Աշխարհի խոշորագույն շուկաներից մեկը Միացյալ Նահանգներն են, և ճապոնական Toyota կորպորացիայի համար այն վաճառքի և եկամտի աղբյուրի ամենակարևոր շուկաներից մեկն է։ Հիշեցնենք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր հրամանագիր՝ բոլոր ներմուծվող թեթև մարդատար և թեթև կոմերցիոն ավտոմեքենաների, ինչպես նաև դրանց հիմնական բաղադրիչ մասերի վրա 25 տոկոսի մաքսատուրքեր սահմանելու մասին։ Սա հատկապես ազդել է այն բրենդների վրա, որոնք ԱՄՆ տարածքում սեփական արտադրություն չունեն։
Օրինակ՝ Mitsubishi Motors ընկերությունը ստիպված էր դադարեցնել նոր ավտոմեքենաների մատակարարումները այդ երկիր։ Toyota-ն ունի ամերիկյան արտադրություն, սակայն վերջերս սահմանված մաքսատուրքերը ազդեցին նաև ճապոնական կորպորացիայի վրա։ Նշենք, որ 2025 թվականի մայիսին Toyota Motor-ի հյուսիսամերիկյան գրասենյակի ղեկավար Մարկ Թեմփլինը նշել էր, որ Դոնալդ Թրամփի պլանը կհանգեցնի ավտոարտադրողների արտադրանքի գների աճի, վաճառքների ծավալների նվազման, ինչպես նաև մեքենաների սպասարկման և վերանորոգման ծախսերի ավելացման։

«Երբ խոսքը վերաբերում է պահեստամասերի մաքսատուրքերին, կարևոր է հասկանալ, որ մատակարարման շղթաները գլոբալ բնույթ ունեն, բարդ են և շատ փխրուն։ Եվ շատ մատակարարներ պատրաստ չեն մաքսատուրքերի կտրուկ բարձրացմանը», — այն ժամանակ բացատրել էր Մարկ Թեմփլինը։
Ինչպես հայտնում է Automotive News-ը, ներկայում Toyota և Lexus բրենդները պատրաստվում են գների բարձրացմանը ամերիկյան շուկայում։ Միևնույն ժամանակ ընկերությունը նշել է, որ առաջիկա գների փոփոխությունը կապված է գների պլանային ու կանոնավոր վերանայման հետ և որևէ կերպ չի առնչվում Թրամփի կողմից սահմանված 25 տոկոսանոց մաքսատուրքերին։
Գործակալության տվյալներով՝ սկսած հաջորդ ամսվանից, Toyota-ի ամբողջ ամերիկյան մոդելային շարքի գները միջինում կբարձրանան 270 դոլարով։ Գների բարձրացումից չի խուսափի նաև Lexus-ը․ այդ բրենդի մեքենաները միջինում կթանկանան մոտ 208 դոլարով։ Ակնհայտ է, որ գնաճը առավել նկատելի կլինի Toyota-ի հաճախորդների համար։

Ի դեպ, անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Toyota Prius-ը նշել է իր քառորդ դարը ԱՄՆ-ում։ Միևնույն ժամանակ 2026 մոդելային տարվա Prius-ի գինը աճել է 200 դոլարով, իսկ Toyota Prius Plug-in Hybrid-ի դեպքում՝ միանգամից 400 դոլարով։
Reuters-ի տվյալներով՝ բարձրացված մաքսատուրքերի պատճառով ծախսերի աճը զսպելու նպատակով Toyota-ն կարող է սկսել նոր RAV4 քրոսովերի արտադրությունը ԱՄՆ-ում։ Հիշեցնենք, որ նախորդ սերնդի արտադրությունը կազմակերպված էր Կանադայում, Ճապոնիայում, ինչպես նաև Ամերիկայի Քենթուքի նահանգում գտնվող գործարանում, իսկ վեցերորդ սերնդի RAV4-ի արտադրությունը նախատեսվում էր իրականացնել միայն Կանադայում և Ճապոնիայում՝ այնուհետև արտահանելով ԱՄՆ։ Սակայն այժմ, ըստ աղբյուրի, հնարավոր է, որ նոր մոդելը նույնպես արտադրվի Քենթուքիում։
Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ մի շարք այլ բրենդներ՝ այդ թվում Ford-ը, Volvo-ն և Subaru-ն, արդեն բարձրացրել են իրենց ավտոմեքենաների գները ԱՄՆ-ում, ընդ որում՝ որոշ մոդելների արժեքը միանգամից աճել է շուրջ 2000 դոլարով։
