ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով սահմանվում են 25 տոկոսանոց մաքսատուրքեր բոլոր ներմուծվող մարդատար և թեթև առևտրային ավտոմեքենաների ու դրանց հիմնական բաղադրիչների համար: Այսպիսով, Թրամփը ցանկանում է խթանել ԱՄՆ-ի ավտոմոբիլային արդյունաբերության զարգացումը և դրդել ամերիկացի քաղաքացիներին գնել տեղական արտադրության ավտոմեքենաներ, քանի որ ներմուծվող մեքենաները շուտով զգալիորեն կթանկանան:
Ներմուծվող ավտոմեքենաների վրա մաքսատուրքերն ուղղված են բացառապես ԱՄՆ-ում արտադրության խթանմանը և ամերիկյան արտադրության մեքենաների վաճառքի աճին: ԱՄՆ-ի խոշորագույն արհմիությունը՝ UAW-ը (United Auto Workers), խանդավառությամբ աջակցել է Թրամփի որոշմանը, համարելով, որ դա իսկապես կնպաստի երկրի ներսում ավտոմոբիլների արտադրության զարգացմանը և թույլ կտա աշխատավոր դասին, վերջապես, շտկել մեջքը տասնամյակների անարդար մրցակցությունից հետո: Իհարկե, նոր մաքսատուրքերն աջակցում են նաև ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության բազմաթիվ համախոհներ:
25 տոկոսանոց մաքսատուրքերը ներմուծվող մարդատար և թեթև առևտրային ավտոմեքենաների համար կգործեն ապրիլի 3-ից: 25 տոկոսանոց մաքսատուրքերը որոշակի ավտոմեքենաների բաղադրիչների համար (որոնց թվում են շարժիչները, փոխանցման տուփերը, էլեկտրական և էլեկտրոնային բաղադրիչները) կսկսեն գործել ոչ ուշ, քան մայիսի 3-ից:

Թրամփը նաև նշել է, որ որոշ երկրներ կարող են ազատվել մաքսատուրքերից փոխադարձ շահավետ համաձայնությամբ, այսինքն՝ հստակ ակնարկում է, որ պատրաստ է բանակցությունների: Սա, իհարկե, մեծ անորոշություն է ստեղծում խոշոր ավտոմոբիլային ընկերությունների համար, որոնց համար ԱՄՆ շուկան կարևոր է, բայց ոչ միակը, սակայն առանձին արտադրողներ արդեն որոշել են լրացուցիչ ներդրումներ կատարել ԱՄՆ-ում: Honda-ն ավելի վաղ հայտարարել էր, որ հաջորդ սերնդի Civic-ի արտադրությունը Մեքսիկայում չի լինի, այլ կտեղափոխվի ԱՄՆ: Երեկ Hyundai Motor Group-ը հայտարարեց, որ մտադիր է 21 մլրդ դոլար ներդնել ԱՄՆ-ում իր բիզնեսի զարգացման համար, այդ գումարներն ուղղվելու են նաև պողպատաձուլական գործարանի կառուցմանը:
Այս պահին՝ մինչեւ ապրիլի 3-ը, ԱՄՆ-ում գործում են 2,5 տոկոս մաքսատուրքեր բոլոր ներմուծվող մարդատար ավտոմեքենաների համար եւ 25 տոկոս մաքսատուրքեր ներմուծվող պիկապների համար՝ բացառությամբ այն մեքենաների, որոնք արտադրվել են Կանադայում և Մեքսիկայում: 2024 թվականին ԱՄՆ-ը ներմուծել է ավտոմոբիլային արտադրանք 474 միլիարդ դոլարի չափով, որից 220 միլիարդը կազմել են մարդատար ավտոմեքենաները: ԱՄՆ-ի ավտոմեքենաների խոշորագույն մատակարարներն են Մեքսիկան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Կանադան եւ Գերմանիան:
Ինչքա՞ն կթանկանան ավտոմեքենաները ԱՄՆ-ում մաքսատուրքերից հետո: Փորձագետների կարծիքով գները կաճեն 4000-ից մինչեւ 10 000 դոլար՝ կախված մոդելից, բայց այս թվերը հավաստի չեն, քանի որ շատ երկրներ պատրաստում են պատասխան մաքսատուրքեր, որոնք լրացուցիչ ծանրաբեռնվածություն կստեղծեն ավտոմոբիլային բիզնեսի համար: Թրամփն իր հերթին սպառնացել է, որ եթե Եվրամիությունը եւ Կանադան միավորվեն՝ ԱՄՆ-ին տնտեսական վնաս հասցնելու նպատակով, ապա ինքը անմիջապես ավելի բարձր մաքսատուրքեր կսահմանի նրանց դեմ:
Խոշորագույն ավտոմոբիլային ընկերությունների բաժնետոմսերը նման նորությունների ֆոնին կանխատեսելիորեն նվազել են: Առաջիկայում շատ մեծ տեղեկատվական աղմուկ կբարձրանա նոր մաքսատուրքերի եւ դրանց արձագանքների վերաբերյալ և մենք կհետեւենք իրադարձությունների զարգացմանը: