Սա աշխարհի ամենահայտնի գովազդն է․ թեպետ հրապարակվել է 11 տարի առաջ, բայց մինչ օրս Google-ում ամենաշատ փնտրվածներից է: Youtube-ում միայն Volvo-ի պաշտոնական էջում ունի ավելի քան 124 միլիոն դիտում:
Այս գովազդի նկարահանման բյուջեն կազմել է 4,7 մլն․ դոլար: Միայն գովազդի շնորհիվ ունեցած բրենդի ճանաչելիության արդյունքում Volvo-ն վաստակել է ավելի քան170 մլն․դոլար:
Ժան Կլոդ Վան Դամի մասնակցությամբ հոլովակի նպատակն էր ցույց տալ Volvo-ի բեռնատարի ղեկի դինամիկ համակարգը, որը թույլ է տալիս մեքենայի կառավարումը դարձնել ավելի թեթեւ, իսկ բեռնատարին՝ լինել ավելի կայուն ճանապարհին: Ուժեղ քամին բեռնատարին չի քշի, իսկ հետընթաց վարելիս մեքենան չի տատանվի ճանապարհի անհարթությունների պատճառով:
Հոլովակի գաղափարը հանկարածակի է ծնվել: Ինժեներներից մեկը, որ ստեղծել էր այդ համակարգը, պատմել էր, որ մի անգամ կցորդով բեռնատարի ղեկին կտրուկ շրջադարձ է կատարել, ու ղեկի դինամիկ համակարգն իդեալական է աշխատել: Հետո սկսել են քննարկել, թե ինչ կլինի, եթե երկու բեռնատարներ ճանապարհին հետընթաց քշեն: Հենց այստեղից էլ մարքեթինգի թիմի մոտ ծնվել է գաղափար նկարել լարանով (շպագատ. մարմնամարզության մեջ՝ երկու ոտքերը լայն բացած` մի գծի վրա պահած դիրքը) գովազդ: Իսկ ո՞ր հայտնի դերասանն է ամենալավը շպագատ նստում: Իհարկե, Վան Դամը:
Գովազդի նկարահանման նախապատրաստական փուլը տեւել է 6 ամիս: Վարորդները հատուկ վերապատրաստում են անցել: Նկարահանումներն իրականացվել են Իսպանիայում, Սյուդադ Ռեալ օդանավակայանի նոր կառուցվածք թռիչքուղու վրա: Նկարահանումները սկսվել են արեւածագին: Նկարահանող թիմն ունեցել է ընդամենը 15 րոպե, որպեսզի արեւի բարձրանալու հետ կարողանա գովազդը նկարել:
Հնարքը նկարահանվել է կենդանի կատարմամբ, ոչ մի բան մոնտաժի կամ տեխնիկայի արդյունք չի: Գովազդային հոլովակը նկարահանվել է մեկ դուբլով։ Վան Դամին ամրացված են եղել անվտանգության պարաններ, իսկ բեռնատարների հայելիների մոտ հատուկ հարթակ են ստեղծել, որպեսզի դերասանն ավելի հարմարավետ կանգնի:
Նկարահանման ժամանակ վարորդները պետք է կարողանային պահպանել բեռնատարների միջեւ իդեալական հեռավորությունն ու համաչափ ընթացքը: Թե դերասանը, թե վարորդներն իրենց առաջադրանքն իդեալական են կատարել: Ուստի խորհուրդ ենք տալիս ևս մեկ անգամ վայելել Volvo-ի և Ժան Կլոդ Վան Դամի հայտնի հանճարեղ փոխլրացումը։