Volkswagen-ը ներկայացրեց «բոլորին հասանելի» ամենամատչելի էլեկտրամեքենան՝ 20 հազար եվրո արժողությամբ: «Ժողովրդական» նորույթը բառացիորեն այդպես էլ կոչվում է՝ ID.Every1: Գերմանական բրենդը պատրաստվում է թողարկել մատչելի կոմպակտ էլեկտրամեքենա, որը կկարողանան ձեռք բերել բոլորը, այդ իսկ պատճառով այն լրատվամիջոցներում անվանում են «ժողովրդական»: Մինչ այժմ ներկայացված է միայն դրա կոնցեպտուալ տարբերակը, իսկ արտադրական տարբերակին պետք է սպասել մինչև 2027 թվականը: Ամեն դեպքում, արդեն հայտնի է, որ նորույթը կարժենա մոտ 20 հազար եվրո։
Volkswagen-ը իր նոր մոդելը անվանել է ID.Every1 — “everyone”, այսինքն՝ բոլորի համար։ Դրա հիմքում ընկած է MEB հարթակը, իսկ միակ էլեկտրաշարժիչը տեղադրված է դիմացի առանցքին։ Հզորությունը կազմում է ընդամենը 95 ձիաուժ, իսկ մեկ լիցքավորմամբ մարտկոցի հեռահարությունը՝ 250 կիլոմետր։ Էլեկտրամեքենան կկարողանա արագանալ մինչև 130 կիլոմետր ժամ, և ըստ ավտոարտադրողի, դա լիովին բավարար է մեքենան քաղաքի պայմաններում շահագործելու համար։

ID.Every1-ը հեթչբեք է 3.88 մետր երկարությամբ, որը մի փոքր ավելի մեծ է, քան արտադրությունից հանված up-ը, բայց փոքր է սպասվող ID.2all-ից, որը կգերազանցի չորս մետրը և կարժենա ավելի թանկ՝ մոտ 25 հազար եվրո։ ID.Every1-ի սրահը նախատեսված է չորս անձի համար, իսկ բեռնախցիկը ունի 305 լիտր ծավալ։
Դիզայնի առանձնահատկություններից կարելի է նշել կոմպակտ լույսերը, թափքի հարթ գծերը, երկատված սպոյլերը հինգերորդ դռան վերևում, ինչպես նաև Volkswagen-ի լուսավորված լոգոտիպերը առջևից և հետևից։ Առջևի VW նշանը լուսավորվում է սպիտակ, իսկ հետևում՝ կարմիր լույսով։ Ընդհանուր առմամբ, ID.Every1 կոնցեպտուալ նախատիպը գրեթե պատրաստ է սերիական արտադրությանը։
