ՎԱԶ-ը ներկայացրել է նոր ավտոմեքենա․ Lada Azimut քրոսովերը (ֆոտոշարք)

Lada ապրանքանիշի՝ նախկինում հայտարարված 12 նորույթներից մեկն է դարձել Lada Vesta-ի հիման վրա ստեղծված քրոսովերը, որի պրեմիերան տեղի ունեցավ երեկ, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում։ Հիշեցնենք, որ ԱՎՏՈՎԱԶ-ը դեռ 2022 թվականի սեպտեմբերին էր հաստատել այս ավտոմեքենայի նախագծման ծրագիրը։ Ավելի ուշ ցուցադրվել էր ապագա նորույթի մասնակի նախատիպը, իսկ այժմ արդեն հայտնի է դարձել ապրանքանիշի առաջին քրոսովերի անունը՝ Lada Azimut։

Ընկերության մամուլի ծառայությունում հայտնել են, որ «Ազիմուտ» անունը ընտրվել է մրցույթի արդյունքում, որը անցկացվել է ԱՎՏՈՎԱԶ-ի մոտ 50 հազար աշխատակիցների շրջանակում։ Ենթադրվում է, որ այս անունը պետք է ասոցիացիա առաջացնի «մշտական շարժման, նոր վայրերի և բացահայտումների» հետ։

Lada-ի առաջին քրոսովերի համար (նախկինում արտադրությունից հանված Xray-ը արտադրողը կոչում էր բարձր հեթչբեք) ինժեներները մշակել են 996 նոր և կատարելագործված հանգույցներ ու դետալներ։ Դրանց թվում են թափքի վահանակները, լուսավորության համակարգը, ինտերիերի տարրերը, ինչպես նաև նոր հետևի կախոցը։ ԱՎՏՈՎԱԶ-ում նշել են, որ Azimut մոդելի սերիական արտադրությունը կմեկնարկի 2026 թվականին։ Արտադրությունը, ինչպես ակնկալվում է, կիրականացվի Տոլյատիի գործարանի հզորությունների վրա, որտեղ արդեն արտադրվում է նույն հարթակի վրա հիմնված Vesta մոդելը։

Lada Azimut-ը ստացել է 18 դյույմանոց յուրօրինակ անվահեծեր, լուսադիոդային առաջնային լուսարձակներ օրվա ընթացքում վառվող լույսերով, որոնք ձևավորում են տեսանելի «X» նշանը։ Մեքենան ունի ուղղանկյունաձեւ ռադիատորի ճաղավանդակ, մեծ օդամուտք առաջնային բամպերի ստորին հատվածում, ինչպես նաև պլաստիկային պաշտպանիչ ծածկույթ ամբողջ թափքի շուրջը (ներառյալ՝ անիվների կամարների վրայի ներդիրները)։ Գետնւց բարձրությունը կազմում է 208 մմ։

Մեքենան ունի սեւ տանիք՝ երկաթե պահակներով (ռեյլինգներով) և «շնաձկան լողակ» տեսակի անտենայով, նույն գույնի կողային հայելիներով, սեւ գույնով ներկված առջևի և կենտրոնական հենասյուներով։ Ավտոմեքենան համալրված է սովորական դռների բռնակներով, X-աձև հետեւի լուսարձակներով, որոնք միացվում են իրար լուսային շերտով։

Lada Azimut-ի սրահը ունի երկգույն ձևավորում, ղեկի և առջևի նստատեղերի էլեկտրական կարգավորումներ, մանր իրերի համար նախատեսված տարբեր խցիկներ, ինչպես նաև սմարթֆոնների անլար լիցքավորման սարք։ Հիմնական հագեցվածության ցանկում ներառված են նավիգացիոն համակարգը, նոր մուլտիմեդիա համակարգ՝ 10 դյույմանոց սենսորային էկրանով և վեց բարձրախոսներով, հետընթացի տեսախցիկ, անվադողերում ճնշման վերահսկման համակարգ, առանց բանալի մուտքի հնարավորություն սրահ։

Լրացուցիչ վճարով գնորդները կարող են ստանալ նաև պանորամային տանիք լյուկով, կողային ապակիների տաքացում, երկգոտի կլիմակառավարում, էլեկտրական շարժակազմով բեռնախցիկի դուռ, շրջանային տեսախցիկների համակարգ և երթևեկության ռեժիմի ընտրության համակարգ՝ կախված ճանապարհային ծածկույթից։

Վաճառքի մեկնարկին Azimut քրոսովերը կառաջարկվի արդիականացված բենզինային շարժիչներով՝ 1,6 և 1,8 լիտր աշխատանքային ծավալով, որոնք զարգացնում են համապատասխանաբար 120 և 132 ձիաուժ առավելագույն հզորություն։ Փոխանցման տուփերի շարքում կլինեն վեցաստիճան մեխանիկական փոխանցման տուփ և վարիատորը։ ԱՎՏՈՎԱԶ-ի ծրագրով հետագայում այս քրոսովերի շարժիչային շարքը կհամալրվի նոր՝ 150 ձիաուժ հզորությամբ տուրբոշարժիչով, որը կաշխատի դասական ավտոմատ փոխանցման տուփի հետ։

Գները կհայտարարվեն ավելի ուշ, նորույթի՝ ռուսական շուկա մուտք գործելու նախօրեին։ Ակնհայտ է, որ Lada Azimut-ը կարժենա ավելի թանկ, քան Vesta-ն։