Ներկայացվել է Volkswagen Grand California նորացված քեմփերը (ֆոտոշարք)

Volkswagen ընկերությունը թարմացրել է Grand California մեծ քեմփերը (արշավային ավտոմեքենան)։ Ի թիվս այլ բաների, այն ստացել է նոր մուլտիմեդիա համակարգ և կառավարման վահանակ, որն ապահովում է մի շարք գործառույթների կառավարում սմարթֆոնով։ Ինչպես միշտ, Grand California-ն առաջարկում է հագեցած հնարավորություններ, ընտրություն առջևի քարշակի և լիաքարշակ տարբերակների միջև, ինչպես նաև մրցունակ գին։

Volkswagen Grand California-ի թարմացումն առաջին հերթին ուղղված է մուլտիմեդիա հնարավորությունների բարելավմանը։ Այսպես, կենտրոնական էկրանի անկյունագիծը մեծացել է՝ 8 դյույմից դառնալով 10,4 դյույմ, հնարավոր է տեղադրել նաև 12,9 դյույմանոց էկրան։ Կենցաղային գոտում հայտնվել է հինգդյույմանոց կառավարման վահանակ կլիմայի և լուսավորության համար։ Հատուկ հավելված տեղադրելու դեպքում այս գործառույթները հասանելի կլինեն նաև սմարթֆոնիի միջոցով, ավելին, հնարավոր կլինի հետևել ջրի սպառմանն ու մարտկոցի լիցքավորման մակարդակին։

Grand California-ում կա լիովին հագեցած խոհանոց, լոգարան, զուգարան, իսկ 600 տարբերակում՝ նաև սեղանի շարժական տախտակ։ Ջեռուցման համակարգը և ջրատաքացուցիչը աշխատում են գազով կամ էլեկտրականությամբ։ Ներսում տեղադրված են գազօջախ, 70 լիտրանոց սառնարան, 110 լիտրանոց մաքուր ջրի բաք և 90 լիտրանոց կեղտաջրի բաք։ Ստանդարտ սարքավորման մեջ ընդգրկված են կողային քամու փոխհատուցման համակարգը, ադապտիվ կրուիզ-կոնտրոլը, վարորդի հոգնածության վերահսկումը, առջևի և հետևի կանգառի սենսորները, ինչպես նաև ճանապարհային նշանների ճանաչման ֆունկցիան։

Հավելավճարի դեպքում հասանելի է նաև արբանյակային հեռուստատեսությունը և տանիքին տեղադրվող օդորակիչը։ Տարվա վերջում հնարավոր կլինի պատվիրել արևային վահանակներ՝ 104/174 վտ հզորությամբ։ Դրանք նախատեսված են լրացուցիչ մարտկոցի լիցքավորման համար, իսկ թե որքան էներգիա այն կարտադրի, կախված է արևի ինտենսիվությունից։

Grand California-ն հասանելի է առջևի քարշակով կամ 4Motion լիաքարշակով, սակայն շարժիչը մեկն է՝ 2.0 դիզելային շարժիչ, 163 ձիաուժ հզորությամբ և 410 Նմ պտտող մոմենտով, որը հարմարեցված է Euro-6 HD էկոնորմերին։ Փոխանցման տուփը ութաստիճան ավտոմատ է։ Մեծ Բրիտանիայում գները սկսվում են 84 046 ֆունտ ստերլինգից։