JATO Dynamics-ի տվյալներով՝ 2025 թվականի առաջին եռամսյակում Volkswagen-ը առաջ է անցել Tesla-ից և կրկին դարձել էլեկտրոմեքենաների ամենահայտնի բրենդը Եվրոպական միությունում, հաղորդում է Business Insider-ը։
Տարվա առաջին երեք ամիսների ընթացքում ԵՄ-ում գրանցվել է 65 679 Volkswagen էլեկտրոմեքենա՝ ընդդեմ Tesla-ի 53 237 մեքենաների։ Այսպիսով, գերմանական ավտոարտադրողը գրանցել է 157% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Միևնույն ժամանակ, Tesla-ի գրանցումները կրճատվել են 38%-ով՝ դառնալով տարածաշրջանի երեսուն առաջատար ավտոմոբիլային բրենդների թվում ամենամեծ անկումը։ Այս շրջադարձային պահը համընկել է Եվրոպայում մարտկոցով աշխատող էլեկտրոմեքենաների շուկայի ռեկորդային աճի հետ. մարտ ամսին BEV (Battery Electric Vehicle) մեքենաների բաժինը կազմել է նոր գրանցումների 16.9 տոկոսը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2.7%-ով։ Հիմնական աճ ապահովել է Մեծ Բրիտանիայի շուկան, որտեղ պահանջարկը բարձրացել է 13%-ով։
Չնայած ընդհանուր վաճառքների նվազմանը, Tesla Model Y-ը և Model 3-ը պահպանել են իրենց առաջատար դիրքերը գրանցումների քանակով։ Մարտին Model Y-ի վաճառքները նվազել են 43%-ով, մինչդեռ Model 3-ը գրանցել է 1% աճ։ Ամենամոտ մրցակիցը՝ Volkswagen ID.4-ը, եզրափակել է առաջատարների եռյակը, սակայն եռամսյակի կտրվածքով Model 3-ին զիջում է մոտավորապես 2000 մեքենայով ։