Toyota Corolla-ի պատմությունը սկսվել է դեռևս 1966 թվականին, և այդ ընթացքում այն հասցրել է փոխել բազմաթիվ սերունդներ։ Ներկայումս թողարկվող գլոբալ մոդելը՝ տասներկուերորդ սերունդը (E210 ինդեքսով), ներկայացվել է 2018 թվականին, իսկ 2022-ին այն անցել է պլանային արդիականացում՝ ռեսթայլինգ։ Չինաստանում այս սեդանի արտադրությունը կազմակերպված է FAW Toyota համատեղ ձեռնարկության հզորություններում։
Այժմ FAW Toyota-ն պատրաստվում է ներկայացնել թարմացված Corolla-ն․ նորացված սեդանի առաջին «կենդանի» լուսանկարները, ինչպես նաև մի շարք տեխնիկական մանրամասներ, հրապարակվել են Չինաստանի արդյունաբերության նախարարության բազայում։ Թարմացված սեդանի ընդհանուր երկարությունը կազմում է 4710 մմ (75 մմ-ով ավելի ներկայիս տեղական տարբերակից), նույնը մնացել են լայնությունը՝ 1780 մմ և բարձրությունը՝ 1435 մմ, իսկ անվաբազայի երկարությունը հասել է 2750 մմ-ի (50 մմ-ով ավելի):

Դատելով լուսանկարներից՝ Չինաստանի համար թարմացված Toyota Corolla-ի առջևի հատվածը ձևավորված է բրենդի արդի ոճով, որը արդեն կիրառվել է Crown ընտանիքի մոդելների, RAV4 քրոսովերի և վերջերս էլ՝ Aqua հեթչբեքի վրա։ Խոսքը բարդ ձև ունեցող հիմնական օպտիկայի մասին է, որի լուսարձակները միացված են իրար լուսավոր գծով։ Վերին մասում տեղադրված է ապրանքանիշի լոգոն, ներքևում՝ սև հորիզոնական գծապատկերով օդամուտքը։ Վերջինից վերև կողմերով ձգվում են «ճյուղեր»՝ հակամառախուղային լույսերով։
Կողային և հետևի հատվածը մնացել են նույնը։ Մաքուր բենզինային և հիբրիդային տարբերակները, ինչպես նախկինում, տարբերակվելու են միայն համապատասխան տարբերանշաններով։ Մոդելին կտրամադրվեն 16 և 17 դյույմանոց անիվային սկավառակներ (կախված կոմպլեկտացիայից)։ Նորացված սեդանի ինտերիերի լուսանկարներ առայժմ չկան։

Չինաստանի արդյունաբերության նախարարության տվյալների համաձայն՝ թարմացված Corolla-ի գամմայում կհայտնվի 2,0 լիտր աշխատանքային ծավալով մթնոլորտային շարժիչ, որի առավելագույն հզորությունը 171 ձիաուժ է։ Ի դեպ, այս շարժիչը ներկայումս առաջարկվում է Toyota Allion մոդելի համար (որն այս շուկայում Corolla-ի տեղական տարբերակն է և արտադրվում է FAW Toyota համատեղ ձեռնարկության հզորություններով)։ Բացի այդ, ռեսթայլինգի ենթարկված մոդելում կպահպանվի հիբրիդային համակարգը, որի հիմքում 1,8 լիտրանոց մթնոլորտային շարժիչն է՝ զուգակցված էլեկտրամեխանիկական վարիատորի հետ (137 ձիաուժ)։
Նշենք, որ ներկայիս Toyota Corolla-ն Չինաստանում հասանելի է նաև 1,2 և 1,5 լիտրանոց բենզինային շարժիչներով տարբերակներով, որոնց առավելագույն հզորությունը կազմում է համապատասխանաբար 116 և 121 ձիաուժ։ Գործող սեդանի գինը տատանվում է 116 800–155 800 յուանի սահմաններում (որը համարժեք է 16 360–21 850 ԱՄՆ դոլարի)։