Jeep Recon նոր ամենագնացը․ բրուտալ, ճարպիկ, բայց միայն էլէկտրական (ֆոտոշարք)

Jeep-ը, որը պատկանում է ավտոգիգանտ Stellantis-ին, դեռ 2022 թվականի սեպտեմբերին ցուցադրել էր իր «արկածասեր» ամենագնացի պրոտոտիպը՝ Recon անունով։ Այն ժամանակ ընկերությունը անմիջապես հայտարարել էր, որ մեքենան ստանալու է բացառապես էլեկտրական հզորություններ, քանի որ մոդելը նախատեսված էր որպես Jeep Wrangler-ի «կանաչ» այլընտրանքը։

Եվ, չնայած, բազմաթիվ ավտոարտադրողներ, այդ թվում Stellantis-ը, հասկացել են, որ գլոբալ ավտոշուկայում էլեկտրոմոբիլները այսօր չունեն այն ահռելի պահանջարկը, որը կանխատեսվում էր տարիներ առաջ, այնուամենայնիվ, այսօր առաջին անգամ ցուցադրված Jeep Recon ամենագնացը պահպանել է ամբողջովին էլեկտրական լինելու խոստումը։

Սերիական Jeep Recon-ի արտաքին տեսքը գրեթե չի տարբերվում պրոտոտիպի էքստերիերից։ Ամենագնացը պահպանել է դասական ձևերը, ստացել է LED օպտիկա U-աձև լույսերով, իսկ լուսարձակների միջև տեղակայված են Jeep բրենդին բնորոշ լուսավորված ուրվագծով յոթ բլոկները։ Մոդելը ստացել է զանգվածային պլաստիկային պաշտպանիչ փաթեթ ամբողջ թափքի շուրջ, ներառյալ քառակյունացված ծածկույթները անիվների կամարների վրա։

Առջևի բամպերի ստորին մասում տեղադրված է համեմատաբար փոքր օդանցքը՝ վանդակավոր ձևավորմամբ, իսկ դրա կողքերին գտնվում են վառ գույնի քարշակման ձողերն ու մառախուղային լույսերը։ Տանիքի վրա տեղադրված են լիարժեք ռեյլինգներ, իսկ բեռնախցիկի դռանը ամրացված է պահեստային անիվը։ Ներկայացված Moab կոմպլեկտացիան ստացել է սև գույնի անվասկավառակներ՝ 33 դյույմանոց ամենագնացի անվադողերով։ Հետնամասը զարդարված է ուղղանկյուն ձևի լուսավորիչներով՝ բարդ լուսային գծագրով։

Jeep Recon-ի բարձրությունը կազմում է 239 մմ։ Համեմատության համար՝ ներկայիս Jeep Wrangler մոդելում այդ ցուցանիշը տատանվում է 246-ից մինչև 328 մմ՝ կախված տարբերակից։
Առջևի բեռնախցիկի տարողությունը կազմում է 85 լ, հետևի բեռնախցիկինը՝ 858 լ, իսկ երկրորդ շարքի նստատեղերը ծալելու դեպքում բեռնատար տարածքը մեծանում է մինչև 1866 լ։

Նոր ամենագնացի դռները ստացել են մոդուլային վահանակներ՝ հեռացվող էլաստիկ գոտիներով, իսկ տանիքի վրա տեղադրված է երկհարթություն ունեցող լյուկ, որը հավելավճարով կարելի է փոխարինել Sky One-Touch համակարգով (սա էլեկտրական սահող տանիք է)։ Սրահում վարորդի առջև գտնվում է երկգույն կաշվով երեսապատված եռաթև ղեկ, որն ունի ութանկյունի ձև։

Հինգտեղանի էլեկտրամոբիլի առջևի վահանակի վրա տեղադրված է 12,3 դյույմանոց վիրտուալ գործիքային վահանակ, իսկ կենտրոնական մասում՝ Uconnect 5 մուլտիմեդիա համակարգի 14,5 դյույմանոց էկրան։ Ներքևում նաև տեղադրված է սմարթֆոնների անլար լիցքավորման հանգույց։

Նոր ամենագնացի հիմքում դրված է մոդուլային STLA Large հարթակը, որը նրան մոտեցնում է 2024-ի գարնանը ներկայացված Wagoneer S մոդելին։ Jeep Recon-ը առայժմ ներկայացվել է միակ ամբողջական լիաքարշակ տարբերակով՝ Moab։ Այս ամենագնացը հագեցած է երկշարժիչային համակարգով (մեկ էլեկտրաշարժիչ յուրաքանչյուր առանցքի վրա), որի ընդհանուր հզորությունը կազմում է 659 ձ.ուժ, իսկ առավելագույն պտտող մոմենտը՝ 840 Նմ։ Տեղից մինչև 100 կմ/ժ արագացում հասնելու համար այս մոդելին անհրաժեշտ է 3,7 վայրկյան։

Մարտկոցի տարողությունը կազմում է 100 կՎտ/ժ, իսկ մեկ լիցքավորմամբ առավելագույն ընթացքը՝ 402 կմ (EPA ցիկլով)։

Ամենագնացի արտադրությունը կսկսվի 2026 թվականի սկզբին Մեքսիկայի Տոլուկա քաղաքի գործարանում։ Jeep Recon Moab-ի գինը ԱՄՆ շուկայում արդեն հայտնի է․ դրա համար պահանջում են առնվազն 65 000 դոլար։