Ըստ The Wall Street Journal-ի հաշվարկների, ընդհանուր վնասը, որ կրել են ավտոարտադրող ընկերությունները Դոնալդ Թրամփի կողմից մեքենաների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի պատճառով, կազմում է 12 միլիարդ դոլար։ «Առևտրային պատերազմները» դարձել են ընկերությունների համար ամենամեծ հարվածը կորոնավիրուսի համավարակից հետո, և ամենաշատը տուժել է ճապոնական Toyota-ն։
The Wall Street Journal-ը հաշվարկել է աշխարհի 14 խոշորագույն ավտոմեքենաարտադրող ընկերությունների կորուստները, որոնք նրանք արձանագրել են 2025 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով։ Ամենամեծ վնասը կրել է Toyota Motor ընկերությունը՝ ավելի քան 3 միլիարդ դոլար։ Երկրորդ տեղում է Volkswagen Group-ը՝ 1,5 միլիարդ դոլար, իսկ երրորդ տեղում՝ General Motors-ը՝ 1,1 միլիարդ դոլար վնասով։
Մնացած ընկերությունները, որոնց թվում են Honda, BMW, Hyundai, Kia, Mazda, Nissan և այլք, երկրորդ եռամսյակում կորցրել են 1 միլիարդ դոլարից քիչ։ Ավելի քիչ է տուժել ամերիկյան Tesla ընկերությունը, սակայն, այնուամենայնիվ, կորցրել է մոտ 300 միլիոն դոլար։
WSJ-ը կանխատեսում է, որ ավտոարտադրողները կշարունակեն շահույթ կորցնել։ Առնվազն 10 ընկերությունների (չինականներից բացի) շահույթը կարող է նվազել մեկ քառորդով 2025 թվականի արդյունքներով։ Վնասները նվազեցնելու հնարավոր լուծումներից են ավտոմեքենաների գների բարձրացումը և արտադրության տեղայնացումը ԱՄՆ տարածքում, սակայն դա կարող է տարիներ պահանջել։
Toyota-ն հայտնել է, որ իր զուտ շահույթը 2025 թվականի երկրորդ եռամսյակում նվազել է 36,9 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ընկերության ֆինանսական հաշվետվության համաձայն՝ ԱՄՆ-ի բարձր մաքսատուրքերի պատճառով Toyota-ն վտանգում է կորցնել մինչև 9,5 միլիարդ դոլար եկամուտ։
2025 թվականի գարնանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սահմանել է 25% մաքսատուրք բոլոր ներմուծվող ավտոմեքենաների և պահեստամասերի վրա։ Հուլիսին Վաշինգտոնը առևտրային համաձայնություններ է կնքել ԵՄ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի հետ, և օգոստոսի 1-ից այդ երկրներից ներմուծվող մեքենաների մաքսատուրքերը նվազեցվել են մինչև 15%։