Խորհրդային մեքենաները, որոնք վաճառվել են ԱՄՆ-ում (ֆոտոշարք)

Հասկանալի է, թե ինչու են բոլորը գնում ամերիկյան մեքենաներ. դրանք նկարահանվել են սիրելի ֆիլմերում, մեծ են, ապահովում են հուսալիության ու անվտանգության զգացում։ Բայց երբեմն էլ ԱՄՆ բնակիչներն են գնում ռուսական և խորհրդային ավտոմեքենաներ։ Ինչո՞ւ։ Պատճառները պարզելը, թերևս, դժվար է, սակայն ուսումնասիրել խորհրդային մեքենաշինության այն մոդելները, որոնք վաճառվել են Ամերիկայում, հեշտ։

ՎԱԶ 2101

Ամերիկյան ավտոարդյունաբերության խորհրդանիշներն են «Կորվետները» և «Մուստանգները», իսկ խորհրդային մեքենաշինության խորհրդանիշը՝ ՎԱԶ 2101-ը, չնայած իր իտալական ծագմանը։ Հատկանշական է, որ «Կոպեկները» (այդպես էին անվանում VAZ 2101-ը կոպեկին նմանվող կլոր լուսարձակների պատճառով) ԱՄՆ-ում ավելի շատ են, քան նույն «Ֆիատ-124»-երը։ Այդ իսկ պատճառով զարմանալի չէ, որ «Ժիգուլին» երբեմն հայտնվում է eBay-ի և Craigslist-ի ցուցակներում։

Այս օրինակն արտադրվել է 1980 թվականին, «Օխրա» գույնով։ Այն հայտնվել է eBay-ում 2013 թվականին։ 42,5 հազար կիլոմետր վազքով VAZ 2101-ը երկար ժամանակ ապրել է Հունգարիայում, բայց 1990-ականներին, իր տիրոջ հետ միասին, տեղափոխվել է ԱՄՆ։ Խորհրդային մեքենայի լավ պահպանված այս օրինակի համար պայքարել են 16 թեկնածուներ, իսկ մեքենան վաճառվել է վեց հազար դոլարով։

ՎԱԶ 2102

Քանի որ թյունինգի արդյունաբերությունը ԱՄՆ-ում չափազանց զարգացած է, աճուրդներում երբեմն հայտնվում են խորհրդային ավտոմեքենաներ, որոնք, թեև ոչ թանգարանային, բայց շատ տպավորիչ վիճակում են։ Օրինակ ի՞նչ կասեք այս 1985 թվականի VAZ 2102-ի մասին՝ ներկված բամպերներով, լայնացված անիվների կորերով և 16-դյույմանոց սկավառակներով, որոնք ոճով նման են «Group C» ռալլիի մրցարշավային սպորտային մեքենաներին:

Վաճառքի պահին (2018-ի հոկտեմբեր) այս ավտոմեքենան գտնվում էր Ֆլորիդայում։ Տերը մեքենայի տանիքին տեղադրել էր հսկայական կտորե ծածկ Webasto ֆիրմայից, որը ձեռքով էր բացվում։ Չնայած մեքենան մեծ հետաքրքրություն չէր առաջացրել աճուրդում, այնուամենայնիվ վաճառվել էր ութ հազար դոլարով։

ՎԱԶ 2121 ՆԻՎԱ

Եթե ԱՊՀ տարածքում «Նիվան» կարելի է հանդիպել ամենուրեք, ապա ԱՄՆ-ում այն նույնքան եզակի է, որքան ԱՊՀ տարածքում 1950-ականների «Կադիլակները»: Տարբեր տվյալներով՝ ամբողջ Միացյալ Նահանգներում կա մոտ 50 խորհրդային ամենագնաց, թեև հարևան Կանադայում այդ մեքենան պաշտոնապես մատակարարվել է դեռ ԽՍՀՄ տարիներին:

Այս սպիտակ «Նիվան» հենց «կանադական» է։ 1990 թվականին մեքենան լրիվ նոր վիճակում տեղափոխվել է Կանադա, սակայն որոշ ժամանակ անց սեփականատերը ստիպված է եղել տեղափոխվել ԱՄՆ-ի Նյու Ջերսի քաղաք և իր հետ տարել է մեքենան։ Իսկ 2014 թվականի սեպտեմբերին «Նիվան» վաճառքի էր հանվել eBay աճուրդում։ Այն վաճառվել է 6500 դոլարով։

ԳԱԶ 21 «Վոլգա»

Ջեյ Լենոյի հաղորդման սյուժեից հետո օրիգինալ «Վոլգան» սկսել է ժողովրդականություն ձեռք բերել Միացյալ Նահանգներում։ Այս հնարավորությունից օգտվել են տեղացի ձեռնարկատերերը, ովքեր երկրում ներմուծել են մի քանի ԳԱԶ-21 մեքենաներ։

Այս «Վոլգան» իր կյանքի մեծ մասն անց է կացրել Վրաստանում։ Այնտեղ էլ մեքենան անցել է վերջին տեխնիկական սպասարկումը՝ մինչև Փենսիլվանիա տեղափոխվելը, որտեղ դրվել է վաճառքի։ eBay-ի տեղեկատվության համաձայն, մեքենան գտնվում էր ամբողջովին օրիգինալ վիճակում, սակայն պահանջում էր խնամք. կախոցի էլեմենտների վրա արդեն երևում էր ժանգի հետքերը։ ԱՄՆ-ի ճանապարհներով մեքենան անցել էր ընդամենը հազար կիլոմետր և փնտրում էր հոգատար տիրոջ, ով պատրաստ կլիներ մեքենայի համար վճարել 9000 դոլար։

Ի՞նչ արժե ԳԱԶ—24 «Վոլգան», որի վազքաչափը ցույց է տալիս 95 հազար կիլոմետր, իսկ դռների վրա գծանշված են տաքսու շախմատային նշանները։ Եթե խոսքը գնում է Մասաչուսեթսի մասին, ապա 21 995 դոլար։ Հենց այդքան էր ցանկանում ստանալ AlphaCars ավտոսրահը, որը մեքենան ցուցադրել էր eBay-ում։ Այս «Վոլգան» արտադրվել է 1976 թվականին և, ինչպես նշված է նկարագրության մեջ, ողջ կյանքն աշխատել է մոսկովյան տաքսի պարկում։ Ինչպես է այն հասել ԱՄՆ, հայտնի չէ։