Ամերիկյան «մկանուտ մեքենաների» մայրամուտն ու մահը (ֆոտոշարք)

Գերհզոր ճանապարհային մեքենաները, որոնք հայտնվել էին 50-ականների վերջում, պայթեցրին ամերիկյան շուկան 60-ականների երկրորդ կեսին, երբ «մկանուտ մեքենաները» (muscle cars) շատերի համար դարձան միանգամայն հասանելի երազանք։ Ցավոք, դրանց դարաշրջանը երկար չտևեց։ Փորձենք հասկանալ՝ ինչու։

Տրագեդիայի պատճառները
70-ականների սկիզբը նշանավորվեց ամերիկյան «մկանուտ մեքենաների» և հսկայական շքեղ ճանապարհային կրեյսերների Ոսկե դարաշրջանի մայրամուտով։ Վառելիքի ճգնաժամը (թեև պատճառը միայն դա չէր), բնապահպանական նորմերի խստացումը, անվտանգության պահանջների աճը և ապահովագրության վճարների կտրուկ բարձրացումը չէին կարող չազդել ամերիկյան ավտոշուկայի վրա։

Ford Torino 1969​

Գնորդներն այլևս ի վիճակի չէին շահագործել բազմալիտրանոց, շատ վառելիք սպառող մեքենաներ՝ բենզինի գների աճի ֆոնին, իսկ նոր ապահովագրական սակագները վերջնականապես խաչ քաշեցին դրանց շահութաբերության վրա։ Որոշ մոդելներ պարզապես դադարեցին գոյություն ունենալ, իսկ նոր արտադրատեսականին, որը փոխարինեց նախորդ տարիների ճանապարհային հրեշներին, 60-ականների երկրորդ կեսի լեգենդար ավտոմեքենաների միայն աղոտ ստվերն էր հիշեցնում։

Dodge Coronet 1968​

Կարելի է առանձնացնել ամերիկյան ավտոարդյունաբերության անկման մի քանի հիմնական միտումներ։ Շարժիչների հզորությունը նպատակաուղղված նվազեցվում էր՝ կոմպրեսիայի իջեցման և պակաս արդյունավետ հանգույցների (մուտքային և արտանետման կոլեկտորներ, կարբյուրատորներ, գլանների գլխիկներ) տեղադրման միջոցով։ Անվտանգության նոր ստանդարտները (Federal Motor Vehicle Safety Standards) արտադրողներից պահանջում էին տեղադրել զանգվածային բամպերներ և ուժեղացնել մեքենայի կրող կառուցվածքային տարրերը, ինչը, զանգվածի ավելացման հետևանքով, բացասաբար էր անդրադառնում դինամիկայի վրա։ Բացի այդ, 60-ականների երկրորդ կեսի բարձր հզորությամբ մեքենաներն իրենց դրսևորել էին որպես չափազանց վտանգավոր տրանսպորտային միջոցներ, ինչը անխուսափելիորեն մեծացրեց ապահովագրական վճարները։

Plymouth Belvedere 1967​

Նման իրողությունները, այսպես թե այնպես, ազդեցին ավտոշուկայի բոլոր հատվածների վրա, սակայն muscle car-երը գոյատևման շանս պարզապես չունեին։ Գնորդների մեծամասնությունը նախապատվություն էր տալիս ներքին շուկայի կոմպակտ մոդելներին, ինչպես նաև ներկրված փոքրածավալ շարժիչով մեքենաներին, որոնք տնտեսական ցուցանիշներով շատ ավելի շահավետ էին, քան ամերիկյանները։

«Մեծ եռյակի» արձագանքը և իրավիճակի բարդացումը

Անկման առաջին նշաններից կարելի է համարել այն, որ 1971 թվականին General Motors-ը և Chrysler Corp.-ը սկսեցին իրենց՝ նախկին տարիներից հայտնի շարժիչները հարմարեցնել ավելի ցածր օկտանային թվով բենզինի օգտագործման համար։ Նույն տարում GM-ը կտրուկ փոխեց իր գովազդային քաղաքականությունը․ նախկինում միտումնավոր չափազանցված շարժիչային ցուցանիշները փոխարինվեցին ավելի թույլ շարժիչների համար իրականությանը առավել մոտ հզորության և պտտող մոմենտի թվերով։

1969 թ-ի Chevrolet Camaro Yenko-ի շարժիչը՝ 427 ձիաուժ հզորությամբ

1972 թ․-ին «Մեծ եռյակը» ամբողջությամբ անցավ ցածր օկտանային բենզինի օգտագործման։ Իսկ 1973 թվականին Նավթի արտահանող երկրների կազմակերպությունը (OPEC) կտրուկ կրճատեց ԱՄՆ մատակարարվող նավթի ծավալները, ինչը հանգեցրեց երկրում լիարժեք էներգետիկ ճգնաժամի։ Այդ պահից սկսած, ամերիկյան հասարակությանը այլևս բացարձակապես չէր հետաքրքրում muscle car-երի թեման։ Ամերիկյան հզորության դագաղի վերջին մեխը դարձավ 1978 թվականի օրենքը, որը սահմանում էր սերիական ավտոմեքենաների համար վառելիքի միջին ծախսի առավելագույն թույլատրելի նորմաներ (CAFE)։

Հեռացան՝ առանց վերադարձի
Ինչպե՞ս դա անմիջականորեն անդրադարձավ Դեթրոյթի ավտոհսկաների մոդելային շարքի վրա։ 1975 թվականին բեմից հեռացան մեծածավալ շարժիչներներով (big-block) մեքենաների մեծ մասը, մոռացության տրվեցին նախկին տարիների այնպիսի լեգենդներ, ինչպիսիք էին Buick GS, Chevrolet Chevelle SS-ը, Dodge Charger R/T-ն, Dodge Super Bee-ն, Ford Torino Cobra-ն, Mercury Cyclone Spoiler և Plymouth GTX-ը։ Pontiac GTO-ն նույնպես չկարողացավ փրկվել ճգնաժամից․ լեգենդար muscle car-ը վերածվեց Pontiac Ventura-ի մի փոքր ավելի թանկ կոմպլեկտացիայի, իսկ ավելի ուշ ընդհանրապես հանվեց GM-ի մոդելային շարքից։ 1975 թվականի Plymouth Road Runner-ը դարձավ չափազանց անշուք և քիչ ընդհանրություն ուներ 1968 թվականի ճանապարհային հրեշի հետ։

Plymouth Road Runner​

Փրկվածները
«Փոնի-քար» սեգմենտում (այդպես էին անվանում այն ամերիկյան մեքենաներին, որոնք ունեին սպորտային տեսք և դիզայն, բայց համեմատաբար թույլ շարժիչներ) 1974 թվականից հետո պահպանվեցին միայն երկրորդ սերնդի Chevrolet Camaro-ն, Pontiac Firebird-ը և Ford Mustang-ը։ 1971–1973 թթ․ Mustang-ը զգալիորեն ծանրացավ, իսկ հետագայում ենթարկվեց կտրուկ ռեբրենդինգի՝ սահելով դեպի տնտեսող կոմպակտ ավտոմեքենաների սեգմենտ՝ շքեղության որոշ երանգով։ Ford-ը փորձեց ինչ-որ կերպ շտկել իրավիճակը՝ առաջարկելով 5 լիտրանոց 302 շարժիչով տարբերակը, սակայն դա չտվեց սպասված արդյունքը։

Սակայն ամեն ինչ այդքան էլ վատ չէր 70-ականների կեսերին։ Շուկայի ճնշող միտումներին հակառակ՝ հայտնվում էին համեմատաբար հզոր մոդելներ՝ փոքրածավալ (smal-block) շարժիչներով։ Այդ շարժիչների հզորությունը, իհարկե, այլևս նախկինի նման տպավորիչ չէր, սակայն դրանք տեղադրվում էին ավտոմեքենաների վրա, որոնք զգալիորեն ավելի էժան էին, քան 60-ականների միջին չափսերի muscle car-երը։

Օրինակ՝ 1971–1973 թվականներին արտադրված Plymouth Duster 340-ը, Dodge Demon-ը և Dodge Dart Sport 340-ը հագեցած էին 5.5 լիտրանոց շարժիչներով, որոնցից ստեղծվում էր 240 ձիաուժ, և այդ մոդելներն ունեին բավականին ագրեսիվ դիզայն։

Dodge Demon 1972

Dodge Dart Sport 340

Զարմանալի է, բայց 1973–1974 թվականներին Pontiac Firebird-ը, իր ամենահզոր 6.6 լիտր ծավալով Trans Am 400 շարժիչով համալրված տարբերակով, բավական հաջող վաճառքներ ուներ՝ չնայած երկրում առկա ճգնաժամին։ Այս հաջողության հիմնական պատճառներից մեկը շուկայում մրցակցության բացակայությունն էր, սակայն դա միանշանակ վկայում էր, որ «մկանուտ մեքենաների» հանդեպ հետաքրքրությունը դեռևս չէր մարել, հատկապես եթե հզորությունը համատեղվում էր մեքենայի հեշտ կառավարելի լինելու հետ։ Իսկ Trans Am-ը հենց այդպիսին էր, ինչը բնորոշ չէր դասական muscle car-երին։

Pontiac Firebird, 1973

GM-ը այս դասը լավագույնս յուրացրեց և 1977 թվականին վերակենդանացրեց Chevrolet Camaro Z-28-ը, որի դեպքում նույնպես մեծ ուշադրություն էր դարձվել նաև մեքենայի կառավարելիության վրա։

Chevrolet Camaro z28​

Առաջին և երկրորդ ճգնաժամերի միջև

Այնուամենայնիվ, ամերիկյան տնտեսությունը որոշ ժամանակ անց վերականգնվեց վառելիքային ճգնաժամից, և 1980 թվականին շատերին թվում էր, թե Դեթրոյթը արդեն հարմարվել է նոր օրենսդրական պայմաններին և 60-ականների շքեղ ժամանակները կարող են վերադառնալ։ 1979 թվականին հայտնվեցին Fox-body Mustang-ը և Mercury Capri-ն։ Դրանք ներկայացնում էին Ford ընկերության «փոնի-քար» մոդելների նոր գաղափարախոսությունը, որը բավարարում էր շատ տարբեր հաճախորդների պահանջները։ Այդ մեքենաները տնտեսող էին, համեմատաբար լավ էին արագանում և հեշտ կառավարվող էին։

Ասում են՝ Mustang-ը իր չորսմխոցանի տուրբոշարժիչով 0-ից 100 կմ/ժ հավաքում էր ընդամենը 8.7 վայրկյանում։ Կառուցվածքային առումով հնարավոր էր նաև 5 լիտրանոց V8 շարժիչի տեղադրում, սակայն այդ ծանր երկաթաձույլ շարժիչը, որն ուներ ընդամենը 140 ձիաուժ հզորություն, որևէ լուրջ դինամիկայի մասին խոսելու հնարավորություն չէր տալիս։ Նույն տարվա գարնանը սկսվեց հեղուկ վառելիքի ճգնաժամի երկրորդ ալիքը, և նույնիսկ անցյալի լեգենդների այս համեստ նմանակումները շուկայում իրենց տեղը չգտան։

Ford Fox-body Mustang

Mercury Capri

Ի՞նչ ստացվեց արդյունքում
Իմ կարծիքով՝ Camaro Z-28-ը և Firebird Trans Am-ը վերջին իսկական muscle car-երն էին։ Դրանից հետո Դեթրոյթի արտադրական գծերից դուրս եկած ամեն ինչ արդեն այլ փիլիսոփայության արդյունք էր՝ ստեղծված այլ նպատակների և այլ մարդկանց համար։ Չափազանց թուլացված big-block շարժիչները դեռ շարունակում էին տեղադրվել շքեղ կուպեների, սեդանների, պիկապների ու ամենագնացների վրա։ Բայց դա արդեն միանգամայն այլ պատմություն է։

80-ականներին ձևավորված տնտեսական իրողություններում գնորդին վառելիքի ծախսը ավելի շատ էր հետաքրքրում, քան խաչմերուկի լուսացույցի տակ ինչ-որ մեկին զարմացնելու հնարավորությունը։ Այդպիսով, արդարացիորեն «մկանուտ մեքենա» պատվավոր կոչմանն արժանացած ամերիկյան գերհզոր ավտոմեքենաների սեգմենտը վերջնականապես դարձավ պատմության մաս։

Հեղինակ՝ Վլադիմիր Հովհաննիսյան