Volvo-ն դադարեցնում է S90 սեդանի վաճառքը ԱՄՆ-ում Թրամփի մաքսատուրքերի պատճառով

Volvo ընկերությունը դադարեցնում է S90 սեդանի վաճառքը ԱՄՆ-ում։ Պատճառը Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև մաքսային պատերազմն է։ Ամերիկյան շուկայում վաճառվող այս մոդելները արտադրվում են Չինաստանում գտնվող գործարաններում։

Աղբյուրների փոխանցմամբ՝ գործող մաքսատուրքերին հակազդելու փորձերը անիմաստ են, քանի որ դրանք առանց այդ էլ վատ վաճառվող սեդանը կդարձնեն չափազանց թանկ։ Ինսայդերների խոսքով՝ Volvo S90-ը ԱՄՆ-ում համարվում է սահմանափակ պահանջարկ ունեցող մոդել, ուստի ընկերությունը պարզապես որոշել է այն հանել վաճառքից։

Անցյալ տարի Volvo-ն ԱՄՆ-ում վաճառել է ընդամենը 1364 հատ S90 սեդան։ Միևնույն ժամանակ Դոնալդ Թրամփի նոր մաքսային քաղաքականության համաձայն՝ Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա սահմանվել է 125 տոկոսի հասնող արգելակող մաքսատուրք։ Ի պատասխան՝ Չինաստանի առևտրի նախարարությունը ևս ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների համար սահմանել է նույն չափի՝ 125 տոկոս մաքս։

Վերջերս Դոնալդ Թրամփը բարձր մաքսատուրքեր էր սահմանել ավելի քան յոթ տասնյակ երկրների ապրանքների համար, սակայն օրեր առաջ այդ երկրների համար տրամադրել է 90-օրյա ձգձգում։

Այս իրադարձությունների ֆոնին Եվրամիությունը և Չինաստանը վերսկսել են բանակցությունները ԵՄ մաքսային քաղաքականության վերանայման շուրջ։ Այս քաղաքականությունն անցած տարվանից ներառում է նաև հակամրցակցային (անտիդեմպինգային) մաքսատուրքեր՝ Չինաստանից էլեկտրամեքենաների ներմուծման վրա։ Դրանք նախատեսվում է փոխարինել նվազագույն գների սահմանափակումներով։ Մինչդեռ Մեծ Բրիտանիայում սկսել են մեղմել պահանջները տեղական արտադրողների հանդեպ, որոնցից պահանջվում էր արագ անցում կատարել էլեկտրական շարժիչի։