Toyota–ն ներկայացրել է նոր Hillux–ը․ Prado–ի ինտերիեր և բազմազան նորույթներ (ֆոտոշարք)

Ճապոնական բրենդը Toyota Hilux պիկապը թողարկում է 1968 թվականից, և այդ ընթացքում մոդելը մի քանի անգամ փոխել է սերունդը։ Իններորդ սերնդի բեռնատարի մշակման մասին հայտնի էր վաղուց, առաջին պաշտոնական թիզերները հրապարակվել էին 2025 թվականի նոյեմբերի սկզբին, իսկ այժմ ընկերությունը ներկայացրել է նորույթը․ պրեմիերան միաժամանակ կայացել է Թաիլանդում, Ավստրալիայում և Բելգիայում։

Սերնդափոխության արդյունքում Toyota Hilux-ը ստացել է նոր արտաքին տեսք, այդ թվում՝ փոխված չափսեր։ Միջին չափի բեռնատարի առջևի մասը այժմ ունի ավելի զանգվածային տեսք․ այն համալրվել է կապոտի վրա նոր դրոշմներով, ավելի նեղ լուսադիոդային լուսարձակներով, իսկ դիմային լույսերը միացված են միմյանց փայլուն սև պլաստմասից պատրաստված շերտով, որի վրա արծաթագույն տառերով գրված է բրենդի անվանումը։

Ներքևում տեղադրված է ռադիատորի վանդակաճաղը՝ հորիզոնական ձգված բջիջների ձևով նախշով։ Կողքերում կարելի է տեսնել ուղղանկյուն օդի մուտքեր, իսկ առջևի բամպերի ստորին մասի կենտրոնում՝ մեծ օդամուտք՝ ծավալուն արծաթագույն ներդիրով և զույգ ինտեգրված մառախուղային լուսարձակներով։

Պիկապի վրա պահպանվել են ավանդական դռների բռնակներն ու սովորական արտաքին հայելիները։ Կողային հատվածը զարդարվել է ավելի քառանկյուն անվաբացվածքներով, նոր թեթև համաձուլվածքով սկավառակների հավաքածուով, ինչպես նաև վերափոխված կողային աստիճաններով։ Հետևի հատվածը նույնպես ստացել է նոր աստիճաններ, նոր ուղղահայաց լուսարձակներ, որոնք տեղադրված են բացվող թափքի երկայնքով, ինչպես նաև նոր բռնակ՝ ներկառուցված կանգառային լույսով։

Այժմ Toyota Hilux-ը կառաջարկվի միայն երկշարք նստարաններով թափքով։ Իններորդ սերնդի պիկապի ինտերիերը ձևավորված է նույն ոճով, ինչ ներկա Land Cruiser Prado ամենագնացի սրահը։ Վարորդի դիմաց տեղակայված է եռաթև բազմաֆունկցիոնալ ղեկ, որի վրա կան ֆիզիկական կոճակներ, իսկ դրա հետևում՝ 12,3 դյույմանոց թվային գործիքային վահանակ։ Առջևի վահանակի կենտրոնական հատվածում տեղադրված է առանձին հորիզոնական սենսորային էկրան՝ մուլտիմեդիա համակարգի համար (մինչև 12,3 դյույմ չափով)։

Բեռնատարի գործառույթները կառավարելու ֆիզիկական կոճակներ կան նաև կենտրոնական վահանակի վրա։ Սրահում նախատեսված է նաև սմարթֆոնների անլար լիցքավորման սարք և նոր USB միացումներ՝ երկրորդ շարքի ուղևորների համար նախատեսված հատվածում։ Իններորդ սերնդի Toyota Hilux-ը համալրվել է ղեկի էլեկտրական ուժեղացուցիչով, ինչպես նաև ընդլայնված անվտանգության համակարգերի համալիրով՝ Toyota Safety Sense և վարորդի օգնականների T-Mate համակարգերով։

Նոր լիաքարշակ Hilux-ի հիմքում ընկած է IMV հարթակը, որը նրան կապում է Toyota Land Cruiser FJ ամենագնացի հետ, որը ներկայացվել էր անցած ամսվա վերջում, ինչպես նաև Hilux Champ բեռնատարի հետ, որ ներկայացվել էր 2023 թվականի նոյեմբերի վերջին։ Իններորդ Hilux-ի ընդհանուր երկարությունը կազմում է 5320 մմ, լայնությունը՝ 1855 մմ, բարձրությունը՝ 1800 մմ, իսկ անիվների բազան՝ 3085 մմ։

Նոր մոդելը հասանելի կլինի տարբեր տեխնիկական տարբերակներով (հագեցվածությունը կտարբերվի՝ կախված շուկայից)։ Toyota Hilux-ը, ինչպես նախկինում, կհամալրվի 2,7 լիտրանոց բենզինային շարժիչով, ինչպես նաև 2,8 լիտրանոց տուրբոդիզելով (ինչպես «մաքուր», այնպես էլ հիբրիդային համակարգի կազմում)։

Հաջորդ սերնդի մոդելը կունենա նաև լիովին էլեկտրական տարբերակ՝ երկու էլեկտրաշարժիչով (յուրաքանչյուրը՝ իր առանցքի վրա), ընդհանուր 196 ձիաուժ հզորությամբ, ինչպես նաև քարշակային լիթիում- իոնային մարտկոց՝ 59,2 կՎտ⋅ժ տարողությամբ։ Մեկ լիցքավորմամբ առավելագույն ընթացքի պաշարը համեմատաբար սահմանափակ է՝ 240 կմ։ Էլեկտրական Toyota Hilux-ի արտադրությունը կմեկնարկի 2026 թվականին։

Իսկ 2028 թվականին ճապոնական ընկերությունը նախատեսում է սկսել ջրածնային վառելիքով աշխատող Toyota Hillux–ի արտադրությունը։ Գները և վաճառքի մեկնարկի օրը կհայտնվեն ավելի ուշ։