Toyota Land Cruiser-ի պատմությունը. ինչպե՞ս «գերեվարված» ամերիկյան ջիպը վերածվեց ամենահայտնի ճապոնական ամենագնացի (ֆոտոշարք)

Toyota Land Cruiser-ը ճապոնական ավտոարդյունաբերության կենդանի խորհրդանիշն է, որի անունը դարձել է հուսալիության և դիմացկունության հոմանիշ: Land Cruiser-ը մի քանի սերունդներով արտադրվում է ավելի քան կես դար, և չնայած մոդելի թարմացումները հաճախ տեղի չեն ունենում, այն մինչ օրս մնում է աշխարհի ամենավաճառվող մեծածավալ ամենագնացներից մեկը: Իսկ Land Cruiser-ը իր կյանքը սկսել է այնպես, ինչպես շատ այլ ճապոնական ամենագնացներ՝ ամերիկյան «Վիլլիսի» գաղափարների փոխառմամբ։

1941 թվականին Ճապոնիայի կայսերական բանակը օկուպացնում է Ֆիլիպինները և կղզային պետության տարածքում հայտնաբերում է անսովոր ավտոմեքենա՝ Bantam BRC-40-ը (նկարում), որը հայտնի ամերիկյան Willys MB-ի նախահայրն էր։

Քանի որ այդ ժամանակ Ճապոնիայում նման մեքենա չկար, ռազմական ղեկավարությունը որոշում է ընդունում ուղարկել ռազմավար մեքենան Ճապոնիա, Toyota գործարան՝ ուսումնասիրելու դրա բոլոր առանձնահատկությունները և ստեղծելու նման մի բան, բայց արդեն ճապոնացի զինվորների կարիքների համար: Նոր մոդելի մշակումն սկսվել է 1942 թվականից՝ «ռեվերս-ինժեներինգ»-ի միջոցով, այսինքն՝ լավագույն տեխնիկական լուծումների պատճենմամբ:

Ամենագնացի առաջին նախատիպը պատրաստ էր արդեն 1942 թվականի վերջում: Մեքենան անվանվեց AK10 (ներքևի նկարում), և դրա արտաքին տեսքում հեշտությամբ նկատվում էր ամերիկյան Bantam-ի ազդեցությունը, սակայն տեխնիկական համալրումը մի փոքր փոխվել էր. օրինակ շարժիչը փոխարինվել էր Toyota-ի 2,3 լիտր 4-մխոցանի շարժիչով, որը աշխատում էր երեքաստիճան մեխանիկական փոխանցումատուփի հետ: Մեքենայի փոքր սերիական արտադրությունը սկսվեց միայն 1944 թվականի վերջում, ուստի Toyota AK10-ի՝ ռազմական գործողություններին մասնակցությունը հաստատող լուսանկարներն ու փաստաթղթերը շատ քիչ են:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որը Ճապոնիայի համար ավարտվեց 1945 թվականի սեպտեմբերին կապիտուլյացիայով, Toyota-ն երկար ժամանակ արտադրում էի միայն մեկ ամենագնաց: Կորեական պատերազմը նորից խթանեց ամենագնացների կարիքը, այդ պատճառով 1950 թվականին ԱՄՆ կառավարությունը հայտարարեց տենդեր 100 մեքենայի արտադրության համար, որոնց բնութագրերը համադրելի կլինեին Willys M38-ի հետ: Եվ չնայած Toyota-ն տենդերին չէր մասնակցում, ամերիկացիները անսպասելիորեն նախապատվությունը տվեցին ճապոնական ընկերությանը, քանի որ նրանց մեքենաները որակյալ էին և դիմացկուն:

1951 թվականի հունվարին ներկայացվեց Toyota Jeep BJ նախատիպը (ներքևի նկարում): Չնայած Wyllis-ի հետ արտաքին նմանությանը , մեքենան չափսերով ավելի մեծ էր, ուներ 3,4 լիտր աշխատանքային ծավալով, 86 ձիաուժ հզորությամբ վեցմխոցանի շարժիչ, բացի այդ, այն չուներ տրանսմիսսիայի ցածր փոխանցման շարքը: Արդեն ամռանը Jeep BJ-ն ծառայության մտավ բանակում, իսկ տարվա վերջում դարձավ ճապոնական ոստիկանության պարեկային մեքենան: Երկու տարի անց ամենագնացը սկսվեց վաճառվել նաև քաղաքացիական անձանց համար:

Իր կյանքի վերջում Jeep BJ-ն, շնորհիվ Willys-Overland-ի իրավաբանների բողոքի և Toyota-ի տեխնիկական տնօրեն Հենձի Ումեհարայի երևակայության, վերանվանվեց Land Cruiser-ի, որպեսզի ամենագնացի անունը «հնչի նույնքան լավ, ինչպես Land Rover-ը»: Չնայած Studebaker ընկերությունը արդեն արտադրել էր Land Cruiser անունով մեքենա, դատական վեճեր չեղան, քանի որ ավտոմեքենաները չափազանց տարբեր էին: Իսկ մեկ տարի անց, 1955 թվականին, եղավ Land Cruiser-ի երկրորդ սերունդի դեբյուտը (նկարում), որը դարձավ առաջին «Կրուզերը», որը ստեղծվեց ոչ թե պատերազմի, այլ պարզապես ակտիվ կենսակերպի համար:

20-րդ և 30-րդ սերիաների Land Cruiser-ները կարող էին ունենալ տարբեր ինդեքսներ՝ կախված անիվների բազայի երկարությունից, տարբեր թափքեր (այդ թվում՝ կոշտ տանիքով հնգդռնանի տարբերակը) և տարբեր շարժիչներ: Ընդ որում, «տարբեր շարժիչներ» ասելով նկատի ունենք ոչ Тoyota-ական ծագման շարժիչներ։ Երբ 1958 թվականին Բրազիլիայում սկսեցին հավաքել Land Cruiser-ը, այն համալրվում էր Mercedes-Benz-ի դիզելային շարժիչներով: Երկրորդ սերունդը արտադրական գծում մնաց մինչև 1960 թվականը (կամ մինչև 1968 թվականը, եթե հաշվի առնենք բրազիլական շուկան):

Սակայն Land Cruiser-ը միայն 40-րդ սերիայով դարձավ համաշխարհային ֆենոմեն (վերևի նկարում): Մեքենան դարձավ ավելի հարմարավետ, քան J20/J30-ը, ստացավ լայն շարժիչային գիծ՝ 3-ից 4,2 լիտր ծավալով բենզինային և դիզելային շարժիչներ, ինչպես նաև վերադարձրեց փոխանցման տուփի ցածր շարքը: Արդեն 1965 թվականին Land Cruiser-ի համաշխարհային արտադրությունը գերազանցեց 50 հազար օրինակը, և J40-ը դարձավ ԱՄՆ-ում ամենավաճառվող ամենագնացներից մեկը:

Չնայած այն բանին, որ J40-ը, ինչպես իր նախորդը, ի սկզբանե ստեղծվել էր որպես քաղաքացիական մեքենա, այն ձեռք էին բերում նաև զինված ուժերը, օրինակ՝ Իռլանդիայի բանակը: Բայց այս սերնդի Land Cruiser-ը շատ ավելի ներդաշնակ էր դիտվում Կալիֆորնիայի լողափերի ավտոկանգառներում։ J40-ի պահանջարկը այնքան մեծ էր, որ մեքենան արտադրվում էր առանց էական փոփոխությունների մինչև 1984 թվականը (իսկ Բրազիլիայում մինչև 2001-ը): Ներկայումս այս ավտոմեքենաների արժեքը արագորեն աճում է․ J40-ի լավ օրինակն աճուրդում կարող է արժենալ ավելի թանկ, քան նոր Land Cruiser 200-ը:

1967 թվականին, J40-ի արտադրության մեկնարկից ընդամենը յոթ տարի անց, հայտնվում է 50-րդ սերիան (վերևի նկարում): Մեքենան նշանավոր էր, քանի որ հենց LC 55-ը դարձավ առաջին լիարժեք ունիվերսալը «Կրուզեր»-ների շարքում․ հնգդռնանի թափք, երկար անիվների բազա, հսկայական բեռնախցիկ՝ դռան վրա իջեցվող պատուհանով, և 40-րդ սերիայից տարբերվող դիզայն: 50-րդ սերիան նույնպես երկար արտադրվեց, սակայն մի փոքր քիչ, քան «քառասուն»-ը, 14 տարի։

Land Cruiser 55-ի փոխարեն եկավ 60-րդ սերիան, որը Վենեսուելայում վաճառվում էր Samurai անունով (այնպես, ինչպես Suzuki-ն): Չնայած մեքենան, ինչպես Land Cruiser-ի բոլոր մոդելները, երկաթյա հենքի վրա կառուցված լիաքարշ ամենագնաց էր, այն ստացավ բավականին մեծ և երկար բեռնածածկ, ինչը բացասաբար ազդեց կտրուկ բարձրությունները հաղթահարելու մեքենայի ունակության վրա: Սակայն ինտերիերը այդ ժամանակաշրջանում առաջարկվող բոլոր Land Cruiser-ների մեջ ամենահարմարավետն էր․ հայտնվեցին հարմարավետ նստատեղեր, օդորակիչ, հետևի նստատեղերի տաքացուցիչ: Շարժիչները բացառապես վեցմխոցանի շարանի էին, 3,4-ից 4,2 լիտր ծավալով, այդ թվում՝ 4-լիտր տուրբոդիզել: Մոդելը արտադրվեց մինչև 1989 թվականը:

Երբ J40-ը վերջապես դարձավ պատմություն, նրան փոխարինեց 70-րդ սերիան: Սա հենց այն յոթանասուներորդ «Կրուզերն» է, որը Պորտուգալիայում արտադրվում է որոշ շուկաների համար մինչ օրս: Այնուհետև 70-րդ Land Cruiser-ը ստացավ թեթևացված տարբերակ՝ Land Cruiser II-ը, որը առանձնանում էր կրճատված անիվների բազայով և պարզ չորսմխոցանի շարժիչներով, իսկ ճապոնական շուկայում 1990-1996 թվականներին վաճառվում էր Land Cruiser Prado անունով (ներքևի նկարում): Հետագայում այս երկու գաղափարները համատեղվեցին, և այդպես ծնվեց այն Toyota Prado-ն, որը բոլորը ճանաչում և սիրում են. հուսալի, անցունակ և բազմաֆունկցիոնալ, ինչպես դասական Land Cruiser-ը, բայց փոքրացված չափսերով:

Բայց մինչ լիարժեք ինքնուրույն Prado-ին (J90) անցնելը, հիշենք լեգենդար Land Cruiser 80-ը (վերևի նկարում), որը մինչ օրս մեծ ժողովրդականություն ունի բնության սիրահարների, երկարատև արշավների և տարբեր արտաճանապարհային արկածների սիրահարների շրջանում: Մեքենան արտադրվել է 1989-ից 2008 թվականներին (վերջին 11 տարին՝ Վենեսուելայում), և այս մոդելի հետ Land Cruiser-ը առաջին անգամ առաջարկեց մշտական լիաքարշակ համակարգ: Շարժիչները Land Cruiser-ի ավանդական շարային վեցնյակներն էր: 1996 թվականին երկու Land Cruiser 80-ները զբաղեցրել են առաջին և երկրորդ տեղերը ռալլի «Դակար»-ում (չմոդիֆիկացված սերիական արտադրության մեքենաների դասում), ինչը նպաստեց մոդելի վաճառքների աճին Հյուսիսային Ամերիկայում:

Իսկ ահա J90-ը, այսինքն՝ Land Cruiser Prado-ի երկրորդ սերունդը, հայտնվեց 1996 թվականին: Ամենագնացը դարձավ ավելի մեծ, ստացավ մշտական լիաքարշակ համակարգ և անկախ կախոցներ բոլոր անիվների համար․ առջևում երկու լծակներ, հետևում՝ բազմալծակ համակարգ։ Շարժիչների մասով Prado 90-ը չուներ ոչ մի կապ Land Cruiser 80-ի հետ, հավաքվում էր կամ շարային չորսմխոցանի շարժիչներով, կամ V6-ով: Բայց Prado-ն, ինչպես իր ավագ եղբայրը, կարող էր ստանալ կաշվե և փայտյա ձևավորում, բայց միայն թանկարժեք Challenger տարբերակում:

J90-ի դեբյուտից երկու տարի անց հայտնվեց նա․․․

Հարյուրերորդ Land Cruiser-ը իսկական համաշխարհային հիթ էր և, բնականաբար, դարձավ աշխարհում ամենաշատ վաճառվող լիաքարշակ ամենագնացներից մեկը։ Ի տարբերություն նախորդ մոդելների, նոր «Կրուզերը» բացահայտ շեշդադրում կատարեց շքեղության վրա։ Հայտնվեցին պնևմոկախոցներ մեքենայի բարձրության կառավարման համակարգով, հզոր V8 շարժիչ, իսկ 2002 թվականին՝ սերիական մեքենաների համար առաջին գիշերային տեսողական համակարգը (որը հասանելի էր միայն Land Cruiser Cygnus-ի համար): Թվում էր, թե Land Cruiser 100-ը կարտադրվի հավերժ, բայց իր ժառանգորդի ֆոնին այն ապրեց ոչ այնքան երկար, 1998-ից մինչև 2007 թվականը:

Նոր հազարամյակի առաջին Land Cruiser-ը դարձավ մեգահայտնի Prado 120-ը: Մեքենայի մշակումը սկսվել էր դեռ 1998 թվականին, իսկ դիզայնը հաստատվել էր 1999-ին: Սերիական տարբերակի թողարկումը տեղի ունեցավ 2002 թվականին: Մեքենայի փիլիսոփայությունը մնաց նույնը, սակայն մեքենայի դիզայնը մոնումենտալ Land Cruiser 100-ի ֆոնին դարձավ ավելի թեթև: Ընդ որում կար նաև երեքդռնանի տարբերակը (այն վաճառվում էր 125 ինդեքսով, սակայն ոչ բոլոր շուկաներում)։ Իսկ այն, որ Prado-ն համալրվում էր միայն չորսմխոցանի և վեցմխոցանի շարժիչներով՝ աշխատելով մեխանիկական կամ ավտոմատ փոխանցման տուփի հետ, կարծում եմ, արդեն գիտեք:

Հաջորդ Land Cruiser-200-րդ սերիան անգամ Toyota-ի համար իսկական երկարակյաց էր, որն արտադրվում էր առանց էական փոփոխությունների 2007 թվականից մինչև 2021 թվականը։ Մեքենայի վրա ավելացվել էր էլեկտրոնիկան (շրջանաձև տեսախցիկներ, առանց բանալի մուտք, թեքահարթակներ բարձրանալու և իջնելու օգնականներ, չորսգոտիանոց կլիմատ-կոնտրոլ), շարժիչները դարձան ավելի հզոր։ Շարքից ամբողջովին անհետացան շարային վեցնյակները։ Նրանց փոխարինեցին V-աձև վեցմխոցանի շարժիչները։

Իսկ եթե ցանկանում եք ավելի կոմպակտ, ավելի նոր և ավելի էժան Land Cruiser, կա Prado 150-ը։ Այն նույնպես հավաքվում է երկաթյա հենքի վրա, իսկ արտաճանապարհները հաղթահարելու հարցում մեքենային օգնում է ժամանակակից էլեկտրոնիկան։

2021 թվականի հունիսին Toyota-ն ներկայացրեց Land Cruiser 300-ը, որը համալրված է V-աձև վեցմխոցանի բենզինային կամ դիզելային շարժիչներից մեկով:

Land Cruiser-ի պատմությունը մշտապես աճող հաջողության պատմություն է, որն ունի շատ շերտեր և դեռևս չգրված գլուխներ։ Կհայտնվե՞ր արդյոք Land Criuser-ը, եթե ճապոնացիները պատերազմի ժամանակ պատահաբար չգտնեին այն ամերիկյան ամենագնացը Ֆիլիպիններում։ Այս հարցը, թերևս, մեր ժամանակների ամենախրթին հարցերից մեկն է, որի պատասխանը ստանալու համար պատմաբանները պետք է մեծածավալ ուսումնասիրություններ կատարեն։ Իսկ մենք կգոհանանք նրանով, որ կփաստենք․ 1941 թվականին ամերիկյան ամենագնացի հետ ճապոնացիների պատահական հանդիպումը սկիզբ դրեց մեր ժամանակների լավագույն ու լեգենդար ամենագնացներից մեկի կյանքի պատմությանը, որի բոլոր մոդելները, անկախ տարիքից, առայսօր առաջացնում են միայն հիացական բացականչություններ և կարծիքներ։

Հեղինակ՝ Վլադիմիր Հովհաննիսյան