CX-5 ամենահայտնի մոդելի նոր սերունդը եվրոպական շուկայում կհայտնվի մինչև 2025 թվականի ավարտը։ Սա մեքենայի առաջին մեծ փոփոխությունն է վերջին տասը տարվա ընթացքում։
Ավտոմեքենան ստացել է փոփոխված հարթակ, հիբրիդային ուժային համակարգ, ավելի ընդարձակ սրահ և թվային լուծումների ընդլայնված փաթեթ։
Mazda CX-5-ը ստացել է Kodo Design ոճին համապատասխան արտաքին տեսք։ Նոր տարբերակը պահպանել է ճանաչելի ուրվագիծը, սակայն դարձել ավելի արտահայտիչ։ Անվային հենքի երկարությունն աճել է 115 մմ-ով՝ հասնելով 2815 մմ-ի։ Նոր մոդելի երկարությունը կազմում է 4690 մմ (նախորդ սերնդի համեմատ՝ +140 մմ), լայնությունը՝ 1860 մմ (+20 մմ), իսկ բարձրությունը՝ 1695 մմ (+5 մմ)։

Չափսերի մեծացումը ոչ միայն փոխել է թափքի համամասնությունները, այլև բերել է գործնական բարելավումներ։ Մասնավորապես, դռների բացվածքները դարձել են ավելի լայն, ինչը հեշտացրել է ուղևորների մուտքն ու ելքը, հատկապես երկրորդ շարքում։ Սա նախորդ սերնդի մասին ամենատարածված բողոքներից մեկն էր։
Ընկերությունն ընդգծել է, որ CX-5-ը այժմ առաջարկում է իր դասում ամենաընդարձակ հետևի նստատեղերից մեկը։ Փոփոխություններ են կատարվել նաև բեռնախցում. հետևի դուռը դարձել է մի փոքր ավելի լայն և 1,3 սմ-ով ավելի ցածր, ինչը հեշտացնում է բեռների տեղադրումը։ Ինքը՝ բեռնախցիկը, այժմ 5 սմ-ով ավելի երկար է և 2,5 սմ-ով ավելի բարձր։
Առջևի հատվածը տարբերվում է յուրահատուկ ռադիատորի քողարկիչով և բազմաշերտ լուսարձակներով։ Mazda-ն խոստանում է, որ այս նոր դիզայնը կօգտագործվի նաև այլ մոդելների վրա։ Ընկերության ֆիրմային Wing ոճի ռադիատորի ցանցն այժմ դարձել է ավելի սուր։ Գնորդները կարող են ընտրել 19 դյույմանոց հատուկ ձևավորման անվահեծեր՝ թոփ կոմպլեկտացիայում։

Հետևի մասի ձևավորումը ստացել է տարրեր, որոնք հիշեցնում են CX-90 քրոսովերը։ Հետևում հայտնվել է նորաոճ MAZDA գրառումը խոշոր տառերով, որը տեղադրված է բեռնախցիկի կափարիչի վրա, իսկ հետևի լույսերն ունեն ավելի սուր ձևավորում։
CX-5-ը այժմ ունի զուսպ, բայց տեխնոլոգիական տեսք։ Բրենդի ներկայացուցիչների խոսքով՝ «նոր սերունդը չի ձգտում տեսողական հեղափոխության, այլ կենտրոնանում է մտածված էվոլյուցիայի և ճանաչելի գծերի կատարելագործման վրա»։ Ի դեպ, առաջատար Soul Red Crystal Metallic գույնը պահպանվել է գունապնակում։
Mazda CX-5-ի նոր սերնդում ամենատեսանելի փոփոխությունները տեղի են ունեցել սրահում։ Ինտերիերի կենտրոնական տարրը 15,6 դյույմ անկյունագծով մեծացված սենսորային էկրանն է, որը պատկանում է մուլտիմեդիա համակարգին։ Սա Mazda-ի բոլոր մոդելների շարքում ամենամեծ էկրանն է այս պահին։ Այն աշխատում է Google Built-In հարթակի վրա և ապահովում է Google-ի հիմնական ծառայությունները, ներառյալ՝ Google Assistant ձայնային օգնականը, Google Maps նավիգացիան, ինչպես նաև մեքենայի տարբեր ֆունկցիաների կառավարումը ձայնային հրահանգներով։

Ինտերիերում կարևոր նորամուծություն է դարձել պանորամային տանիքի բացվող հատվածը, որն ապահովում է ավելի շատ բնական լույս և վիզուալ մեծացնում է սրահի տարածքը։ Բացի այդ, սրահում ավելացել է կարգավորվող լուսավորություն յոթ գունային տարբերակներով, սկսած չեզոք երանգներից մինչև ավելի հագեցած գույներ։
Նոր CX-5-ը համալրվել է վարորդին օգնող համակարգերի ընդլայնված փաթեթով։ Դրանց կազմում են էլեկտրոնային օգնականներ՝ Mazda-ի նորագույն սերնդի խելացի անվտանգության համակարգի հնարավորություններով։ Այժմ ամբողջական ցուցակը դեռևս չի բացահայտվել։
Mazda CX-5-ը կդառնա բրենդի առաջին մոդելը, որը կստանա նոր Skyactiv-Z հիբրիդային ուժային համակարգը, որն արտադրվել է Mazda-ի ինժեներների կողմից։ Ի տարբերություն ավելի վաղ ներկայացված CX-50 Hybrid մոդելի, որը օգտագործում է Toyota-ի հիբրիդային տեխնոլոգիան և արտադրվում է ԱՄՆ-ի Ալաբամա նահանգում գտնվող համատեղ գործարանում, այս նոր շարժիչային համակարգը Mazda-ի սեփական մշակումն է։

Skyactiv-Z համակարգի տեխնիկական բնութագրերը դեռ չեն հրապարակվում, սակայն Mazda-ում վստահեցնում են, որ նոր 2,5 լիտրանոց հիբրիդային շարժիչը լիարժեք կփոխարինի արտադրությունից հանված տուրբո֊Skyactiv-G շարժիչին։ Հիմնական շեշտը դրվել է վառելիքի խնայողականության և դինամիկայի համադրման վրա։
CX-5-ի բազային տարբերակը, ինչպես նախկինում, կհամալրվի 2,5 լիտրանոց մթնոլորտային բենզինային շարժիչով՝ 187 ձիաուժ հզորությամբ։ Բացի այդ, այժմ մոդելի բոլոր տարբերակները, որպես ստանդարտ օպցիա, կունենան i-ACTIV լիաքարշակ համակարգ․ առաջնաքարշակ տարբերակները լիովին հանվել են մոդելային գծից։ Փոխանցման տուփը մնացել է նույնը՝ 6-աստիճան ավտոմատ։

