Volvo-ն հետ է կանչում ավելի քան 450 հազար մեքենա հետևի տեսախցիկի խնդրի պատճառով

Volvo Cars ընկերությունը հայտարարեց տարվա ամենախոշոր ավտոմեքենաների հետկանչի մասին։ Հետկանչը վերաբերում է ԱՄՆ-ում 413 151 և Կանադայում ևս 40 673 ավտոմեքենաներին։ Պատճառը հետևի տեսախցիկի աշխատանքի խափանումն է։

Որոշ դեպքերում, երբ միացվում է հետադարձ փոխանցումը և մեքենան սկսում է շարժվել հետընթաց, էկրանին չի հայտնվում տեսախցիկի պատկերը․ դրա փոխարեն ցուցադրվում է «Տեսախցիկը ժամանակավորապես անհասանելի է» հաղորդագրությունը։ Սա խախտում է ԱՄՆ-ում ընդունված տրանսպորտային անվտանգության ստանդարտները, ինչի պատճառով էլ հայտարարվել է հետկանչ։

Volvo-ն առաջին անգամ այս խնդրի մասին տեղեկացել է դեռևս 2021 թվականի գարնանը, սակայն այդ ժամանակվանից ի վեր ստացել է ընդամենը 57 հաղորդում խափանման մասին, ինչի պատճառով լիարժեք հետաքննություն սկսվել է միայն այս տարվա մարտին։ Պարզվել է, որ խնդիրը կապված է ոչ թե սարքավորման, այլ ծրագրային ապահովման հետ։ Այդ «բագը» հնարավոր է առկա լինի 2021–2025 թվականների 10 մոդելների վրա՝ Volvo C40, S60, S90, V60 և V60 Cross Country, V90 և V90 Cross Country, ինչպես նաև XC40, XC60 և XC90։

Խափանումը շտկվում է ծրագրային ապահովման թարմացման միջոցով։ Կախված կոնկրետ մոդելից՝ անհրաժեշտ կլինի կա՛մ այցելել պաշտոնական դիլերին, կա՛մ ներբեռնել նոր ֆիրմային ծրագրակազմը ինքնուրույն։

Նշենք, որ այս տարվա սկզբին նմանատիպ խնդրի էին բախվել նաև նոր Aston Martin-ի սեփականատերերը։ Բրիտանական արտադրողը ստիպված էր հետ կանչել ավելի քան 1,500 մեքենա երեք մոդելներից, որոնց ճնշող մեծամասնությունը նույնպես վաճառվել էր ԱՄՆ-ում։