Toyota Rav4–ը և Prado–ն կարող են ստանալ էլեկտրական տարբերակներ (ֆոտո)

Ճապոնական Toyota ապրանքանիշը 2023 թվականի օգոստոսին ներկայացրեց արդի Land Cruiser Prado (J250 սերիա) ամենագնացը։ Նշենք, որ շատ շուկաներում, այդ թվում ԱՄՆ-ում, այս մոդելը վաճառվում է առանց Prado հավելման։ Բրենդի ամենապահանջված մոդելներից մեկը՝ RAV4 քրոսովերը, հինգերորդ անգամ սերնդափոխվեց 2025 թվականի մայիսին։ Երկու ավտոմեքենաներն էլ այսօր ամբողջությամբ էլեկտրական տարբերակ չունեն, սակայն ապագայում դա կարող է փոխվել։

Toyota Land Cruiser-ի և RAV4-ի հնարավոր «կանաչ» տարբերակների մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ընկերության սեփական, բայց անհայտ աղբյուրին։ Նշվում է, որ ամբողջությամբ էլեկտրական մոդելների արտադրությունը կիրականացվի ԱՄՆ-ի Քենթուքի նահանգի Ջորջթաուն քաղաքում գտնվող գործարանում։ Հայտնի է նաև, որ դրանց համար արտադրական գծում տեղ կազատվի Lexus ES սեդանի հաշվին, քանի որ մոդելի նոր սերունդը արտադրվելու է Ճապոնիայում և այնտեղից արտահանվի ԱՄՆ։

Վերջին սերնդի Toyota Land Cruiser Prado-ն

Գործակալության տվյալներով՝ Lexus TX մեծ քրոսովերի արտադրությունը կշարունակվի ԱՄՆ-ի Ինդիանա նահանգում գտնվող գործարանում։ Այստեղ է նաև արտադրվում նրա ամենամոտ «բարեկամը»՝ Toyota Grand Highlander-ը, ընդ որում արտադրողը մտադիր է ավելացնել վերջինիս թողարկման ծավալը։

Սպասվում է, որ մեծ «կանաչ» ամենագնացը կստեղծվի Toyota Land Cruiser Se կոնցեպտի հիման վրա, որը ներկայացվել էր 2023 թվականի հոկտեմբերին Տոկիոյի ավտոսրահում։ Նշենք, որ ցուցադրված մեքենան ունի յուրօրինակ արտաքին տեսք, կրող թափք (ոչ թե երկաթյա հիմքով կառուցվածք, ինչպես սովորական Land Cruiser Prado-ն), երեք շարք նստատեղեր, իսկ 0-ից մինչև 100 կմ/ժ արագություն հավաքելու համար նրան անհրաժեշտ է մոտ 5 վայրկյան։

Toyota Land Cruiser Se կոնցեպտը

Նշենք, որ ԱՄՆ-ում առաջարկվող արդի Toyota Land Cruiser-ը համալրված է i-Force Max հիբրիդային ուժային համակարգով, որի հիմքում 2,4 լիտրանոց բենզինային տուրբոշարժիչն է։ Այս շարժիչը աշխատում է զուգակցված ութաստիճան ավտոմատ փոխանցման տուփի հետ, որի մեջ ինտեգրված է էլեկտրաշարժիչ, իսկ համակարգի կազմի մեջ ներառված է նաև 1,87 կՎտ/ժամ տարողությամբ մարտկոց։ Համախառն հզորությունը կազմում է 330 ձիաուժ, իսկ առավելագույն պտտող մոմենտը՝ 630 Նմ։

Վերջին սերնդի Toyota RAV4-ը