավտոմատ փոխանցումատուփի սելեկտորը կարող է ամբողջությամբ թաքնվել կենտրոնական թունելի մակերեսի մակարդակով։ Արդյունքում վարորդը ստանում է հարմար սեղան, որի վրա կարելի է ճաշել կամ աշխատել նոութբուքով։

Բացի այդ, F-150-ի առաջատար մոդիֆիկացիայի առջևի նստատեղերը կարող են ամբողջությամբ հորիզոնական դիրքի բերվել, իսկ մեջքի վերին հատվածը մի փոքր բարձրանում է ուսերի աջակցման համար։ Նման փոքրիկ մանրուքները զգալիորեն բարձրացնում են հարմարավետությունը մեքենայում հանգստանալու կամ քնելու ժամանակ։ Զարմանալի է, որ ոչ ոք ավելի վաղ չէր մտածել նման մեխանիզմի իրականացման մասին։

Honda Odyssey

Մինիվեները սովորաբար գնում են ընտանեկան օգտագործման համար, ուստի այդպիսի մեքենաների սրահները հաճախ ենթարկվում են ավազի, տարբեր կտորների և այլ տեսակի աղտոտման։ Honda-ի ինժեներները գտել են այս խնդրի հետաքրքիր լուծումը՝ իրենց Odyssey մոդելի բեռնախցիկում տեղադրելով իրական փոշեկուլ:

HondaVAC համակարգը ներառում է 2.5 մետրանոց խողովակ՝ փոխարինելի գլխիկներով, որը թաքնվում է հատուկ խորշում։ Փոշեկուլը ներառված է Elite բարձրակարգ համալրման ցուցակում, սակայն որոշ տերեր բողոքում են դրա թույլ հզորության մասին։

Այնուամենայնիվ, փոքր աղբի՝ օրինակ, ավազի կամ տարբեր մնացուկների համար HondaVAC-ը բավականին հարմար է և ազատում է մեծ կենցաղային փոշեկուլը մեքենա տանելու հոգսից։ Ընդհանուր առմամբ, այս «այցեքարտը» միանշանակ յուրահատուկ և օգտակար է։

Volkswagen New Beetle

Երբ Volkswagen-ը ներկայացրեց աշխարհին նոր Beetle-ը, հանրությունը այնքան տպավորված էր մոդելի ռետրո դիզայնով, որ քչերն էին ուշադրություն դարձրել սրահում գտնվող հետաքրքիր մանրուքին։ New Beetle-ի առջևի վահանակի վրա տեղադրված էր իրական ծաղկաման, որը կոչվում էր Blumenvase:

Ըստ նախատեսվածի՝ հիպպի ոճի սիրահարները պետք է այդ ծաղկամանի մեջ դնեին թարմ ծաղիկներ։ Սակայն իրականում մեքենաների տերերը հազվադեպ էին ծաղիկներ դնում այնտեղ և փոխարենը օգտագործում էին ծաղկամանը որպես տարա՝ մատիտներ, ատամմաքրիչներ և այլ մանրուքներ պահելու համար։ Զարմանալի չէ, որ ռեսթայլինգից հետո ծաղկամանը հանվեց մեքենայի սրահից։

Bentley Bentayga

Bentley Bentayga-ի Falconry տարբերակը բազեով որսորդության սիրահարների համար առաջարկում է կաշվով պատված կանգնակ բազեի համար՝ առջևի նստատեղերի միջև, իսկ բեռնախցիկում՝ ամբողջական զինամթերք։

Հատուկ տուփ՝ GPS ալեհավաքների ամրացման համար, թևնոցներ որսորդական թռչունների համար։ Ծալովի դանակ և ձեռնոցներ՝ որսի համար։ Հեռադիտակներ և GPS հետազոտիչներ։ Պիկնիկի հավաքածուներ՝ թերմոսներով և ֆուժերներով։

Բացի այդ, պատվերով Mulliner ատելյեից կարելի է կահավորել քրոսովերը ձկնորսության, բադերի որսի սարքավորումներով կամ պարզապես շամպայնով և խորտիկներով` բնության գիրկ դուրս գալու համար։ Ընդհանրապես, մեծ գումարների դիմաց կարելի է Bentayga-ն դարձնել իդեալական մեքենա ազնվական հանգստի համար։

Toyota Century

Toyota Century-ն իսկական կայսերական մեքենա է Ճապոնիայի համար։ Զարմանալի չէ, որ այս պրեմիում սեդանի ինտերիերը առանձնանում է զուսպ նրբությամբ և ոչ սովորական նյութերի օգտագործմամբ։

Օրինակ, նստատեղերը պատված են ոչ թե սովորական կաշվով, այլ ազնվական բրդյա գործվածքով։ Սակայն Century-ի հիմնական «այցեքարտը» հետևի պատուհանների վարագույրներն են։

Եվ դա ոչ թե սովորական պլաստմասե վարագույրներ են, ինչպես գերմանական պրեմիում դասի մեքենաների դեպքում, այլ իսկական նրբագեղ թավիշ։ Ընդհանուր ոճի պահպանման համար տերերը պատվիրում են նաև գլխակալների նուրբ նախշավոր փափուկ երեսակալներ։

Range Rover

Ներկայացուցչական ամենագնացները պարզապես պարտավոր են զարմացնել իրենց հնարավորություններով։ Range Rover-ի ինժեներները Autobiography մոդելի մեջ ներդրել են Event Seating-ը՝ երկու առանձին կաշվե նստատեղեր, որոնք դուրս են գալիս բեռնախցիկից և թույլ են տալիս հարմարավետ դիտել ձիարշավները կամ ռեգատաները։ «Վերանդան» հագեցած է փափուկ ծածկով, ալյումինե ոտնակներով կաշվե գոտիների վրա, ինչպես նաև շամպայնի և խորտիկների համար նախատեսված գրպաններով։

Ի դեպ, բեռնախցիկում նստատեղերով դեռևս 1978 թվականին զարմացրել էր Subaru Brat պիկապը։ Ճիշտ է, այնտեղ նստատեղերը շարժական չէին և համալրված էին անվտանգության գոտիներով։ Իհարկե, այդ նստատեղերի վրա ժամանակի մեծ մասը նստում էին բիկինիով աղջիկներ։ Ի վերջո, ճապոնացիները լավ գիտեն, թե ինչ է նշանակում հաջող մարքեթինգ։

Nissan Cube

Էքստրավագանտ Nissan Cube-ը կարող է հպարտանալ ինտերիերի յուրահատուկ դետալով՝ թավշոտ գորգիկով առջևի վահանակի վրա։ Զվարճալին այն է, որ օգտագործման հրահանգում ուղիղ նշվում է, որ գորգիկի վրա արգելվում է որևէ առարկա դնել. այն նախատեսված է բացառապես «հիանալու» համար։ Ընդ որում, «գորգիկը» տեղադրված է հատուկ խորշի մեջ՝ տորպեդոյի վրա, և հրաշալիորեն համադրվում է Cube-ի ընդհանուր ոչ ստանդարտ դիզայնի հետ։

Fisker и VLF

Դանիացի դիզայներ Հենրիկ Ֆիսկերը, որը ստեղծել է Aston Martin DB9-ն ու BMW Z8-ը, հստակ գիտի, թե ինչ տեսք պետք է ունենա իսկական սուպերքարը։ Իր սեփական նախագծերում՝ Fisker Thunderbolt-ում (հիմնված է Aston Martin Vanquish-ի վրա) և VLF Force 1-ում (կատարելագործված Dodge Viper), նա կիրառել է անսովոր լուծում՝ հատուկ խորշեր շամպայնի համար, նստատեղերի հետևում։

Եվ դա ոչ թե սովորական շամպայն է, այլ բարձրակարգ Moët & Chandon՝ յուրօրինակ շշերով։ Այո, շատ ներկայացուցիչական սեդաններում, օրինակ Maybach-ում, նույնպես կան շամպայնի խորշեր և նույնիսկ ֆիրմային գավաթներ, բայց համաձայնեք, սուպերքարը նման աքսեսուարով հատկապես էֆեկտիվ և գայթակղիչ տեսք ունի։

Ձկնորսության համար նախատեսված ծածկը «Զապորոժեցում»

Այսպիսի գաղափար, հավանաբար, միայն խորհրդային ինժեներների մտքում կարող էր ծագել։ ЗАЗ-968-ի ուղևորի գորգի տակ հատուկ ծածկ կար, որը կարելի էր օգտագործել ձմեռային ձկնորսության համար։ Սառցե ձկնորսության սիրահարները իրականում կիրառել են այս տարբերակը․ մեքենան կանգնեցնում էին սառույցի վրա, հենց հորի վրա, բացում էին ծածկը և ձկնորսական կարթը ներս գցում։

Սակայն, իրականում, «Զապորոժեց»-ի հատակում գտնվող անցքերը ի սկզբանե նախատեսված էին արտադրության ընթացքում հողի հեռացման համար և ունեին զուտ տեխիկական նշանակություն։

Հեղինակ՝ Վլադիմիր Հովհաննիսյան